Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Նիկոլ Փաշինյանը, որպես պետական գործիչ, հոգեբանորեն, ֆիզիկապես, բարոյապես սպառվել է և պետք է գնա հանգստի. Աղազարյան

Մեր թիմի, մեր կուսակցության մոտեցումը հետևյալն է. Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը ղեկավարել է ծանրագույն ժամանակահատվածում, ծանրագույն  որոշումներ ընդունելու ժամանակահատվածում և որպես մարդ, որպես քաղաքացի, որպես պետական գործիչ, հոգեբանորեն, ֆիզիկապես, բարոյապես նաև, ինքը սպառվել է և պետք է գնա հանգստի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ պարոն վարչապետը չվերարտադրվի օրենքներով, Սահմանադրությամբ: Էլի սխալվելու իրավունքով ժողովուրդը ոնց կորոշի»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ եթե ժողովուրդը 2018-ի պես փողոց դուրս գա և մի հոգի մնա, այդ ժամանակ ինքն էլ դուրս կգա:

Հարցին՝ ՔՊ պատգամավորներից որևէ մեկն իր հետ խոսե՞լ է իրեն անձեռնմխելիությունից զրկելու թեմայով, Աղազարյանը պատասխանեց, որ ինքն ընդգծված կերպով չի շփվում իր նախորդ գործընկերների հետ, որովհետև երջանիկ է, որ նրանց մեծամասնության հետ ճանապարհ է անցել և չի ուզում իմ շփումներով նրանց դնել դժվար, անհարմար վիճակի մեջ։

Նա ընդգծեց, որ մասնակցելու է իրեն անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը և դեմ է քվեարկելու: