Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Նիկոլը չներեց նրանց. քաղաքական հալածյալից՝ բանտարկյալ, հետո նաև անշունչ մարմին, փաստորեն, մեկ քայլ է

Դատարանում իշխանությանը հակադրվող քաղաքական-հասարական գործիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն է մահացել: Բոթը շատ արագ տարածվեց: Արմենը հանկարծամահ է եղել մոր ու եղբոր, ընկերների ու հարազատների, հանրության ու դատավոր Մնացական Մարտիրոսյանի աչքի առաջ:

Իսկ ինչո՞ւմ էր մեղադրվում մայիսի 17-ից անազատության մեջ պահվող պրոդյուսեր Գրիգորյանը:

Նրան մեղսագրված էր հրապարակայնորեն ազգային արժանապատվությունը նվաստացնելու արարք:

Օրվա ընթացքում կարմիր թելի պես անցավ տեսակետը, թե Արմենին սպանեցին:

Սպանեցին ճիշտ այնպես, ինչպես Մանվել Գրիգորյանին: Ճիշտ նույն դատավոր Մնացական Մարտիրոսյանն էր, որ առանց որևէ հիմնավորման, մերժում էր Արցախի հերոս Գրիգորյանի՝  պաշտպանների բերած մի քանի տասնայկի հասնող խափանման միջոցը փոխելու միջնորդությունները:

Առողջական վիճակի պատճառով Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը մահացավ կալանավայրում 44-օրյա հացադուլից հետո: Նրա մահվանից 4 տարի անց էլ ոչ ոք չի պատժվել: Ու թերևս այդ անպատժելիությունն էլ բերեց նոր մահեր:

Նիկոլը չներեց նրանց:

Եթե Արմեն Գրիգորյանն ու Մհեր Եղիազարյանը չներվեցին իշխանությանը հրապարակային քննադատելու և իրերն իրենց անունով կոչելու համար, ապա Մանվել Գրիգորյանը չներվեց 2008թ.-ին Նիկոլ-Լևոն Տեր-Պետրոսյան տանդեմին չմիանալու համար:

Քաղաքական հալածյալից՝ բանտարկյալ, հետո նաև անշունչ մարմին, փաստորեն, մեկ քայլ է:

Ու այդ քայլի մեջ մեղավոր են դատախազները, դատավորները, ովքեր ոչ թե իրենց աշխատանքն են կատարում, այլ հրաման, մեկ մարդու հրաման: Ու մահերը ծանրանալու են ոչ միայն հրաման տվողի, այլ նաև այն անվերապահորեն կատարողների խղճին:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Azg.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 9-ի «դրոշի գործով» դեռ անցյալ տարվա դեկտեմբերից կալանավորված Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է։ Սրտի հետ կապված խնդրով նրան տեղափոխել են հիվանդանոց։