Եվրամիությունը հետաձգել է Ավստրալիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ ֆրանսիական սուզանավերի գնումը մերժելու սկանդալի ֆոնին, հայտնում է Australian Financial Review-ը:
Ավելի վաղ Ավստրալիան Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ կնքեց AUKUS դաշինքը և հայտարարեց, որ դուրս է գալիս 56 միլիարդ եվրո արժողությամբ սուզանավերի համաձայնագրից ֆրանսիական Naval Group ընկերության հետ, որը ներառում էր 12 Barracuda դասի սուզանավերի արտադրություն:
Այս որոշումը քննադատության ենթարկվեց Ֆրանսիայում: Երկրի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնն ասաց, որ դժվար թե ամբողջ Եվրամիությունը կարողանա շարունակել Ավստրալիայի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները վստահության խաթարումից հետո:
Բրյուսելի և Կանբերայի միջև առևտրային բանակցությունների հաջորդ՝ 12-րդ փուլը պետք է տեղի ունենար հոկտեմբերին: Եվրահանձնաժողովի աղբյուրները հայտնել են, որ մի շարք չլուծված խնդիրների պատճառով բանակցությունները չեն կարող ընթանալ ըստ նախատեսվածի: Նրանց խոսքով՝ մեկ ամսից դրանց անցկացման հնարավորություն կա: