Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ի՞նչ որոշում կկայացվի Մալաթիայի տոնավաճառի տնօրենի ու տեսչական մարմնի հանդիպման արդյունքում

Մալաթիայի տոնավաճառն այսօրվանից փակ է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խախտումների պատճառով է տոնավաճառի գործունեությունը կասեցվել։

Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնել էր, որ 17 թերություններից 12-ը վերացված է։ Երեկ նա հանդիպում է խնդրել տեսչական մարմնի հետ։

Մալաթիայի տոնավաճառի մոտ 10 աշխատակիցներ, շուկայի տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, պատրաստվում են հանդիպել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տոնավաճառի աշխատակիցների պահանջները:

«Այսօր  պետք է պատասխան տան, թե քանի օր ժամանակ են տալիս՝ շտկելու որոշ թերություններ, որպեսզի  կարողանանք աշխատել։ Հիմա 10 հոգով կգնանք տեսչական մարմին, մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը սպասում է մեզ: Զրուցենք ու տեսնենք, թե ինչ կլինի վերջնական որոշումը»,- հայտնել է տոնավաճառի տնօրենը։

«Մալաթիա» տոնավաճառի տաղավարներն այսօրվանից փակ են, աշխատակիցներն առավոտից բողոքի ցույց են անում՝ իշխանություններից պահանջելով վերանայել իրենց մոտեցումն ու գնահատականը, ժամանակ տալ, որպեսզի խախտումները վերացվեն և տոնավաճառի աշխատանքը վերականգնվի։

Տոնավաճառի փակվելու պատճառով 600 մարդ կորցնում է աշխատանքը։