Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Փաշինյանը միտումնավոր է զոհաբերել Արցախը․ վտանգավոր առաջարկություն. Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է․

Փաշինյանը միտումնավոր է զոհաբերել Արցախը

Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», – նշել են Հայաստանի Արտգործնախարարությունից։

ԱԳՆ այս հայտարարությունը, որին բնորոշ է սեփական քաղաքականության ձախողման պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փաշինյական ոճը, իր բնույթով մանիպուլյացիոն է:

Փորձ է արվում ԼՂ ղեկավարության վրա բարդել Արցախի կործանման, խաղաղության պայմանագրում ԼՂ խնդիրը անտեսելու պատասխանատվությունը:

Իրականությունը, սակայն, այն է, որ ԼՂ խնդիրը՝ որպես հակամարտություն, փակել է Նիկոլ Փաշինյանը՝ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում, քառակողմ հայտարարության շրջանակներում, ԼՂ-ն ճանաչեց ունիտար Ադրբեջանի մաս:

Հենց դրա հետևանքով է ԼՂ խնդիրը դուրս եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից:

Ընդ որում, պնդում եմ, որ Փաշինյանը միտումնավոր է զոհաբերել Արցախը՝ ոչ այնքան խաղաղության հասնելու, որքան Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հիմքեր ստեղծելու համար:

Վտանգավոր առաջարկություն

Արցախցիները միանգամայն ճիշտ են, երբ պնդում են, որ կառավարությունը կրճատելով աջակցության ծրագրերը՝ միտումնավոր իրենց մղում է արտագաղթի:

Արցախցիներին հնարավորինս արագ պետք է ինտեգրել Հայաստանի քաղաքական, հանրային կյանքին, բայց դրա ճանապարհն աջակցության ծրագրերի դադարեցումը չէ:

Մյուս կողմից, վտանգավոր է, երբ Փաշինյանի թիմի՝ արցախցիների դեմ տարվող կամպանիային ընդդիմադիր որոշ գործիչներ հակադրում են թեզեր, որոնք արկածախնդիր են իրենց էությամբ:

Դրանցից մեկը՝ Հայաստանում Արցախի նախագահի և ԱԺ ընտրություններ կազմակերպելն է:

Այս մարդիկ նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե նման նախաձեռնությունը ինչպիսի հաղթաթուղթ է դառնալու Ադրբեջանի համար:

Արցախահայությունը Հայաստանում պետք է ինքնակազմակերպվի, սակայն դա պետք է տեղի ունենա ոչ թե պետական կառույցների, այլ հասարակական կազմակերպության ձևաչափով: