Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

«Ես դատը շահել եմ, քանի որ ոչ թե վիրավորել, այլ որակում եմ տվել  նրանց արարքներին». ՎԱՀԵ ԴԱՐԲԻՆՅԱՆ

1991 թվականից Հայաստանում հիմնադրված Ռամկավար Ազատական կուսակցության ֆրակցիան նորանկախ Հայաստանի խորհրդարանում 30 տոկոս էր կազմում եւ ծանրակշիռ ներկայություն ուներ երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալ-հասարակական կյանքում:

Սփյուռքում գործող Ռամկավար Ազատական կուսակցության հետ գործակցելով՝ քաղաքական այս ուժն իր ռեսուրսներով նաեւ օգնում էր ոտքի կանգնել պատմական մեծ շրջափուլ անցնող մեր հայրենիքին:

Սակայն տասնամյակների ընթացքում ներկուսակցական տարաձայնությունները, հիմնադիր անդամներից ձերբազատվելու ոմանց անձնական նկրտումներն ու շահադիտական նպատակները, ինչպես եւ սպասելի էր, բարի հանգրվանի չեն հասցրել ՌԱԿ-ին:
Այդ պատճառով էլ 2023 թվականին ստեղծվեց Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունը, որի  հիմնադիր համագումարը կայացավ ապրիլի 25-ին, Երեւանում:

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիրներն ստիպված էին առանձնանալ  իրենց իսկ ստեղծած քաղաքական կառույցից ու հիմնել նոր կուսակցություն, որի հիմնադիր համագումարի անցկացումը, որքան էլ զարմանալի է, կասկածի տակ է առել պառակտում ու ինտրիգներ հրահրող Հրաչյա Կարապետյանը՝ ՀՌԱԿ-ի ատենապետը:

Հիմնադիր համագումարը նկարահանվել է, այն լուսաբանել են լրատվամիջոցները, այնպես որ, անլուրջ է կասկածել, թե նորասատեղծ Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր մասին չի հայտարարել եւ ընդունված կարգով  չի ներկայացել հանրությանը: Տեսանյութերը համացանցում կան, դրանցից մեկն էլ այս հղումով է՝ https://www.youtube.com/watch?v=qOIRPt4lWt4&ab–channel=Azg

Սակայն անառողջ վերաբերմունքը թշնամանքի է հասել. ՀՌԱԿ-ի ներկայացուցիչներ Կարեն Կակոյանն ու Վարդան Նազիրյանը դատի են տվել Հայ Ազգային Ռամկավար կուսակցության ատենապետ Վահե Դարբինյանին սոցցանցերի նրանց գրառումների տակ վերջինիս թողած մեկնաբանությունների համար:

Ձգձգվող դատավարությունն, ի վերջո, ավարտվել է Վահե Դարբինյանի հաղթանակով:
Հայցվոր կողմի փաստաբանը ոչ մի անգամ չի ներկայացել դատարան՝ քաջ իմանալով, որ սա այն դեպքը չէ, որ թեկուզ 10 տոկոսով հնարավոր լինի դատը շահել:

ՀՀ քաղաքացին իր կարծիքն է հայտնել սոցցանցերով իր գրառման տակ, ազատորեն արտահայտել իր խոսքը, որն անձնական վիրավորանք չի պարունակել: Այստեղ դատապարտելի ոչինչ չկա:

Հայցվորի դատապաշտպանն ինչի՞ց կառչեր: Փաստաբանի իր հեղինակությունը պաշտպանելու համար նա նախընտրել է դատարան չներկայանալ, ինչի արդյունքում գործը կարճվել է՝ հօգուտ «մեղադրյալ» Վահե Դարբինյանի:

Մանրամասները՝ տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=p4b0wtV1EZg