Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Կուրսկում 10 հազար ուկրաինացի զինվոր կարող է հայտնվել շրջափակման մեջ, որովհետև Ուկրաինան ԱՄՆ-ից այլևս հետախուզական տվյալներ չի ստանում

Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Կուրսկի շրջանի Վիկտորովկա, Նիկոլաևկա և Ստարայա Սորոչինա բնակավայրերը. հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռուսական բանակի հարձակումից հետո, որը ճեղքել է Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության գիծը, ուկրաինացի 10 հազար զինվոր կարող է շրջափակման մեջ լինել։

Ուրբաթ օրը ռուսական զորքերը շարժվել են դեպի Սուջա քաղաք և հյուսիսից մտել Ուկրաինայի Սումիի շրջան։

Զինվորներից մեկը The Telegraph թերթին ասել է, որ Ուկրաինան դիտարկում է Կուրսկից նահանջելու հնարավորությունը՝ հետագա կորուստներից խուսափելու համար։

«Փորձում ենք խուսափել կորուստներից, շրջափակման սպառնալիքն ակնհայտ է»,- նշել է  նա։

Գլխավոր ճանապարհով ռուսական բանակի առաջխաղացումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը։