Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Խաղաղության ճախարակ պտտեցնող պատանի փոխարտգործնախարարը

Քաղաքականության մեջ, հատկապես երբ հավերժական թշնամի ու քեզ հոշոտելու պատրաստ հարեւաններ ունես, շատ կարեւոր է, թե պետական ֆիգուրներդ ովքեր են: Արտաքինն էլ է անչափ կարեւոր, շարժուձեւը, դեմքի արտահայտությունը, միմիկաները, հայացքը, բառապաշարը, դիմացինի հետ շփվելու ունակությունը:

Հապա մի Իրանի, Թուրքիայի, տո հենց Ադրբեջանի արտաքին քաղաքականություն վարող ֆիգուրներին նայեք:

Քաղաքական գործիչը, մանավանդ նա, ով արտաքին հարաբերություններ է վարում, պետք է ազդեցիկ դեմք լինի, դիմացինի հոգեբանության, տրամադրության  վրա ներգործելու հատկություն ունենա:

Վահան Կոստանյան. համացանցում իր անլուրջ, զավեշտալի լուսանկարներով հայտնի այս երիտասարդը ներկայացնում է  ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, հանդիպումներ է ունենում օտարազգի պաշտոնյաների հետ, դիվանագիտական հարաբերություններ վարում, երկրի համար կարեւոր պայմանավորվածությունների մասին խոսում:

Մի քանի օր առաջ պատանեկան արտաքինով, բայց մորուք պահող ու վերջին 6 տարում համենայնդեպս արտաքնապես անփոփոխ մնացած այս երիտասարդը Կոմիտասի թանգարան ինստիտուտում ասաց՝   ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ՝ Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում:

Տառաճանաչ ցանկացած ոք այս նախադասությունը երկու անգամ կարդալով՝ երրորդ անգամ կարող է անգիր ասել: Կասկած չկա:

Իսկ Հայաստանի Հանրապետությունը արտաքին աշխարհին ներկայացնող փոխարտգործնախարարը 10-12 նախադասությունը, այդ թվում՝ վերոնշյալը, ամբողջությամբ կարդաց թղթից՝ մի կերպ:

Սա արհամարհանք է ասուլիսին ներկա բոլորիս նկատմամբ, այդ թվում՝ լրատվամիջոցների, որոնք իրադարձությունը լուսաբանելիս գոնե մի փոքրիկ կտոր էլ պետք է ներառեն փոխնախարարի խոսքից: Բայց հարց է՝ ո՞ր կտորը, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան Կոմիտասի մասին բոլորիս հայտնի տեղեկությունները կմկմալով կարդում է  թղթից:

Այս խայտառակությունը փաստում է, որ վերեւներում թքած ունեն ներքեւների ու առհասարակ բոլոր օղակների, բոլորի  վրա:

Ես եմ, ուզում եմ, կարդում եմ, գոհ եղեք, որ բանուգործ թողած՝ Կոմիտասին նվիրված ասուլիսի եմ եկել:

Սա դեռ ոչինչ, հապա ամբիցիանե՜րը, դեմքի քար անտարբերությամբ՝ Արցախի ոտնատակ եղող ու ոչնչացվող հուշարձանների մասին հարցի պատասխա՜նը:

Տարօրինակ չի, չէ՞, երբ Հայաստանի փոխարտգործնախարարին  լրագրողը հարց է տալիս, թե ինչ է անում գերատսչությունը օկուպացված ու հայաթափված Արցախի պատմամշակութային կոթողներն ադրբեջանցիներից պաշտպանելու համար:

Բացակա հայացքով փոխնախարարին չարժե՞ հիշեցնել, որ փեշերը քշտած՝ դեպի Հայաստանի ղեկը վազող իշխանությունը 2021 թվականի նախընտրական ծրագրում հատուկ Արցախի պաշտպանությանը վերաբերող դրույթ ուներ: Արցախը չպահեց, Արցախի եկեղեցիներն ու կոթողները պահելու համար գործնականում շոշափելի ի՞նչ է արել:
Ոչինչ:

Պատանեկան դեմքով, բայց չգիտես ոնց մորուք պահող փոխնախարարին զայրացնում են այսպիսի հարցերը: Իսկ պատասխանը մեկն է ու անփոխարինելի՝ հարցը մնում է մեր օրակարգում:

Վերջ: Սա կաշվից դուրս գալու արդյունքում առավելագույն պատասխանն է:   
Նույն փոխնախարարը,  նույն օրը Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հյուրն էր: Պետրոսի աչքերը րոպեն մեկ կլորանում էին ու համարյա դուրս գալիս ակնակապիճներից՝ լսելով արտաքին հարաբերությունների գերատեսչության  պաշտոնյայի ոչինչ չասող, անգիր արած, անատամ ու անդեմ պատասխանները՝ մենք մնում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ:

Ադրբեջանը ականապատ տարածքների քարտեզների համար փոխանակ շնորհակալություն հայտներ, ագրեսիվ, արհամարհական պատասխան հղեց. մենք մնում ենք խաղաղության օրակարագին հավատարիմ:

Մենք ռազմագերիներ ունենք, ի՞նչ նոր պայմանավորվածությունների մասին կարող է խոսք լինել. մենք մնում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ:
Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» է ուզում. մենք մնում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ:

Միջիցդ կիսվիր, պատառ-պատառ եղիր. պատանեկան դեմքով, բայց չգիտես ոնց մորուք ունեցող երիտասարդն անվրդով՝ խաղաղության ճախարակն է պտտեցնում:   

ՆԱԻՐ ՅԱՆ