Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Երբ տան նկուղը ներկայացվում է՝ որպես խրամատ, կամ՝ «Էրատո» ջոկատի գորիսյան արկածները. 168.am

Օրեր առաջ Աբովյան քաղաքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Էրատո» ջոկատի «մարտական» գործողություններին, հայտարարել է, թե այդ ջոկատը Գորիսի խրամատներում է կանգնել:

«Ստեփանակերտից հետո, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում, ու գնում են Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում: Ի՞նչն է այստեղ վատ, դավաճանությո՞ւն ա: Պետք է գնային սալոններում լինեին, որ ճիշտ լինե՞ր»,- ասել էր նա:

Մի կողմ թողնենք, որ այդ օրերին սոցցանցերում հատկապես կանայք քննարկում էին «ֆենած» մազերով էրատոներին՝ կարծես ամեն օր սալոններից էին դուրս գալիս…

Մեր տեղեկություններով, նախ Աննա Հակոբյանի և «Էրատո» ջոկատի անվտանգության ապահովման համար Գորիսում բունկեր և խրամատ էր փորվել:

Ավելի ուշ 2-րդ, 3-րդ գծում մի փոքր փոս են փորել, երբ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 17-19-ին գնացել է այնտեղ, բայց սա դասական իմաստով խրամատ չի եղել:

Ինչ վերաբերում է այդ օրերին սոցցանցերում տարածված «Էրատո» ջոկատի և Աննա Հակոբյանի «ռազմական» նկարներին, ապա դրանք արվել են Կոռնիձոր-Խնձորեսկ հատվածում գտնվող մի տան նկուղում, որտեղ Աննա Հակոբյանը բուշլատով ծածկված է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կնոջը հանձնարարել է գնալ Արցախ՝ հրամանատարական կետ՝ բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու:

«Իմ տիկնոջն են թիրախ դարձնում՝ մոռանալով հարց տալ, իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակչության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը, այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող քաղաքը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել՝ որպես իշխանության ցոփության օրինակ։ Ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր հասցնելը հանցագործությո՞ւն էր»,- ասել էր Փաշինյանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն էլ հավելել էր, թե Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված է եղել բացառապես թիկունքային աշխատանքներում:

Սա՝ այն դեպքում, երբ ՊԲ նախկին հրամանատար և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը լրագրողներին հստակ հայտնել էր, թե ինչպես է Աննա Հակոբյանը բունկերում նստած հետևել մարտական գործողություններին:

«Հրամանատարական կետից ես բարձրացել եմ վերև՝ ճաշելու, իջել եմ-տեսել եմ՝ նստած է տիկին Աննան, էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, կողքին կանգնած է Բաբայան Սամվելը: Բարևել եմ, նստել սեղանի շուրջ, որովհետև այնտեղ ընթանում էր մեկ դիտարժան մարտ, բոլորդ շատ երկար ժամանակ լուսաբանում էիք, դա հակառակորդի մուտքն էր դեպի Մատաղիս, երբ որ մեր զորքերը ջախջախում էին և բավականին էֆեկտիվ էին ջախջախում: Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի չէր միջամտում, ցուցումներ չէր տալիս, դիտարկում էր ընդամենը՝ ինչ էր կատարվում մարտի դաշտում: Երբ որ դա ավարտվեց, ես մոտեցա, խնդրեցի-ասեցի՝ տիկի՛ն Աննա, այսպիսի տեսարժան բաներ չի լինելու. մնացած ուղղություններում ընթանում են մարտեր: Նպատակահարմար է, որ Դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև՝ հայհոյեն, կաշկանդվում են Ձեզնից: Ասեց՝ լավ: Մի 20 րոպե նստեց-գնաց: 4 ժամից հետո ինձ կանչեցին Երևան»,- մանրամասնել էր գեներալը:

Ի դեպ, հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանը գրառում էր կատարում, որ գտնվում են գնդակոծվող քաղաքում, և կից տեսանյութ տեղադրում, որտեղից երևում էր, որ ինքը և Նիկոլ Փաշինյանը դուրս են գալիս առանձին զրույցից, իսկ դռների առաջ նրանց սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։