Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական շրջանի մայոր Հայկ Թորոյանի մարմնի խոշտանգման, սպանության և պղծման փաստը՝ Ադրբեջանին պարտադրելով 90. 000 եվրո վճարել սպանվածի հարազատներին։
Լուսանկարում Սերհան Սենանի օղլու Մամեդովն է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի ենթասպան (ծնված 1991 թվականի ապրիլի 4-ին, Բարդայի շրջանի Օտուզիկիլիար գյուղում):
Հենց Մամեդովն է կատարել ռազմական հանցագործությունը՝ կտրեկով մայոր Թորոսյանի դաստակները, այնուհետև գլխատելով նրան. ըստ դատաբժշկական փորձաքննության՝ դաստակները կտրելու և գլխատելու ժամանակ հայ զինվորը դեռ ողջ է եղել։ Մամեդովը գլխատել է նաև ռազմական բեռնատարի վարորդին՝ պայմանագրային զինծառայող Հրանտ Ղարիբյանին:
Այս հանցագործությունից հետո՝ 2016 թվականի հունիսի 24-ին, Իլհամ Ալիևի հրամանագրով, Մամեդովը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Մամեդովի գլխավորած խումբը կասկածվում է նաև Թալիշ գյուղից տարեց Խալափյան զույգի սպանության և հետագայում դրանց մարմինների պղծման մեջ:
ՀՀ համապատասխան մարմինները քրեական գործեր են հարուցել զինծառայողներ Թորոյանի և Ղարիբյանի սպանության և գլխատման, ինչպես նաև 2016 թվականին Թալիշ գյուղից տարեց ընտանիքի գնդակահարության դեպքերի կապակցությամբ։










