Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սա ցեղասպանություն է. Գազայի հիվանդանոցի վրա հարձակման միջազգային արձագանքը

«Սա ռազմական հանցագործություն է և ցեղասպանություն». Գազայի հիվանդանոցի վրա իսրայելական հարձակմանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Հարձակումը հիվանդանոցի վրա, որտեղ կան կանայք, երեխաներ և անմեղ քաղաքացիներ,  զուրկ է մարդկային  նկարագրից: Կոչ եմ անում միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում այս աննախադեպ դաժանությունը դադարեցնելու համար»:

Էրդողանի հայտարարությունից հետո Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը խորհուրդ տվեց Թուրքիայում գտնվող իսրայելցիներին անհապաղ լքել երկիրը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է.

«Ռուսաստանը և ԱՄԷ-ն հոկտեմբերի 18-ի առավոտյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ բաց նիստի առաջարկ են արել՝ կապված Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետ»:

Հորդանանի ԱԳՆ-ից ասել են.

«Հորդանանը խստորեն դատապարտում է Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում գտնվող «Ալ-Ահլի» հիվանդանոցի դեմ»:

Եգիպտոսի ԱԳՆ-ն արձագանքել է.

«Եգիպտոսը քաղաքացիական թիրախի այս միտումնավոր ռմբակոծությունը համարում է միջազգային մարդասիրական իրավունքի  և մարդկային հիմնական արժեքների խախտում»:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի խոսքը.

«Այս կոտորածի պատասխանատվությունը կրում է թշնամին, որը հարվածել է հիվանդանոցին, մզկիթին և եկեղեցուն՝ նույն տեղում: Ամերիկացիներն անսահմանափակ արտոնություն  են տվել թշնամուն այս հանցագործությունները կատարելու համար: Սրանք բոլորը ռազմական հանցագործություններ են, սա ցեղասպանություն է»։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է.

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խստորեն դատապարտում է հարձակումը։ Նախնական տվյալներով՝ այնտեղ հարյուրավոր զոհեր ու վիրավորներ կան։ Մենք կոչ ենք անում անհապաղ պաշտպանել քաղաքացիներին և առողջապահական անձնակազմին, ինչպես նաև վերացնել տարհանման հրամանները»:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է.

«Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտում է ահավոր հանցագործությունը, որը կատարվել է իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից՝ թիրախավորելով Գազայի Ալ-Մամադանի հիվանդանոցը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ»:

Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությունը.

«Սիրիայի Արաբական Հանրապետությունն այս կոտորածի, ինչպես նաև նմանատիպ այլ ջարդերի պատասխանատվությունը դնում է արևմտյան երկրների վրա և առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների, որոնք մեղսակից են Պաղեստինի ժողովրդին բնաջնջելու իսրայելական  գործողություններին»: