Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի առաջնորդների, այդ թվում մասնավորապես Սամվել Կարապետյանի նկատմամբ:
Ես երկու օր առաջ արձանագրել էի, որ Կարապետյանի՝ 2,5 ժամ տեւած մեծ ասուլիսը ըստ էության նաեւ ակնհայտորեն պատասխան էր այդ մանիպուլյացիոն խաղին, երբ Կարապետյանը այդպիսի տեւական հարցուպատասխանով գործնականում հակադարձեց կիրառվող մանիպուլյացիան:
Բայց, անկասկած է, որ ջանքը շարունակվելու է, քանի որ գործող իշխանությունն այս ընտրարշավում գործնական իմաստով չունի ոչ մի համեմատական առավելություն գործնական, առարկայական, իրական հողի վրա: Դա է պատճառը նաեւ, որ քարոզչության առանցքում է պատերազմի շանտաժը:
Այստեղ սակայն շատ կարեւոր է արձանագրել մի բան: Երբ մարդը 2019 թվականին վարժ հայերենով հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, ու դարձյալ շատ ու շատ բաներ էր հայտարարում, երբ մարդը 2021 թվականին վարժ հայերենով հայտարարում էր, թե գործելու է «անջատում հանուն փրկության» սկզբունքի, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի համար, իսկ հիմա վախենում է անգամ Արցախ բառն օգտագործել ու վարժ հայերենով հայտարարում է, թե «ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր», ապա պետք է պարզապես լրջորեն տագնապել երկրի կառավարման ղեկին այդ մարդու հետագա գործունեության համար, այլ ոչ թե «հիանալ» հայերենի հարցում քաղաքական մրցակիցների հանդեպ նրա առավելությամբ:
Պետք է տագնապել, թե նա վարժ հայերենով էլ ինչ նոր հնարավորություններ է ստեղծելու Հայաստանի պետականության հանդեպ արտաքին աշխարհաքաղաքական վարժանքների համար, որոնք լինելու են նրան հայտնվող արտաքին աջակցության գինը:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան







