ԱՄՆ-ն կօգնի Հայաստանին ստեղծել երկրի նոր երկրաբանական քարտեզը, այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթին վերաբերող հարցին։
Նա ընդգծեց՝ վերջին տարիներին ոլորտն էականորեն փոխվել է, և այն միներալները, որոնք 40-50 տարի առաջ զուտ երկրաբանական հետաքրքրություն էին ներկայացնում, այժմ հսկայական նշանակություն են ձեռք բերում տնտեսության, արհեստական բանականության և տիեզերական տեխնոլոգիաների բնագավառում։
«Հիմա ընդերքը միշտ չէ, որ հորատում են։ Տիեզերական տեխնոլոգիաների օգնությամբ սկանավորում են հողի շերտերը։ Ըստ էության՝ խոսքը ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ստեղծման մասին է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։









