Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Ցանկացած գնով հաղթել ՀԱՄԱՍ-ին

Գազայի հատվածում արմատական ​​ՀԱՄԱՍ-ին չհաղթելը  կարող է Իսրայելին տանել  Հեզբոլլահ շարժման հետ պատերազմի. ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ հանդիպումից առաջ։

«Մենք ՀԱՄԱՍ-ի դեմ կգործենք ամենուր, նաև այնտեղ, որտեղ դեռ չենք եղել»,- շարունակել է նախարարը՝ մասնավորապես նկատի ունենալով Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքը։

«Մենք բարոյական իրավունք չունենք դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, քանի դեռ բոլոր պատանդներին տուն չենք վերադարձնել»,- հավելել է նա։

Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նշել է, որ երկուշաբթի  Գալանտը Սպիտակ տանը բանակցություններ է վարել Սալիվանի հետ, որից հետո նա մտադիր է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, ըստ որի՝  Ռամադանի  ամսվա ընթացքում Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման պահանջ է դրվում։

Բանաձևին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 14 երկրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան, միայն Միացյալ Նահանգները ձեռնպահ է մնացել։