Այսօր էլ փաստվեց, որ մեր այս շարժումը չի կարող կանգնել. Այս շարժումը բացառապես հայկական ու համաժողովրդական է առանց որեւէ դրսի երկրի աջակցության: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Անդրադառնալով նրան, որ ընդդիմության ակցիաները գնալով ավելի սակավամարդ են դառնում, նա ասաց. «Եթե առաջնորդվենք իրենց մամուլի կեղծ տվյալներով, կարող ենք համարել, որ շատ սակավամարդ է, բայց իրականությունը դուք ամեն օր տեսնում եք: Օրինակ, երբ մենք առաջվոտյան հավաք ենք անում, մեր առջեւ խնդիր դրված չէ բազմամարդ հանրհավաքով գնալ ու էդ ակցիան անել; Բայց երբ կա հանրահավաք, կա երթ, դուք տեսնում եք, թե ինչ ծավալի մասնակցություն է ունենում մեր ժողովուրդը»:
Նա տեղեկացրեց, որ ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ են շարժմանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ. «Հիմա ակտիվ քննարկումների մեջ ենք տարբեր ուժերի, անհատների հետ: Որեւէ պարագայում նահանջ, հետքայլ չի լինելու: Մեր բոլոր քննարկումները մի բանի շուրջ են, ինչպես անենք, որ շարժումն ավելի ընդլայնենք, նոր թափ տանք, շտկենք թերությունները եւ ավելի մեծ թափով գնանք առաջ:
Մենք գտնում ենք, որ ինչ մինչեւ հիմա արել ենք, եղել է շատ արդյունավետ, բայց նեւ նոր մարտավարության խնդիր ունենք: Հետեւաբար, հնարավոր են մեր գործողություններում լինեն փոփոխություններ»: