Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին:

Փաշազադեն շարունակում է քարոզչական պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ ի դեմս Ամենայն Հայոց կաթողիկոսի։

Ըստ ադրբեջանական APA-ի, նամակում նշվում է, որ կրոնական առաջնորդները պետք է ծառայեն Միասնական Արարչին և Ճշմարտությանը, և ոչ մի կերպ չնպաստեն հակամարտություններին և բախմանը, այլ նպաստեն խաղաղությանը, խաղաղ համակեցությանը և փոխըմբռնմանը։

ԱՄԿ-ի նախագահը առաջարկել է,  իր ներկայացուցիչներ ուղարկել՝  իրական իրավիճակին ծանոթանալու համար։

«Այս տարվա մայիսի 27-28-ը Բեռնում կայացած համաժողովում Ձեր ելույթի վերաբերյալ  ես պետք է ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունը հրավիրեմ այն ​​փաստին, որ համաշխարհային հանրության կողմից ճանաչված 86,6 հազար քառակուսի կիլոմետր Ադրբեջանի տարածքի վրա չկա «Արցախ» անունով վարչական միավոր։ Նույնիսկ Հայաստանի վարչապետն է  ճանաչել այս պատմական իրականությունը», – հավելել է Փաշազադեն։

Ադրբեջանի մահմեդական առաջնորդն այնուհետև սկսել է հերյուրանքների, զրպարտությունների տարափը Հայ եկեղեցու հասցեին՝ իբր  Հայ եկեղեցին մարդկանց մղում է ոչ թե խաղաղության, այլ բռնության, հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ։

 «Ես կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական ​​քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները», – ասվում է Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահի նամակում։