Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Սրտի հայկական չափումները

Հայերս  երկու տեսակ… սիրտ ունենք: Առաջինը կլինիկական սիրտն է, որը գտնվում է մարդու կրծքավանդակի միջնամասում եւ ապահովում է օրգանիզմի կենսագործունեությունը: Սակայն այս սիրտը ազգայինի հետ կապ չունի:

Մյուսը, որը պայմանականորեն կարելի է կոչել ազգային սիրտ, ավելի շատ ծնվում է հայկական հուզաշխարհից:

Կլինիկական սիրտը հոմանիշներ գրեթե չունի, մինչդեռ հայկական սիրտը՝ որքան ուզես: «Սիրտ» բառը կարող է նշանակել զգացմունք, գութ, սեր, տրամադրություն, ոգեւորություն: Այն նաեւ նշանակում է խրախուսանք, եռանդ, քաջալերանք, անվեհերություն… Այստեղ արդեն խոսքը հայի ազգային սրտի մասին է:

Հայի ազգային սիրտը խիստ խոցելի է. այն կարող է ճաքել, կոտրվել, տրաքել, նույնիսկ պայթել: Այդ խոցելիությունը հիշելիս անհնար է չմտաբերել հայ նշանավոր բանաստեղծ Պետրոս Դուրյանի տողը.

«Սիրտս այնքան խոց ունի բյուր»:

Հայկական սիրտը նաեւ թափառելու հատկություն ունի: Հենց այդ հատկությունն էր նկատի ունեցել Վիլյամ Սարոյանը, երբ Հայկական լեռնաշխարհից հեռու՝ Ֆրեզնո քաղաքում ապրելով, ասում էր, որ իր «սիրտը լեռներում է»:

Հայկական սրտի այդ թափառական բնույթն էր նկատել նաեւ սյունյաց տաղերգու Համո Սահյանը՝ գրելով.

«Սիրտս գնաց, բարձունքից բարձունք ընկավ…»:

Հայկական սիրտը կարող է նաեւ անմար կրակներ վառել: Այդ փաստն էլ արձանագրել է Եղիշե Չարենցը:

Չարենցի վառ երեւակայությունը թույլ է տվել նաեւ սրտի թրթիռը համեմատել թավջութակի

ձգված լարի ելեւէջի հետ.

«Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝

Դողում է սիրտս կարոտով մի ահարկու»:

Հայկական սիրտը ենթակա է նաեւ գնահատման: Այդ յուրատեսակ սանդղակում ամենաթանկ սիրտը մոր սիրտն է: Այդ ճշմարտության լավագույն վկայություններից  է Ավետիք Իսահակյանի հայտնի ավանդավեպը՝ Մոր սիրտը:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ