Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանից զորքերի դուրսբերման հարցը. Միրզոյան

Երևանը և Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունները.  հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ ճեպազրույցում։

«Մենք առաջարկել ենք հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու նախաձեռնություն:

Կարծում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել նոր հնարավոր էսկալացիաները։ Ես չեմ ասի, որ ունենք համաձայնություն, բայց սա գաղափար է, որը քննարկվում է»,- հայտարարել է  Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ քննարկվում է   գերիների փոխանակման պայմանավորվածությունը։ Այս հարցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։

«Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների  երկու բաղադրիչ կար՝ գերիների փոխանակում և Կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտը, որը պաշտոնապես ավարտվել է երեկ։

Այսօր արդեն կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Մենք չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի կատարի պայմանավորվածությունը»,–ասել է Միրզոյանը։