Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Իսրայելական հարձակումը տեղի չէր ունենա՝ առանց Վաշինգտոնի թույլտվության. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումից հետո Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները «անիմաստ» են՝ մեղադրելով Վաշինգտոնին ագրեսիային աջակցելու մեջ. հայտնում է Mehr-ը։

«Մյուս կողմը (ԱՄՆ) գործել է այնպես, որ երկխոսությունն անիմաստ է դարձել։ Դուք չեք կարող պնդել, որ բանակցություններ եք վարում և միևնույն ժամանակ  թույլ տալ սիոնիստական ​​ռեժիմին (Իսրայելին) թիրախավորել Իրանի տարածքը», – հայտարարության մեջ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա հավելել է, որ իսրայելական հարձակումը տեղի չէր ունենա` առանց Վաշինգտոնի թույլտվության։

Ավելի վաղ Իրանը մեղադրել էր ԱՄՆ-ին Իսրայելի հարձակումներին մեղսակից լինելու մեջ։

ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը պետք է տեղի ունենար կիրակի օրը, Մասկատում, սակայն դեռևս պարզ չէ՝ այն կշարունակվի՞ Իսրայելի հարվածներից հետո, թե՞ ոչ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Ռոյթերս»-ին ասել է, որ ինքը և իր թիմը գիտեին Իսրայելի կողմից սպասվող հարձակումների մասին, բայց նրանք դեռևս տեսնում էին համաձայնության հասնելու հնարավորություն, հաղորդում է «Ռոյթերս»-ը։