Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Աղետալի վիճակում ենք, սա այն աշխատանքը չէ, որ Ֆիլիպիններից մարդ բերենք. կրթության փորձագետը՝ ուսուցիչների պակասի ու խրախուսվող անկրթության մասին

Հայաստանում ուսուցիչների թիվը վերջին մեկ ուսումնական տարում նվազել է 877-ով: Սա կրթության փորձագետներն աննախադեպ ցուցանիշ են համարում: Նաեւ ահազանգում են՝ ուսուցիչների ծերացման միտում կա. դպրոցներում դասավանդողների  12%-ը 65-ից բարձր տարիք ունի: Հինգ տարի առաջ այս տարիքային շեմում մոտ 1700 ուսուցիչ կար, այժմ արդեն նրանց թիվը հատում է 3500-ը: 

     «Աղետալի վիճակում ենք»,-ասում է Սերոբ Խաչատրյանը:  Ըստ կրթության փորձագետի՝ ֆինանսի եւ համապատասխան վերաբերմունքի պակասն էր պատճառը, որ մանկավարժական բուհեր դիմողների թիվը տարեցտարի  նվազեց: «Սա ես այսօր համարում եմ կրթության ոլորտի թիվ մեկ խնդիրը»:  

      Այս տարի, 2021-ի համեմատ, 240 –ով նվազել է Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դիմորդների թիվը, մեծ մասն էլ ձախողել է քննությունը մեկ կա երկու առարկայից: «Ունենք բավականին վատ պատկեր»,- գնահատականը համալսարանի ուսումնական գործընթացների հարցով պրոռեկտոր  Նաիրա Սաֆարյանինն է: Մի քանի առարկաների մասով վիճակն ավելի տխուր է:       

 Համալսարանն անցած տարի մաթեմատիկայի գծով ունեցել է 37, այս տարի՝ 11 դիմորդ:   Իսկ ինֆորմատիկա մասնագիտությամբ բուհն ուսանող էլ չունի: Այս տարի երկու դիմորդ է եղել, երկուսն էլ ձախողել են քննությունները:  Աշխարհագրության գծով ընդամենը 5 դիմորդ է եղել, քիմիան ու ֆիզիկան այլեւս հետաքրքություն չեն առաջացնում,  կենսաբանության համար 15 շրջանավարտ է դիմել:

«Եթե մենք ուսուցիչ չունենանք, ես չգիտեմ՝ ինչ ենք անելու,- անհանգստանում է Սերոբ Խաչատրյանը,-սա այգեպանի կամ ՏՏ ոլորտի աշխատանք չէ, որ Ֆիլիպիննեից, Ռուսաստանից կամ ուրիշ տեղերից մարդ բերենք, սա այն աշխատանքն է, որը  միայն հայը կարող է անել, մենք չենք կարող Ֆինլանդիայից մարդ բերել, որ Հայաստանի դպրոցում դասավանդի: Սա ինձ համար ուղղակի ահազանգ է: Կառավարութունն այս հարցով պետք է շատ լուրջ զբաղվի, այլապես մենք ուղղակի աղետի մեջ կարող ենք հայտնվել»:

   Կառավարությունը «զբաղվում է»: Ամիսներ առաջ գործադիրը աղմկահարույց որոշում ընդունեց, որով կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը պետք է հասներ մինչեւ 400 հազար դրամի: Իշխանության ներկայացուցիչների ելույթներից թվում էր, թե Հայաստանում բոլոր ուսուցիչներն  արդեն պետք է մի քանի անգամ ավելի շատ աշխատավարձ ստանան:  Իրականում  400 հազարը սահմանվում էր գրեթե 100 տոկոսանոց արդյունքի դեպքում, իսկ այդ շեմը հաղթահարել է սահմանափակ թվով ուսուցիչ: Ստացվում է ՝ մեծ մասին այս որոշումը  չի առնչվում: 

   Հարցին ՝ ինչու բոլոր ուսուցիչների աշխատավարձը չի բարձրացվում ՝ ԿԳՄՍ նախարարը պատասխանել էր, թե նրանք պետք է վաստակեն այդ հավելավճարը, ապացուցեն, որ արժանի են:  

      Միեւնույն ժամանակ  միեւնույն երկրում կայացվում է որոշում, ըստ որի՝ միջնակարգ կրթությամբ քաղաքացիները կարող են  համալրել պարեկային ոստիկանության ծառայության շարքերը եւ ստանալ աշխատավարձ՝ սկսած 350 հազար դրամից: Գործադրի նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ շեշտեց այս պայմանը՝ բարձրագույն կրթություն հարկավոր չէ:  Նա անգամ գոհունակությամբ խոսեց այն մասին, որ մի քանի ուսուցիչ որոշել է պարեկային ոստիկան դառնալ: Այստեղ գոնե նրանցից բարձր աշխատավարձի համար կամավոր ատեստավորում պահանջող չի լինի:

    Զարմանալին նաեւ այն է, որ  հենց այդ նիստերից մեկի ժամանակ էլ այս նախագծերին հավանություն տվողը ՝ նույն ինքը՝ Փաշինյանը,  կրթական ոլորտի բացը   համարեց Հայաստանի բոլոր խնդիրների պատճառը: 

    Հակասությունը ՝ հակասություն, բայց ստացվում է ՝ Փաշինյանը ճիշտ է. Հայաստանն անկախ պատմության ընթացքում ամենածանր օրերն է ապրում՝ խրախուսվող անկրթությամբ, անկիրթ պարեկներով, եւ բարձրագույն կրթություն չունեցող ղեկավար-վարչապետով…