Սեպտեմբերի 16-ի երեկոյան Անկարայում ավարտվել են Սիրիայի ու Լիբիայի հարցով ռուսական ու թուրքական ռազմաքաղաքական պատվիրակությունների բանակցությունների 4-րդ փուլը: Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում տեխնիկական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում թե՛ Լիբիայի, թե՛ սիրիական Իդլիբի հարցում հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ռուսական կողմը Թուրքիային առաջարկել է նվազեցնել Իդլիբում տեղակայած զինծառայողների քանակը, հատկապես քաղաքի այն թուրքական դիտակետերում, որոնք այժմ գնտվում են Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության ներքո: Թուրքական կողմը մերժել է այս առաջարկությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ 2020-ի մարտի 5-ին Մոսկվայում Իդլիբի հարցով ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրի դրույթներին:
Բանակցությունների ավարտից առաջ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիական համազգեստով անձանց մի քանի խմբեր մոտեցել են Իդլիբի թուրքական հենակետերից մի քանիսին, ապա հարձակվել 7-րդ հենակետի վրա: Թուրքական կողմի պնդմամբ այդ խմբերը ուղղորդվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության կողմից: Հարձակման հետևանքով տուժածներ չկան:
Ռուսական «Sputnik» գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ Ռուսաստանը Իրանի օգնությամբ Սիրիայի կառավարական ուժերի հետ միասին մեծածավալ գրոհ է նախապատրաստում Իդլիբում տեղակայված ահաբեկչական խմբերի դեմ:
Ermenihaber.am