Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ներսէս Շնորհալու տաղերն անգլերէն

Օրերս Նիւ Եորքի «Թարգմանեալ փրես» (Tarkmaneal Press) հրատարակչութիւնը  լոյս է ընծայել «Սբ. Ներսիսի Շնորհալւոյ Տաղք» հատորը՝ հայերէն բնագրերով եւ Մեթիւ Ջ. Սարգիսեանի եւ Ճէսի Ս. Արլէնի ծանօթագրուած անգլերէն թարգմանութիւններով: Հատորը բացւում է Դանիէլ եպս. Ֆընդըկեանի առաջաբանով: Այն «Գրիգոր եւ Կլարա Զոհրապ» տեղեկատուական կենտրոնի «Հայ քրիստոնէական աւանդոյթների աղբիւրներ» մատենաշարի երկրորդ հրատարակութիւնն է, որը ներկայացնում է Ներսէս Շնորհալու վաթսուն տաղերի անգլերէն թարգմանութիւն (յիսունութը նախկինում երբեք չեն թարգմանուել անգլերէն):

«Թարգմանեալ փրեսը» 2024 թուականին հիմնադրել են Մեթիւ Ջ. Սարգիսեանը եւ Ճեսի Ս. Արլէնը՝ նպատակ ունենալով լայն լսարանի համար հասանելի դարձնել դասական հայերէն տեքստերի երկլեզու հրատարակութիւններ՝ անգլերէն ծանօթագրուած թարգմանութիւններով: Սարգիսեանը գրաբարի ինքնուս թարգմանիչ է Բինգհեմթոնից:  Նախկինում համագործակցել է Ճեսի Արլէնի հետ հայերէն հմայիլների ծանօթագրուած թարգմանութիւնների կատարման աշխատանքում, որը հրատարակուել է 2022-ին: Ճեսի Արլէնը Ամերիկայի Հայոց Եկեղեցու Արեւելեան թեմի «Գրիգոր եւ Կլարա Զոհրապ» տեղեկատուական կենտրոնի տնօրէնն է եւ Ֆորդհեմ համալսարանի Ուղղափառ քրիստոնեական հետազոտութիւնների կենտրոնի հետդոկտորական գիտաշխատող: Հրատարակել է մի քանի ուսումնասիրութիւն ուշ անտիկ եւ միջնադարեան քրիստոնէական հոգեւորութեան եւ վանական գրականութեան վերաբերեալ:

«Սբ. Ներսես Շնորհալու շարականները յայտնի են իրենց գրական գեղեցկութեամբ եւ հոգեւոր վեհութեամբ: Սարգիսեանն ու Արլէնը երկու կողմերն էլ փոխանցել են իրենց հմուտ թարգմանության մէջ: Նրանց տրամադրած զգալի ծանօթագրութիւններն աւելի են դրսեւորում դասական շարադրանքի նկատմամբ ունեցած իրենց հմտութիւնը»,- գրել է Նիւ Եորքի Սուրբ Ներսէս հայոց ճեմարանի հայոց հայրաբանութեան եւ աստուածաբանութեան պատուաւոր ուսուցչապետ Աբրահամ Տէրեանը: Իսկ նոյն ճեմարանի հայ քրիստոնէական ուսումնասիրութիւնների ուսուցչապետ, ամերիկուհի հայագէտ Ռոբերտա Էրվինը գրել է. «Շնորհակալութի՛ւն Ճեսի Արլէնին եւ Մեթիւ Սարգսեանին՝ այս խնամքով պատրաստուած սիրոյ եւ ուսման աշխատանքի համար: Սուրբ Ներսէս Շնորհալու գրուածքների հսկայական շտեմարանից նրանք մեզ համար հաւաքել են պակաս յայտնի հոգեւոր գոհարների մի շտեմարան»:

Ա. Բ.