Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ո՞ւմ համար է ավելի դժվար՝ ով մեռնո՞ւմ է, թե՞ հարազատների, որ մնում են. Վահան Տերյան

«Նրա մարմինը սկսեց սառչել հունվարի 4-ից: Նա բողոքում էր, որ ներսն այրվում է, իսկ վերջույթները սառն են․․․

Դեղորայք ընդհանրապես հնարավոր չէր գտնել: Ոչ մի տեղ հնարավոր չէր գտնել ո՛չ կրեոզոտ, ո՛չ էլ թթվածնային բարձիկ: Եվ չնայած նրան հնարավոր չէր փրկել, դա նրան հուսահատեցնում էր, և նա ասում էր. «Տեսնու՞մ ես. ես մեռնում եմ նրանից, որ դու չես կարողանում կրեոզոտ ճարել»:

Վահանի համառության շնորհիվ ինձ հաջողվեց բանակի շտաբի միջոցով վագոն գտնել, և մենք պետք է 7-ին մեկնեինք: Նա ինձ ուղարկում էր մեկնումը կազմակերպելու, իսկ ինքը, վախենալով, որ կմեռնի, խնդրում էր, որ կես-մեկ ժամից ավելի չբացակայեմ:

7-ի գիշերը նա չքնեց, մի քանի անգամ խնդրեց հագցնել իրեն և նստեցնել բազկաթոռին: Սակայն նույնիսկ 5 րոպե չէր կարողանում նստել: Ձեռքերը և ոտքերը թմրել էին, և խնդրում էր, որ շփեմ դրանք, իսկ ինքը հանգիստ էր:

Հարցնում էր, թե ինչ եմ արդյոք կարծում՝ ո՞ւմ համար է ավելի դժվար՝ ով մեռնո՞ւմ է, թե՞ հարազատների, որ մնում են:

Նրա մարմինն ամբողջովին անկենդան էր դարձել, ոչինչ չէր կարողանում ուտել, դժվարանում էր խոսել, չէր կարողանում նույնիսկ 5 րոպե քնել:

Առավոտյան ես գնացի կազմակերպելու մեր մեկնումը: Երբ վերադարձա, խնդրեց, որ բժիշկ կանչեմ: Ողջ քաղաքը շրջեցի, սակայն այդպես էլ ոչ մի բժիշկ չգտա. Սուրբ ծնունդ էր, և ոչ ոք չէր գալիս: Այդ ժամանակ նա խնդրեց իրեն կամֆորա ներարկել: Գնացի ռազմասանիտարական այն գնացքի հիվանդապահի հետևից, որով մենք Սամարայից Օրենբուրգ էինք եկել։ Երբ մենք 1 ժամից վերադարձանք, Վահանի զարկերակն այլևս չէր խփում, սակայն նա ճանաչեց հիվանդապահին և շատ ուրախացավ:

Երբ ներարկում կատարեցինք, նա խոսում էր և հարցնում. «Հնարավո՞ր է անընդհատ ներարկումներ անել և այդ կերպ կյանքը 1 շաբաթով երկարաձգել»:

Կամֆորայի ներարկումից հետո դեռ 2 ժամ նրա գիտակցությունը տեղն էր: Խնդրեց հանգիստ նստել իր մոտ և լաց չլինել ու չվազվզել:

Դրանից հետո սկսեց կորցնել գիտակցությունը: Երբ կատարեցի նրա խնդրանքը, նա սկսեց անձայն մահանալ: Այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ դա մահն է…»։

Հատված՝ Անահիտ Տերյանի «Վահան Տերյանի կյանքի վերջին օրերը» հուշից