Առաջ են տանում մի տգիտություն, թե՝ քննադատել եվրոպական պաշտոնյաներին, ԵՄ կամ առանձին եվրոպական երկրի քաղաքականություն, նշանակում է Հայաստանը պատկերացնել «ռուսական գուբերնիա». Հակոբ Բադալյան

Հայաստանում միանգամայն հասկանալի քարոզչական նպատակներով առաջ են տանում մի տգիտություն, թե՝ քննադատել եվրոպական պաշտոնյաներին, ԵՄ կամ առանձին եվրոպական երկրի քաղաքականություն, նշանակում է Հայաստանը պատկերացնել «ռուսական գուբերնիա»։
Սրա խորքային շերտերին ու մոտիվներին անդրադառնում եմ պարբերաբար, թե այստեղ, թե տելեգրամյան ձեւաչափով։
Գործնականում, հնարավոր չէ զբաղվել Հայաստանում առավել հակաեվրոպական կամ հակաարեւմտական գործունեությամբ, քան հենց այդ «նարատիվի» տարածումը։
Որովհետեւ, արեւմտյան առաջադիմության ու առաջընթացի առանցքում եղել է այն, որ ամրացվել է անհատի պատասխանատվության գաղափարը։ Շատերին թվում է, թե մարդակենտրոնությունը՝ ամեն ինչ մարդուն ծառայեցնելն է, մարդու իրավունքներն է , եւ այլն, եւ այլն։ Այդ ամենը մարդակենտրոնության «արդյունքն» է, այլ ոչ թե դրսեւորումը։
Արեւմտյան առաջընթացում մարդակենտրոնության գաղափարի կամ արժեքի հիմքը եղել է այն, որ սեփական ճակատագրի, հաջողությունների, առաջընթացի պատասխանատվության գիտակցումը պարփակվել է հենց նրա՝ տվյալ մարդու տիրույթում։
Դու ես պատասխանատու քո անհաջողության կամ հաջողության համար, դու ես պատասխանատու քո վարքագծի համար, դու ես պատասխանատու քո ընկնելու կամ ոտքի կանգնելու համար։ Մի փնտրիր պատասխանատու քեզանից դուրս, մի փնտրիր խնամակալ՝ որին կապավինես այս կամ այն հաջողության համար։ Կերտիր քո տեսակը, որակը, կամքը, համառությունը, սկզբունքայնւթյունը, եւ դրանից բխող հաջողությունը։ Սա է եղել մարդակենտրոնությունը։ Այսինքն, դու ես քո ճակատագրի կենտրոնում, եւ աջ ու ձախ մի փնտրիր մեղավորներ, խնամողներ, հովանավորներ եւ այլն։
Այդ սկզբունքը նաեւ անհատից գնացել է դեպի հասարակություն, եւ տվել իր պտուղները արդեն իրավագիտակցության, քաղաքացիական գիտակցության վերելքի տեսքով։
Իհարկե, այսօր արդեն՝ արեւմտյան տնտեսական եւ հասարակական–քաղաքական համակարգերի համապարփակ դեգրադացիան խեղել է այդ ամենը, ինչի հետեւանքն էլ այն է, որ արեւմտյան կարգը այսօր պահվում է ոչ թե մարդակենտրոնության, այլ «թշնամակենտրոնության» սկզբունքով, ինչը բնորոշ է տոտալիտար, ավտորիտար համակարգերին։
Բայց, հենց այդ «թշնամակենտրոնությունն» են իրականում փորձում տարածել նաեւ Հայաստանում, այդ հարցում ներդնելով փող եւ այլ ռեսուրսներ։ Ու հենց դա է, որ Հայաստանում ամենամեծ հարվածն է հենց այն արժեքային ու մտածողության բանաձեւին, որ եղել է արեւմտյան աշխարհի առաջընթացի հիմքում, բայց այսօր ավելորդ է դարձել առաջին հերթին հենց արեւմտյան այդ աշխարհի «ժամանակակից» էլիտաների համար, տարբեր պատճառներով։
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան
