Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Փաշինյանը հայտնեց, թե «Խաղաղության պայմանագրում» Ադրբեջանի հետ որ երկու հարցերը դեռ չեն համաձայնեցվել

Սահմանազատման հանձնաժողովների միջև երբ որ հանդիպելու պայմանավորվածություն կլինի, այդ մասին կասվի. այս պահին կոնկրետ ժամի, օրվա մասին պայմանավորվածություն չկա, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենն ինչ տեղի է ունենալու հանձնաժողովների կանոնակարգում նկարագրված ձևով: Այդ փաստաթուղթը հրապարակված է: Մենք պատրաստակամ ենք և անկեղծ պետք է ասեմ, որ սահմանազատման պրոցեսը, ըստ էության, 2024-ին շատ առարկայացավ: Մենք Ադրբեջանի հետ առաջին միջպետական թուղթը ունենք: Ամեն երկիր հաստատել է այդ փաստաթուղթը, ինչը անկյուանաքարային նշանակություն ունի:

Արդեն կա պայմանավորվածություն, որ առաջիկա շրջանում հանձնաժողովները, կողմերը կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման Հայաստան-Ադրբեջանի սահմանագծման աշխատանքներին»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ «Խաղաղության պայմանագրի» հետ կապված նոր ասելիք չկա, որովհետև ինքն արդեն ասել է, որ նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են:

«Երկու չհամաձայնեցված կետ կա, և երկուսի մասով էլ Հայաստանը առաջարկել է լուծումներ: Դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանի, սահմանազատված հատվածների նկատմամբ: Եվ նաև կա իրավական հարթություններում վեճերի միջազգային ատյաններից հետ կանչելու թեման, որը որոշակի հանգամանքներում և պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել: Մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք որևէ բան հետ կանչում, այլև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես:

Հակառակ դեպքում կարող է ստացվել իրավիճակ, որ մենք ինչ-որ մի հարց հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, այսինքն պայմանավորվեցինք, որ դա չենք տանում միջազգային ատյաններ, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ: Իսկ այդ պարագայում արդեն մենք մեր ճանապարհը փակած կլինենք, այդ էսկալացիայի ռիսկըկառավարելու, միջազգային հարթակները օգտագործելու համար։

Հետևաբար, եթե մենք այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, և էլի հումանիտար նուրբ հարցեր կան, դա կարող է մեզ համար ընդունելի լինել, և մենք այս ուղղությամբ աշխատում ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։