Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Türkiye թերթի ֆանտազիաները

Թուրքական իշխանամետ Türkiye թերթը «ֆենթըզի» ժանրի սցենարով հայերին ներկայացրել է  բռնակալ, բարբարոս, ահաբեկիչ, ռազմատենչ։

Ամեն ինչ սկսվում է  «Զանգեզուրի միջանցքից»՝ թյուրքական աշխարհի հաղորդակցության վիթխարի նախագիծ, որի վրա աչք են դրել «օտար ուժերը»։ Ինչպես միշտ, չարագործները հայեր են, և մի քանի քուրդ, և այս ամենը ֆինանսավորում է Ֆրանսիան։ Բայց թյուրք ժողովուրդների ուզածն ընդամենը  մի քիչ առևտուր անելն էր Հայաստանի տարածքով, ուրիշ ոչինչ։

Ըստ Türkiye թերթի՝ Հայաստանը Սյունիքում տեղակայել է 10 հազար զինյալների, այդ թվում՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչների»: Նրանցից բացի, թուրքական հրատարակությունը թվարկում է գրեթե բոլոր այն կազմակերպությունները, որոնք ժամանակին այս կամ այն ​​կերպ առնչվել են զենքի հետ՝ «Սասնա ծռեր», Նոր ԱՍԱԼԱ, Երկրապահ… «Զինյալները», պարզվում է, վճարվում են 12 դոլար Ֆրանսիայի և հայկական սփյուռքի կողմից ստեղծված հատուկ հիմնադրամից։

Թերթը նշում է  ֆրանսիացի և իրանցի ռազմական մասնագետների կողմից պատրաստված 10 հազար զինյալների երևակայական գոյությունը՝ չհաշված Ֆրանսիայից և Հնդկաստանից Հայաստան զենքի մատակարարումները՝ հիմնավորելու հետևյալ եզրակացությունը՝ իբր Հայաստանը գաղտնի պատրաստվում է պատերազմի։

Սա գրում է մի երկրի իշխանամետ լրատվամիջոց, որի փոքր եղբայր Ադրբեջանը շաբաթը մեկ միլիարդավոր դոլարների զենք է գնում ու ամիսը մեկ զորավարժություններ անում։

Իսկ Հայաստանին չի կարելի զինվել, դա պատերազմի պատրաստվելու նշան է։