Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տեսականում, այո՛, կարող է Թեհրան-Երևան-Մոսկվա ձևաչափ ստեղծվել, բայց միայն տեսականում. գործնականում ՌԴ-ն ամեն կերպ սիրաշահում է Թուրքիային. քաղաքագետ

Տեսականում, այո՛, կարող է Թեհրան-Երևան-Մոսկվա ձևաչափ ստեղծվել, որն ունակ կլինի Հարավային Կովկասում զսպիչ գործոն հանդիսանալ թուրք-ադրբեջանական տանդեմին, բայց, ցավոք, Ռուսաստանում այժմ իշխանության է մի վարչախումբ, որը Թուրքիային համարում է իր համար շատ կարևոր դաշնակից։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ իրանական «Շարղ» օրաթերթին այս թեմայով տված հարցազրույցին։

«Ռուս-թուրքական հարաբերությունները վերջին հարյուր տարվա ընթացքում երբեք այնքան մերձ չեն եղել, որքան այժմ, և այս փուլում ռուս-իրանական դաշինքը միայն տեսականորեն կարող է գոյություն ունենալ։ Իսկ գործնականում տեսնում ենք, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է սիրաշահել և իր կողմը գրավել Թուրքիային։

Երկու երկրները շատ հարցերում լրջորեն համագործակցում են միմյանց հետ, ավելին՝ Ռուսաստանի թեթև ձեռքով և թողտվությամբ Թուրքիան ավելի ուժեղացրեց իր դիրքերը Հարավային Կովկասում։

Մենք գիտենք, որ Աղդամում  գործում է Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ մոնիթորինգային կենտրոնը, և Թուրքիան այնտեղ հայտնվել 44-օրյա պատերազմից հետո »,- ասաց Արմեն Վարդանյանը։

Քաղաքագետի խոսքով՝ այս պահին Ռուսաստանի գլխավոր նպատակներից մեկն է Թուրքիային դուրս բերել ՆԱՏՕ-ից, գրավել իր կողմ՝ դարձնելով իր լիարժեք դաշնակիցը։

Միաժամանակ, ըստ Վարդանյանի, որքան էլ Ռուսաստանը ցանկանում է սերտացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, բայց դա երբեք չի անի՝ ի հահակշիռ Իրանի։

«Ռուսաստանը փորձում է Թուրքիային կտրել Արևմուտքից, բայց, կրկնում եմ, ոչ ի հակակշիռ Իրանի, այլ ի հակակշիռ Արևմուտքի»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ իրանական «Շարղ» օրաթերթում լույս է տեսել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանն ուշադրություն է դարձրել հատկապես անվտանգային խնդիրներին՝ խոսելով Հայաստան-Իրան հարաբերություններին հենց անվտանգության ոլորտում նոր որակ հաղորդելուն միտված այնպիսի քայլերի մասին, ինչպիսիք են ռազմական գործակցությունը ռազմաուսումնական ծրագրերի և համատեղ զորավարժությունների իրականացման միջոցով, ինչպես նաև հակաահաբեկչական պայքարը։

«Նշվել է նաև, որ հայ և իրանցի ազգերի բարեկամական համակեցությունն ունի հազարամյակների պատմություն, և այդ ավանդույթն անսասան կերպով պետք է շարունակվի նաև այսօր՝ հատկապես, երբ մեր երկու ազգերն ու պետություններն առերսվում են միանման, իսկ հաճախ միևնույն մարտահրավերների հետ։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև Թեհրան-Երևան-Մոսկվա եռակողմ ձևաչափը գործնականում կայացնելուն, ինչը նշանակալի գործոն կլինի Հարավային Կովկասը թշնամական նկրտումներից պաշտպանելու առումով»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Ոսկանյանը։