Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իրանի դեսպանը ևս հաստատեց. Բաքու-Նախիջևան ճանապարհն իրանցիները չեն փակել

«Իրանը չի փակել Բաքու-Նախիջևան ճանապարհը։ Բերձորի միջանցքը փակելու պատճառով հումանիտար ճգնաժամ է առաջացել։ Երևանին ու Բաքվին հորդորում ենք նստել բանակցային սեղանի շուրջ»,-այսօր հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին իրանագետ, Իրանում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Առաքելյանը հաղորդել է, որ Իրանի տարածքով «Բաքու-Նախիջևան մայրուղին» փակ լինելու մասին շրջանառվող լուրը հաստատող փաստեր չի գտել։ Նա Azg.am-ին տեղեկացրել է, որ չկա նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող հատուկ մայրուղի։ Դա ընդամենը Իրանի տարածքով անցնող միջնահանգային ճանապարհ է, որից օգտվում է նաև Ադրբեջանը Նախիջևանին միանալու համար, և  որից միաժամանակ օգտվում են նաև իրանցիները:

Ադրբեջանցիների կողմից Բերձորի միջանցքը փակելու կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարության խոսնակն էլ իր հերթին թեև հույս է հայտնել, որ միջանցքը կբացվի, բայց առանց Ադրբեջանի արարքը դատապարտելու՝  կողմերին կոչ է արել խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։

«Այս հայտարարությունը  մյուս երկրների հայտարարությունների նման  զուրկ է հասցեականությունից»,- Բերձորի միջանցքն ադրբեջանցիների կողմից փակելու հետ կապված իրանական կողմի դիրքորոշումը, գնահատականն արձանագրել ու հետևություն է արել իրանագետը։

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, լրատվամիջոցները շրջանառեցին  Հարութ Արթին Առաքելյանի սենսացիոն հայտարարությունը. «Իրանը քանի օր է՝ Բաքու-Նախիջևան մայրուղին, որն անցնում է Իրանի տարածքով, փակել է։ Դա արվել է Բերձորի միջանցքի  փակվելուց հետո: Իրանը ոչ միայն արձագանքել է, այլև փոխադարձ քայլով փակել է ճանապարհը»։

Գրիգոր Առաքելյանը ստուգել է Հարութ Արթին Առաքելյանի տարածած տեղեկության «իսկությունը» և պարզել, որ իրանցիները ոչ մի ճանապարհ էլ չեն փակել։

Ինչպես տեսնում ենք, ՀՀ-ում Իրանի դեսպանը ևս փաստում է, որ իրանցիները Բաքու-Նախիջևան ճանապարհը չեն փակել։

Հարութ Արթին Առաքելյանի՝ երեկ հնչեցրած հայտարարությունը կեղծ է՝ ապատեղեկատվություն։