Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Այսուհետև կդասավանդվի «Հայաստանի պատմություն» առարկան

«Հայոց պատմություն» առարկա այլևս չկա։ Դասավանդվող առարկայի անունը «Հայաստանի պատմություն» է։

Կառավարության այսօրվա նիստին որոշումն ընդունվեց։

«Ծրագրի  բովանդակության մեջ հիմնականում շեշտադրվելու են պետականության վերականգնմանը, արժևորմանը և պահպանմանը վերաբերող փաստերը, պատմական իրողությունները, իրադարձություններ։․ Փոխվում է այդ իրադարձությունների և երևույթների մեկնաբանման մեթոդաբանական սկզբունքը, որը դառնում է պետության հետագա գոյության, զարգացման տեսանկյունից պատմական իրողությունների վերարժևորման դիտանկյուն։ Մասնավորապես, օրինակ, այս կերպ կարող են նորովի վերագնահատվել պատմական բոլոր այն իրադարձությունները, երբ տեղի է ունեցել պետության կորուստ՝ սովորողների մոտ ձևավորելով հնարավոր մարտահրավերների նկատմամբ ավելի վերլուծական, քննական հայացք, ինչպես նաև ամրապնդելով այն արժեքային կողմնորոշումը, որ պետությունը ժողովրդի և ազգի կազմակերպման բարձրագույն ձևն է, ու դա պետք է ամրապնդել։

Սովորողները հնարավորություն են ստանում նորովի վերաիմաստավորել բոլոր այն ժամանակահատվածները, երբ պետությունը և պետական համակարգը չեն գործել: Սովորողը կկարողանա համեմատել ու համադրել այն մարտահրավերները, որն ունեցել է հայ ժողովուրդը պետության բացակայության պայմաններում»,- Կառավարության նիստին «Հայոց պատմություն» առաևկայի նպատակը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Փաշինյանը, ինչպես նախկինում, այսօր  էլ շեշտեց, որ առարկայի հիմքում պետք է դրվի անկախության ու ինքնիշխանության պահպանումը։  Նրա կարծիքով էմոցիաների ժողովեւրդը պետք է վերածվի պետական ժողովրդի։

«Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է ու մշակույթ, բոլորովին ուրիշ հայեցակետ է։

Պետք է ուժ ունենանք խոսոտվանելու, որ այդ մտածողությունը միշտ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ։ Ո՞րն է տարբերությունը «Հայոց պատմության» և  «Հայաստանի պատմության»։

«Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը» պետության չգոյությունն է պետության գոյության դրվագներով։ Սա կարևոր հայեցակարգային տրամաբանություն է»։