2020 թվականի կապիտուլյացիայից հետո ՀՀ քպ վարչախումբը որդեգրել է, այսպես կոչված, «խաղաղության» կեղծ օրակարգ, և որպես ամենօրյա կանոն՝ խաղաղության հասնելու փոխարեն, տեղի է ունենում Ադրբեջանի կողմից հայկական սուվերեն տարածքների բռնազավթում, ընդ որում՝ գործընթացն անընդհատ է։
«Համախմբում» շարժման աջակից, վերլուծաբան Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը հայ իրականության հետ պատմական, անփառունակ իրադարձությունների հետ զուգահեռների մասին է։ Համեմատականներ, թե ինչ է լինում «խաղաղության» կեղծ օրակարգերին տուրք տալուց հետո, երբ զոհաբերում, վաճառում են պետական, ազգային շահը։
Հոդվածագիրը գրում է.
ՀՀ գրավված տարածքներում թշնամին իրականացնում է ինժեներական պաշտպանության միջոցառումներ, որոնց ծավալը և արագությունը փաստում են, որ դրանք անեքսիայի ենթարկվող տարածքներ են և երբևէ չեն էլ վերադարձվելու Հայաստանի Հանրապետությանը։
Ընդհանրապես «խաղաղության պայմանագիր» բառակապակցությունը լսելիս շատերն են հիշում նման մի գործընթաց, որը ծավալվեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի միջև։
1948 թվականից հետո Իսրայելի և արաբական պետությունների միջև տեղի է ունեցել չորս ռազմական բախում, որոնց ընթացքում հաջողությունը մշտապես ուղեկցել է հրեական կողմին։
1973 թվականի պատերազմից հետո երկու կողմերի ղեկավարների և ժողովուրդների շրջանում ձևավորվեց համոզմունք, որ վերջ ի վերջո կարելի է և պետք է բանակցությունների միջոցով փորձել հասնել հարաբերությունների կարգավորման։
Եգիպտոսի առաջնորդ Անվար Սադաթը պատերազմում կրած հերթական պարտությունից հետո խաղաղ բանակցությունների միջոցով Սինայի թերակղզին վերադարձնելու նպատակ ուներ, միևնույն ժամանակ Իսրայելում պարզորոշ գիտակցում էին, որ ժամանակի ընթացքում արաբական միացյալ ուժերը դառնում են ավելի հզոր և վտանգավոր, ինչի արդյունքում հաջորդ անխուսափելի պատերազմը չէր լինելու Իսրայելի հաղթանակի օգտին։
Կողմերին դեպի բանակցությունների սեղան բերեց ամերիկյան փայլուն դիվանագիտությունը, հատկապես՝ ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարտերը, որը, ըստ երևույթին, անձնական քաղաքական կամքի և կամային հատկությունների շնորհիվ հարթեց երկու կողմերի առաջնորդների միջև առկա անձնական ատելությունը և չեզոքացրեց գործընթացի շահագրգիռ այլ միջնորդների, մասնակիցների շահերով պայմանավորված հակասությունները։ Իրավիճակը բավականին ծանր էր, որովհետև Եգիպտոսը համարվում էր հակաիսրայելյան արաբական կոալիցիայի շարժիչ ուժը, և եգիպտական բանակը ամենամարտունակն էր արաբական աշխարհում, ինչ-որ իմաստով Եգիպտոսը հանդիսանում էր Պաղեստինի արաբ բնակչության շահերի հիմնական պաշտպանը և երաշխավորը։
Համաարաբական շարժման խոշորագույն երկրի ղեկավարը կանգնեց լրջագույն խնդրի առջև։
Ըստ երևույթին, եթե հաղթանակած Իսրայելում վարչապետ Բեգինն ուներ հանրային զգալի աջակցություն, զիջումներ կատարելով՝ խաղաղության հասնելու ձգտումով պատկերն այլ էր պարտված Եգիպտոսում, որտեղ Սադաթը ենթարկվել էր սուր քննադատության՝ և՛ երկրի ներսում, և՛ երկրի բարեկամ արաբ դաշնակիցների կողմից։
Ամերիկյան դիվանագիտությունը երկու կողմերին, կարելի է ասել, բերման ենթարկեց Ֆլորիդա նահանգի Քեմփ Դևիդ քաղաք։
Բանակցությունները տևեցին երկու շաբաթ՝ մի քանի անգամ հայտնվելով տապալման եզրին, և միայն ամերիկյան ծանրակշիռ միջամտությունը ապահովեց խաղաղության պայմանագրի կնքումը։
Բազմաթիվ անգամներ Բեգինը և Սադաթը որոշել են դադարեցնել բանակցությունները և միայն նախարար Քարտերի անձնական կոչերի արդյունքում կրկին շարունակել դրանք։ Լինելով գերազանց միջնորդ՝ Քարտերը անդադար փորձում էր գտնել ձևակերպումներ, լուծումներ, որպեսզի հաղթահարեր կողմերի անհանգստությունն ու վախը և ճանապարհ հարթեր համաձայնության կայացման համար։
Քեմփ Դևիդի համաձայնագրերը բաղկացած էին երկու առանձին փաստաթղթից՝ «Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակային համաձայնագիր» և «Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղություն կնքելու շրջանակային համաձայնագիր»։
Երկրորդը հիմք հանդիսացավ 1979 թվականի մայիսին «Իսրայել֊Եգիպտոս խաղաղության պայմանագրի» կնքման համար։
Խաղաղության պայմանագիրը աշխարհում անակնկալ պայթած ռումբի տպավորություն թողեց։
Արաբական աշխարհում Անվար Սադաթը վաստակեց դավաճանի խարան, Եգիպտոսն անմիջապես հեռացվեց արաբական երկրների լիգայից, ԽՍՀՄ-ը դուրս մնաց Մերձավոր Արեւելքում իր դերակատարումից, ստեղծվեցին պայմաններ Իսրայելի և Հորդանանի միջեւ անջատ բանակցությունների համար։
Իսրայելում վարչապետ Մենահեմ Բեգինը պահպանողական շրջանակների կողմից ևս «վաստակեց» դավաճանի տիտղոս։
Համաձայնագրի արդյունքերից էր նաև այն, որ ԱՄՆ֊ը հսկայական ֆինանսական օգնություն էր ցույց տալու երկու պետություներին էլ։
1979֊1997 թվականներին Եգիպտոսը ստացավ տարեկան շուրջ 1․3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, որն էլ օգտագործեց զինված ուժերի արդիականացման համար։ Իսկ ոչ ռազմական ֆինանսական օգնությունը կազմել է շուրջ 25 միլիարդ դոլար։
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա հրեական պետությունը 1985 թվականից ի վեր ստանում է տարեկան 3 միլիարդ դոլար օգնություն։ Համաձայնագրի անմիջական մասնակից առաջնորդները ևս անմասն չմնացին։
1978 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց հակառակորդ երկու երկրների ղեկավարներին։
Համաձայնագրի դրույթները ոչ միանշանակ ընդունվեցին արաբական աշխարհում, հատկապես՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության համակիրների ծայրահեղ ազգայնական շրջանում։
Որպես վերջնական մեղադրանք՝ որոշվեց դավաճանի խարան կրող Սադաթին հեռացնել իշխանությունից, ինչը և հաջողվեց 1981 թվականին տեղի ունեցած ռազմական տոնական շքերթի ժամանակ։
Իսլամիստ դավադիրները պատվավոր օթյակում գտնվող հյուրերի ուղղությամբ նետեցին չորս ռումբ և գնդակահարեցին երկրի շահերը վաճառած Սադաթին։
Զարմանալի և առեղծվածային մնաց, թե Սադաթի կողքին նստած փոխնախագահ Հոսնի Մուբարաքը քսան րոպե տևած փոխհրաձգության ժամանակ ինչպես էր ստացել ընդամենը մի աննշան քերծվածք։
Ինչ վերաբերում է պայմանագրի «ապագային», ապա կարելի է պնդել, որ այն իրապես դավաճանական բնույթ ուներ՝ էլ ավելի ջլատեց արաբական աշխարհը և հզորացրեց Իսրայելին։
Որպես վերջաբան։
Խաղաղության ցանկացած պայմանագիր ապահովում է կայուն խաղաղություն միայն այն դեպքում, երբ կողմերից երկուսն էլ իրապես հետապնդում են ազգային շահեր։
Ցանկացած միակողմանի զիջում կոռոզիայի, կազմաքանդման է ենթարկում խաղաղության օրակարգը։
Այս ամենը պետք է գիտակցեն հայ ժողովրդի թիկունքում քննարկվող և վերջնական փուլ հասցված «խաղաղության պայմանագիր» կոչվածի հեղինակները։
Խաղաղությունը կարող է լինել միայն արդարության հիմքի վրա։
Կից նկարում պատկերված են ԱՄՆ, Եգիպտոսի և Իսրայելի ղեկավարները՝ քեմփդեվիդյան բանակցությունների ժամանակ։