Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաչատուր Բադալյան. Ռուսական օպերայի հայկական ձայնը

Արծվի Բախչինյան
20/03/2026
- 20 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակութային

ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ – Խաչատուր Բադալյանը (ծնվ. 1982, Օրջոնիկիձե, այժմ՝ Վլադիկավկազ) ռուսաստանյան օպերային երգիչ է (տենոր): 1996-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով: Սովորել է տնտեսագիտական լիցեյում, ապա՝ Դոնի պետական տեխնիկական համալսարանում: Համալսարանը չավարտած՝ ընդունվել է Ռոստովի Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիա: 2004-2006 թթ. եղել է Ռոստովի մարզային ֆիլհարմոնիայի մեներգիչ: 2007-2012 թթ. եւ 2016-ից Մոսկվայի «Նովայա օպերա» թատրոնի մեներգիչն է: 2008 թվականին հրավիրվել է Մեծ թատրոն՝ կատարելու Ռուդոլֆի դերերգը («Բոհեմ»), իսկ հաջորդ տարի նույն բեմում երգել է Վոդեմոնի պարտիան («Իոլանտա»): 2008 թվականին դափնեկիր է դարձել Սանկտ Պետերբուրգում Լուչանո Պավարոտտիի հիշատակին նվիրված տենորների միջազգային մրցույթում, իսկ 2010-ին դարձել է Գալինա Վիշնեւսկայայի անվան օպերային արտիստների III միջազգային մրցույթի հաղթող: 2012-ից Մարիինյան թատրոնի հրավիրյալ մեներգիչ է: Երգչի խաղացանկում են Ալֆրեդի («Տրավիատա»), Խոսեի («Կարմեն»), Ֆաուստի («Ֆաուստ»), Ֆորեստոյի («Աթիլլա»), Շառլ VII-ի («Օռլեանի կույսը»), Վլադիմիր Իգորեւիչ («Իգոր իշխան») եւ այլ դերերգեր:

– Հարգելի՛ Խաչատուր, դժվար չէ՞ր ոչ ռուսական անունով երիտասարդ երգչի համար ու ազգանունով ինքնահաստատվել Ռուսաստանի մայրաքաղաքի մշակութային կյանքում:

Ես նման խնդիրներ չեմ ունեցել: Ռուսաստանում հայերին սիրում եւ գնահատում են: Ռուսաստանում մեծաթիվ հայ համայնք կա, հայերը միշտ հայտնի են եղել որպես տաղանդավոր եւ աշխատասեր ժողովուրդ: Դեռեւս 18-րդ դարի վերջից Եկատերինա Բ կայսրուհին նպաստել է հայերի վերաբնակեցմանը Ռուսաստանի հարավում՝ արհեստների զարգացման նպատակով: Հայերը հիմնադրել են Նոր Նախիջեւան քաղաքը (այժմ՝ Դոնի Ռոստովի մի մասը) եւ մի շարք գյուղեր: Ռոստովում են ապրում մայրս եւ քույրս՝ ընտանիքով: Երաժիշտների մասին խոսելիս բավական է հիշել տաղանդավոր Լիսիցյանների ընտանիքը, ինչպես նաեւ իմ աշխարհահռչակ գործընկերներ Քրիստինա Մխիթարյանին, Աննա Ագլատովային եւ այլոց:

– 2013-ին մի քննադատ գրել էր, որ դուք ավելի կամերային, քան օպերային երգիչ եք: Հավանաբար նրա վրա մեծ ազդեցություն էր թողել ձեր ելույթը Պավարոտտիի հիշատակին նվիրված տենորների միջազգային մրցույթում, որտեղ հատուկ մրցանակ եք ստացել նեապոլիտանական երգերի լավագույն կատարման համար: Սակայն կյանքը ցույց տվեց, որ դուք հաջողությամբ հաստատվեցիք հենց օպերայում: Ինչպե՞ս եք վերաբերվում նման կարծիքին:

– Քննադատությունը միշտ շատ սուբյեկտիվ է: Իմ օպերային դեբյուտը եղել է Լոենգրինի դերով Վագների համանուն օպերայում, երբ 25 տարեկան էի: Հանդես եմ եկել բազմաթիվ այլ պարտիաներով աշխարհի խոշորագույն բեմերում: Երգչի ձայնը մշտապես զարգանում է, տարիքի հետ դառնում է ավելի ծավալուն, ավելի ամուր: Նույնիսկ կասեմ, որ ափսոսում եմ, որ իմ խաղացանկում քիչ են կամերային գործերը, որովհետեւ ինձ առավելապես հրավիրում են մեծակտավ ստեղծագործությունների մասնակցելու:

– Ի՞նչ դեր ունի լեզուների իմացությունը դասական երգչի ստեղծագործական գործունեության մեջ:

– Այն չափազանց կարեւոր է օպերային երգիչների համար: Ես ազատորեն խոսում եմ անգլերեն եւ իտալերեն, պակաս չափով՝ ֆրանսերեն: Գերմաներենին տիրապետում եմ հիմնականում վոկալիստի մակարդակով՝ որքան որ անհրաժեշտ է երգելիս հնչյունաբանության օրենքները հասկանալու համար: Օպերայի համար ամենահարմար լեզուն իտալերենն է: Այն ունի լուսավոր, հստակ ձայնավորներ: Դա կարեւոր է երգեցողության համար: Ձայնի խորացումից խուսափելու համար: Այդպիսի ձայնավորներն են ստեղծում երգչի ամենապայծառ ու գեղեցիկ տեմբրը: Իտալերենի բաղաձայնները փափուկ են, եւ ձայնավորների ու բաղաձայնների ճիշտ միավորումը ստեղծում է իտալական լեգատոն՝ «կապակցված», հարթ ու հավասարահունչ ձայնարտադրությունը:

Հաջորդը, թերեւս, ֆրանսերենն է: Այն ունի ռնգային ձայնավորներ, որոնք պետք է սովորել ճիշտ երգել: Գերմաներենը երգելու համար ավելի բարդ է: Գերմանական լեգատոն տարբերվում է իտալական դասական դպրոցից: Գերմաներենում մեծ դեր ունեն հենց բաղաձայները: Ես կասեի՝ դա արդեն ձայնի տիրապետման հաջորդ աստիճանն է, երբ գիտես՝ ինչպես երգել ձայնավորները եւ կարողանում ես նույնիսկ կոշտ բաղաձայների միջով պահպանել նույն լեգատոն: Ռուսերենի ձայնավորներն ավելի խոր են հնչում: Սակայն քանի որ մանկուց խոսում եմ ռուսերեն, ինձ համար դա տեղի է ունենում որոշակի օրգանական ձեւով:

– Բացի դասական խաղացանկից, դուք մասնակցել եք նաեւ ժամանակակից օպերային բեմադրությունների: Որքանո՞վ է ձեզ հոգեհարազատ ժամանակակից օպերան՝ ստեղծագործական հետաքրքրությո՞ւն է, թե՞ ավելի շուտ՝ մասնագիտական անհրաժեշտություն:

– Այո՛, մասնակցել եմ ժամանակակից բազմաթիվ օպերաների բեմադրությունների: Նույնիսկ գուցե հիմա դրանք ավելի շատ են, քան դասականները: Կարծում եմ՝ դա պայմանավորված է այն իրողությամբ, որ մարդիկ գնում են կինո, համացանցում շատ հետաքրքրական նյութ կա, ամենուր արդեն ներգրավված է արհեստական բանականությունը: Սովորական դասական բեմադրությամբ հանդիսատեսին գրավել կարող են միայն շատ հարուստ, բարձրակարգ թատրոնները, որոնք ունակ են ստեղծելու շքեղ, գունեղ ներկայացումներ՝ ասեղնագործված զգեստներով, թանկարժեք մեծ բեմազարդերով եւ հրավիրել համաշխարհային մեծության երգիչների: Ավելի քիչ ֆինանսական հնարավորություններ ունեցող թատրոնները հաճախ հանդիսատեսին գրավում են ժամանակակից, անսովոր բեմադրություններով՝ առաջարկելով նորություն: Ինձ համար անձամբ կարեւոր է, որ ամեն ինչ հարմար լինի երգելու համար, չլինի գռեհիկ կամ անհամապատասխան, եւ բեմադրությունը չհակասի օպերայի դիպաշարին ու կոմպոզիտորի մտահղացմանը:

– Շատ տարիներ առաջ, երբ ինքս որպես տենոր երգում էի կամերային երգչախմբում, բազմաթիվ անեկդոտներ եմ լսել հենց տենորների մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց: Եվ եթե դրական՝ կարո՞ղ եք մի անեկդոտ պատմել:

– Կարծիք կա, թե տենորների համար իրենց ձայնից կարեւոր ոչինչ չկա, եւ որ նրանք սովորաբար այնքան էլ խորը մարդիկ չեն: Կարծում եմ՝ դա գալիս է այն ճշմարտությունից, որ մյուս ձայների համեմատ՝ տենորի համար երգել սովորելն ավելի բարդ է: Տենորներն ունեն շատ դժվար երգամասեր, ու հաճախ հենց նրա՛նք են կատարում գլխավոր դերերը: Պարտիաներում շատ են վերին նոտաները եւ մեծ պատասխանատվությունը: Իմ փորձից կարող եմ ասել, որ տեխնիկապես ամենապատրաստված վոկալիստները հենց տենորներն են: Որովհետեւ եթե դու դառնում ես հաջողակ տենոր, ապա արդեն անպայման տիրապետում ես վոկալ տեխնիկայի նրբություններին:

Խաչատուր Բադալյանը որդու՝ Դավթի հետ, որն արդեն կատարել է Դոլորեի դերը «Մադամ Բաթերֆլայ» օպերայում:

Հիշեցի մի անեկդոտ: Իտալական մի գյուղում ծնվում է մի տղա, որը լաց լինելու փոխարեն ծննդյան իսկ պահից սկսում է երկարաձիգ արտասանել մեկ բառ՝ «Una, uuuuna!»: Ծնողները երեխային տանում են գյուղի բժշկի մոտ եւ խնդրում նրա ուղեղից մի հատված կտրել, որովհետեւ հասարակ գյուղական ընտանիքին այդպիսի ինտելեկտուալ պետք չէ: Վիրահատությունից հետո տղան արթնանում է եւ կրկին ծոր տալով ասում է՝ «Una, uuuna!»: Բժիշկը նորից է կտրում ուղեղի մի մասը՝ այս անգամ թողնելով միայն փոքրիկ մի կտոր: Ամբողջ գյուղը հավաքվում է՝ տեսնելու, թե ինչ կլինի: Տղան արթնանում է, շուրջը նայում, սկսում է բացականչել՝ «Una, «uuuuuna!», եւ հանկարծ երգում է՝ «Una furtiva lagrima!»* (ծիծաղում ենք):

Ի դեպ, նվագախմբի երաժիշտներն էլ նույնքան անեկդոտներ են պատմում ալտահարների մասին…

– Այո, գիտեմ… Խաչատո՛ւր, դուք, կարծես միշտ գերազանց ֆիզիկական վիճակում եք, մինչդեռ տենորի կերպարը սովորաբար զուգորդվում է թմբլիկ կերպարի հետ: Որքա՞ն կարեւոր են ֆիզիկական վարժությունները դասական երգչի համար:

– Օպերային երգիչների համար ֆիզիկական պատրաստվածությունը չափազանց կարեւոր է: Բեմում միայն չես երգում. կատարվում են բազմաթիվ շարժումներ: Երբեմն պետք է երգել վազքից անմիջապես հետո, պատահում է նաեւ, որ հարկավոր է խաղընկերուհուդ կրել ձեռքերիդ վրա՝ միաժամանակ չխախտելով շնչառությունդ: Ես երկար տարիներ զբաղվել եմ թեքվանդոյով, այկիդոյով, ապա՝ բոդիբիլդինգով: Սպորտը միշտ եղել եւ մնում է իմ կյանքի մի մասը: Այժմ մեծ հաճույքով զբաղվում եմ բռնցքամարտով: Վոկալիստների համար գլխավորը որովայնի մկանները չափից ավելի չլարելն է: Իսկ սպորտը միշտ օգտակար է:

– Ձեր կամերային խաղացանկում կա՞ն հայկական երգեր:

– Երբ ապրում եւ սովորում էի Դոնի Ռոստովում, երգում էի Կոմիտասի ստեղծագործությունների փոքրիկ շարքեր: Շատ եմ սիրում նրա գործերը եւ փորձում եմ որոշ երգեր ներառել իմ մենահամերգներում:

– Հյուսիսային Օսեթիայում բազմաթիվ հայեր բնակվում են հնուց ի վեր: Ձեր ընտանիքը վաղո՞ւց է ապրում այնտեղ, եւ պահպանվո՞ւմ են հայկական ավանդույթներ:

– Պապս՝ նույնպես Խաչատուր Բադալյան, ծնունդով Գեմուր գյուղից էր՝ Ադրբեջանական ԽՍՀ Շահբուզի շրջանից: Հայրենական մեծ պատերազմից հետո սովորել է Մոսկվայում՝ Ֆրունզեի անվան ակադեմիայում, հասել է գնդապետի կոչման: Հետագայում, Գերմանիայում ծառայությունից հետո ընտանիքով տեղափոխվել է Օրջոնիկիձե, որտեղ էլ ծանոթացել են ծնողներս: Մորս ընտանիքն այնտեղ ապրել է երկար տարիներ: Մինչ օրս այնտեղ շատ հարազատներ ունեմ: Հայկական ավանդույթներն, իհարկե, պահպանվում են: Ինձ մկրտել են Վլադիկավկազի հայ առաքելական եկեղեցում: Միշտ նշում ենք բոլոր հայկական տոները եւ հանդիսությունները:

– Զգո՞ւմ եք (կամ ուրիշները զգո՞ւմ են) հայկական խառնվածք ձեր երգեցողության մեջ:

– Իհա՛րկե: Իմ խառնվածքն օգնում է այնպիսի դերերգերում, ինչպիսիք են Խոսեն՝ «Կարմեն»-ում, Տուրիդդուն՝ «Գեղջկական ասպետություն»-ում եւ այլն: Սակայն պետք է նաեւ կարողանաս տիրապետել ինքդ քեզ, չափից ավելի չտարվես, պահպանես սառնասրտությունը եւ չվնասես ձայնդ:

– Եթե չեմ սխալվում, անցյալ տարի հանդես եկաք Երեւանում…

– Այո, երջանկություն ունեմ ամեն տարի ելույթ ունենալու Երեւանում: Ամեն ինչ սկսվեց հայ մեծ տենոր Գեղամ Գրիգորյանի հոբելյանից, որին ինձ հրավիրեցին երգելու: Այդ ժամանակից ի վեր Երեւանում բեմ եմ բարձրացել մի շարք օպերաներում՝ «Տրավիատա», «Կարմեն», «Տուրանդոտ»… Միշտ ուրախ եմ լինել պատմական հայրենիքում եւ հատկապես սիրում եմ արեւոտ Երեւանը: Եվ աշխարհի որ երկրում էլ հանդես եմ գալիս, միշտ հաճելի է, երբ դահլիճում ներկա հայերը ելույթից հետո մոտենում են ու երախտագիտությամբ շնորհավորում:

Վերջում կցանկանայի ավելացնել, որ երաժշտությունը լավագույն դիվանագետն է: Եվ, անկախ քաղաքական որեւէ տարաձայնությունից, երաժիշտները միշտ եղել են եւ կլինեն աշխարհի ժողովուրդներին միավորող օղակը: Ցավոք, վերջին տարիներին ռուս երգիչների համար (այդ թվում՝ հայկական արմատներ ունեցող) արտերկրում հանդես գալը բարդացել է պատժամիջոցների պատճառով: Հույս ունեմ, որ շուտով ամեն ինչ կբարելավվի:

– Շնորհակալություն պատասխանների համար, Խաչատո՛ւր, եւ հույս ունեմ կրկին տեսնել ձեզ երեւանյան բեմում:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

* «Una furtiva lagrima!» (իտալերեն՝ թաքուն մի արցունք) – տենորի նշանավոր մեներգ Դոնիձետիի «Սիրո ըմպելիքը» օպերայից:

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Արտավազդ Սահակյան. հիշատակի երեկո և բարձրագույն պարգև

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանում գրանցված է շաքարային դիաբետով 62 հազար հիվանդ

Լրահոս

Ռեսուրսային գաղութացում. TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է. Վահե Դավթյան

16/06/2026

Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց...

Կտրականապես մերժում ենք հունիսի 14-ին ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները և դրանք համարում ապօրինի. Թաթոյան

16/06/2026

2026թ․ խորհրդարանական ընտրություններն անցան անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում՝ ՔՊ-ի օգտին պետական համակարգը ծառայեցնելով ու բացահայտ ապօրինություններով. ֆեյսբուքյան էջում...

Գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են

15/06/2026

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են, միացել են  հատուկ փրկարարներն ու ջրասուզակները: Shamshyan-ի հաղորդմամբ՝...

Սևանա լճի մակարդակը 15 օրում բարձրացել է 11 սմ-ով

15/06/2026

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` ընդամենը 15 օրում: 2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը...

ԱՄՆ-ն կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ. Թրամփ

15/06/2026

Միացյալ Նահանգները կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ։ The New York Times-ին տված...

Կիևը Արբիտրաժում պարտվել է Մոսկվային. Կերչի նեղուցի, Ազովի ծովի և Ղրիմի նկատմամբ իրավունքների վերաբերյալ դատական հայցը մերժվել է

15/06/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարել է իր հաղթանակի մասին միջազգային արբիտրաժային գործում, որը վերաբերում էր Կերչի նեղուցում, Ազովի ծովում և...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական