Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ինչպես կոծկվեց 44 օր հացադուլի մեջ մնացած Մհեր Եղիազարյանի մահվան քրգործը

Մամուլում դավադիր լռության մատնվեց «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախկին փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր ՄՀԵՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ մահվան երկրորդ տարելիցը: Մինչդեռ նա գործող իշխանության առաջին «զոհն» էր, ում ձայնը խլացվեց «թավշյա» աղմուկի մեջ:

Հիշեցնենք, որ նա, համարելով անարդար իր անազատության մեջ գտնվելը, հացադուլ հայտարարեց եւ այսօր արդեն խորհրդանշական դարձած 44 օր մնաց հացադուլի մեջ: Ապա դուրս գալով հացադուլից` 10 օր հետո ինքնազգացողությունը կտրուկ վատացավ եւ մահացավ 2019թ. հունվարի 26-ին` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնար հիվանդասենյակում` այդպես էլ չհասնելով արդարության: Դեռեւս նախորդ տարի մամուլում հայտնվեց տեղեկատվություն, թե Քննչական կոմիտեն որոշել է վերաբացել Մ. Եղիազարյանի մահվան հանգամանքներին վերաբերող քրեական գործը եւ նոր քննություն է սկսել, ուստի` թե որքանով է այն համապատասխանում իրականությանը, վերոնշյալ դեպքից երկու տարի անց` քնությունն ի՞նչ է պարզել: Եվ ինչպես է բացատրվում այն, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը շուրջ տարիուկես գործը քնեցնելուց հետո` դատաբժշկական քննության եզրակացությունը ստանալուն պես` շտապ կարճել էր հարուցված քրեական գործը: Կամ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի 15 էջից բաղկացած եզրակացության մեջ որեւէ նոր հանգամանքներ քննության հետագա ընթացքի համար արդյոք պարզվե՞լ է: «Իրավունքը» վերոնշյալ մի շարք հարցերով դիմեց Քննչական կոմիտե, որտեղից ստացանք հետեւյալ պատասխանը. «2019 թ. ապրիլի 15-ին Մ. Եղիազարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, եւ մինչ եզրակացությունը ստանալը` քրեական գործով վարույթը կասեցվել է: 2020 թ. մայիսի 13-ին ստացվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` Մ. Եղիազարյանի հացադուլի ժամանակ, դրանից հետո ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ստացիոնար բուժում ստանալու, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժաշխատողների կողմից հետազոտությունների ընթացքում բուժօգնություն ցուցաբերելիս թերություններ եւ բացթողումներ, որոնք նրա մահվան հետ գտնվեին պատճառական կապի մեջ, չեն հայտնաբերվել: 2020 թ. մայիսի 13-ին քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է, վերը նշված եզրակացությունը ծանոթացվել է տուժողի իրավահաջորդին եւ քրեական գործով վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով»:

Ահա եւ Նիկոլի իշխանության օրոք մարդու կյանքի արժեքը. տարուց ավել շարունակվող պարզ դատաբժշկական փորձաքննություն, ու հետո պարզվում է, որ թեեւ մարդը մահացել է, սակայն որեւէ մեկը մեղավոր չէ: Մնում է հուսալ, որ Նիկոլից հետո այս մահվան քրգործը  նորից կքննվի, նաեւ նախկին քննիչների դերակատարման փաստի ներառմամբ: