Մի քանի հոգով հարձակվել են ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի վրա

Իշխանությունն ունի մեկ նպատակ՝ ընդդիմությանն իրեն ենթարկեցնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Ուզում եմ հավաստիացնել քաղաքացիներին, հատկապես այն քաղաքացիներին, որոնք մեզ ձայն են տվել և գործուղել են խորհրդարան՝ ներկայացնելու իրենց շահերը, որ մեզ վախեցնել ու լռեցնել չի հաջողվելու։ Մենք ունենք պայքար և այդ պայքարը հանուն պետության է, հանուն ժողովրդի։ Թեկուզ ՆԱՏՕ-ի բանակը բերեն էստեղ՝ մեզ լռեցնելու նպատակով, դա իրենց չի հաջողվելու»,- ասաց Ղազինյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ կարծես թե Ղազինյանի դեմքին էլ քերծվածք կա, ինքն էլ է ծեծկռտուքին մասնակցել, Ղազինյանը նշեց, որ չի ցանկանում դրա մասին խոսել, դա հարիր չէ իր անձին և խորհրդին։
«Ամեն դեպքում՝ հարձակում տեղի ունեցավ ինձ վրա, ընդ որում՝ մի քանի հոգով։ Ոչինչ, ժամանակ կգա»,- նշեց Ղազինյանը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ վերջին միջադեպը լավ կազմակերպված, պլանավորված և թույլատրված ակցիա էր՝ հրահանգավորված երկրի բարձրագույն իշխանությունների կողմից, որին դուր չէին եկել որակումները, գնահատականները, ելույթները։
«Հրահանգ է եղել տրված՝ մեզ պատժել»,-նշեց Ղազինյանը՝ ընդգծելով, որ լռեցնել հնարավոր չի լինելու։
Հարցին՝ նման մթնոլորտում ինչպես է հնարավոր աշխատել, Ղազինյանը պատասխանեց՝ նշելով, որ այս խորհրդարանն այլևս սնանկ է և անգործունակ, իշխանությունն ամեն դեպքում, բոլոր իրավիճակներում պատասխանատու է՝ ցանկացած իրավիճակի և ելքի համար, այսօրվա վիճակի համար պատասխանատու է երկրի բարձրագույն իշխանությունը։
«Այս Խորհրդարանը շատ կարճ կյանք ունի, որովհետև Սահմանադրությամբ և օրենքներով իր վրա դրված առաքելությունը և պարտականությունն ի զորու չէ կատարելու»,- ընդգծեց Ղազինյանը։
Ինչ վերաբերում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն, Ղազինյանը նշեց, որ կքննարկեն այդ հարցը և եթե առկա լինեն քրեաիրավական էլեմենտներ, պարտադիր կներկայացնեն հաղորդում՝ հանցագործության մասին։
Աղբյուր` Փաստինֆո
