Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Ռուսաստանի ՊՆ-ը հաստատել է, որ Սումիին հրթիռային հարված է հասցրել. հաղորդվում է 34 զոհի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սումի քաղաքի վրա հարձակումն իրականացվել է երկու «Իսկանդեր-Մ» հրթիռներով։ Կիրակի օրը ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ երկու «Իսկանդեր-Մ» հրթիռ է արձակվել Սումիի ուղղությամբ. հայտնում է BBC-ն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հարվածի թիրախ է անվանել Ուկրաինայի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարական կազմի նիստի վայրը։ Նախարարությունը հայտնում է, որ ավելի քան 60 ուկրաինացի զինվոր է զոհվել։ BBC-ն չի կարողացել ստուգել այս պնդումը։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարվածն իրականացվել է «ուկրաինական զինված ուժերի ակտիվ հակազդեցության պայմաններում՝ օտարերկրյա արտադրության էլեկտրոնային և հակաօդային պաշտպանության համակարգերի օգտագործմամբ»։

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հարձակման հետևանքով զոհվել է 34 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել՝ 119 խաղաղ բնակիչ։

Ուկրաինան չի հաստատել ռուս պատերազմամետ բլոգերների այն պնդումը, որ Սումիում հարձակումն իրականացվել է զինվորականների վրա։ Ոչ պաշտոնապես, ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ քաղաքում կարող էր տեղի ունենալ զինվորականների պարգեւատրման արարողություն։