Երեքշաբթի, Հունիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երբ լռությունդ դառնում է հանցագործություն»

ԱԶԳ
22/05/2026
- 22 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր «Դրախտի դարպաս» (2019)  ֆիլմի մասին

2026 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը «Հայ եւ եվրոպացի մասնագետների ասոցիացիան» (ՀԵՄԱ հ/կ) Բեռլինի գերմանա-հայկական մշակութային օրերի շրջանակում ԳԴՀ մայրաքաղաքի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը ներկայացրեց Արցախից սերող ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Gate to Heaven» («Դրախտի դարպաս») ֆիլմը։ Միջոցառմանն  աջակցել էին Բեռլին-Լիխտենբերգի շրջանի պետական ծառայության մշակույթի եւ շարունակական կրթության վարչությունը, Կարլսհորստի մշակույթի տունը եւ այլք:

ՀԵՄԱ հ/կ -ի  վարչության առաջին նախագահ Միքայել Մինասյանը ողջունելով հյուրերին կարճ ներկայացրեց  Ջիվան Ավետիսյանին։ Այնուհետ խոսքը փոխանցեց երեկոյի պատվավոր հյուրին և հովանավորին՝ Բեռլին-Լիխտենբերգ շրջանի քաղաքապետ Մարտին Շեֆերին, որն էլ երեկոյի մյուս հովանավորի՝ պրոֆ. դոկտ. Մարտին Պետցոլդի ողջույնը փոխանցելով, դիմեց ներկաներին՝ այս դժվարին ժամանակներում չկորցնել հույսը, հավատն ու սերը, կարողանալ ճանաչել բարին՝ փոխադարձ համերաշխությունը: Այնուհետ ցուցադրվեց ֆիլմը։

«GATE TO HEAVEN» («Դրախտի դարպաս»)ֆիլմը Արցախյան պատերազմների ժամանակ ծավալվող  դրամա է՝ Ռիչարդ Զամելի, Տատյանա Սպիվակովայի, Սոս Ջանիբեկյանի, Լեո Պոբեդոնոսցևասի եւ Նաիրա Զաքարյանի մասնակցությամբ։

Ռեժիսորի մասին

 Ծնվել է Գյումրիում, մեծացել Արցախում, այժմ ապրում է Երևանում: 2014 թվականին Ջիվանը համահիմնել է «Fisheye Art Cultural Foundation»-ը եւ ներկայում այդ հիմնադրամի գործադիր տնօրենն է: 2021 թվականին նա հիմնել է LifeTree Pictures LLC արտադրական ընկերությունը:

 Ջիվանը մեծացել է Կովկասի ամենաաղմկալի հակամարտություններից մեկի շրջանում եւ լավ ճանաչում է պատերազմի դաժան հետևանքները: Ջիվանը չի հրաժարվել իր երազանքից,  ֆիլմարտադրության նկատմամբ իր կրքից: Նրա կյանքի երազանքն է եղել պատմել պատմություններ, ամրագրել դրանք եւ աշխարհին ներկայացնել Արցախը՝  ֆիլմարտադրության միջոցով:

Ջիվանի մասնագիտական ուղին սկսվել է 1996 թվականին Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում եւ շարունակվել «Երկիր մեդիա» հեռուստաալիքում: Ստեղծել է ավելի քան 20 փաստագրական եւ կարճամետրաժ ֆիլմ: Ունի  միջազգային մրցանակակիր խաղարկային ֆիլմեր:

2020 թվականի Berlinale Talents ծրագրի համար՝ 3.400 թեկնածուների մեջ ընտրվել է Ջիվան Ավետիսյանը:

Արցախում մեծացած Ջիվանը միշտ հետաքրքրված է եղել կինոյի աշխարհով: Կինոյի նկատմամբ նրա հրճվանքը սկսվել է դեռ փոքր հասակում՝ Ստեփանակերտի ծայրամասային  Խաչմաչ գյուղում: 2015 թվականին իրականացրել է իր կյանքի երազանքը՝ Խաչմաչում նկարահանելով «The Last Inhabitant» ֆիլմը, որը ցուցադրվել է HBO Eastern Europe-ում եւ այժմ հասանելի է Prime-ում: Ֆիլմում խաղացել է պարսիկ դերասան Հումայուն Էշադին, որը հայտնի է «Taste of Cherry» դեբյուտային դերակատարությամբ, ինչպես նաև «Drachenläufer» և «Zero Dark Thirty» հոլիվուդյան ֆիլմերով: Ֆիլմը 1997 թվականին շահել է Կաննի կինոփառատոնում «Ոսկե Ծաղիկ» մրցանակը:

 Ֆիլմի սյուժեն

 Գերմանացի լրագրող Ռոբերտ Շտեռնվալը (50) 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու 22 տարվա զինադադարից հետո կրկին բռնկված պատերազմը։ Իր լրագրողական հետաքննությունների ընթացքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35) հետ։ Վերջինս անհետ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, ում Ռոբերտը թողել էր գերության մեջ 1992 թվականին՝ Թալիշ գյուղի անկումից հետո։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները վերածվում են կրքոտ սիրավեպի, որը վերջիվերջո հանգեցնում է Ռոբերտի կողմից Էդգար Մարտիրոսյանի նկատմամբ գործած սարսափելի արարքի բացահայտմանը։ Դրանից հետո Ռոբերտը խոստովանում է իր կարիերամոլ վարքագիծը, Էդգարի մահվան մասին լռությունը եւԷդգարի լուսանկարների շահագործումը՝ ներում հայցելով։

Քննարկում ռեժիսորի հետ

Ֆիլմի դիտմանը հաջորդեց  քննարկումը:

«Իհարկե՜, մեծ կարոտ եմ զգում հիմա եւ ցանկություն ունեմ վերադառնալ իմ հայրենիք։ Սակայն որքան կարոտս սաստկանում է, այնքան գիտակցում եմ, որ  դեռ շատ աշխատանք ունեմ անելու», ասաց Ջիվան Ավետիսյանը՝ ի պատասխան ներկաներից մեկի հարցի: «Թերթում զետեղված հոդվածի փաստացիությունը, որի հիմքի վրա կերտվել է ֆիլմի սյուժեն, իրակա՞ն է» հարցին Ջիվան Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ կասկածում եղելության ճշմարտացիությանը, բայց եթե նույնիսկ դա  մի փոքրիկ՝ թեկուզ հորինված հոդված լինի, որն մղել է ինձ ստեղծագործելու, այս պատմությունը կառուցելու, նույնիսկ էական էլ չէ, թե ո՞վքեր են հերոսները, Սոֆիայի, լուսանկարչի, լրագրողի կերպարները, այստեղ կարևորվում են թալիշյան դեպքերը։ Այս երեք պատմությունները թալիշյան դեպքերի շուրջ են։ Նման օրինակներ շատ կան աշխարհում։ Ու սա առաջին ֆիլմը չէ, որ ուղղակի ազդված է  մի հոդվածից, եղելությունից կամ որևէ դեպքից, ինչ-որ կրիմինալ պատմությունից, երբ դրանց վրա մի ամբողջ ֆիլմ է կառուցվում։  Ինձ ինչը գրավեց, դա է հետաքրքիրը․ ոչ թե այն, որ նա ՝ ֆիլմի հերոս  Ռոբերտ Շտեռնվալը ինչ որ մեկի ստեղծագործությունը յուրացրել է, մեր կյանքում հաճախ ենք հանդիպում նման մի իրադարձության, այլ այն հանգամանքը, որ այնուամենայնիվ եթե նա չլռեր,  կարող էր մեկի կյանքը փրկել։ Եվ հիմա պատկերացնու՞մ եք, թե մոլորակի երեսին որքան մարդ է լռում Արցախի մասին եւ  չեն էլ ջանում կյանքեր փրկել։ Եթե լուսանկարիչը չլռեր, խոսեր, կարող էր մարդուն՝ ֆիլմի մեկ այլ լուսանկարիչ հերոս Էդգար Մարտիրոսյանին փրկել գերության մեջ։ Հարցը յուրացնելը չէ, այլ՝ որքան  դու լուռ ես, քո լռությունը դառնում է հանցագործություն։ Եվ որքա՜ն մարդ է այսօր լռում Արցախի մասին։ Սա էր, որ ինձ գրավեց եւ այն ես ֆիլմում ներդրեցի։ Հարցը յուրացումը չէ, այլ հանցագործ լռությունը»։

 «Ֆիլմի ռեժիսորն արդյոք գիտակցո՞ւմ է, որ գերմանացի դերասանի դերը պրովոկացիոն է և կարող է գերմանացիների ինքնասիրությունը վիրավորել» ներկաներից մեկի անհանգստությանը ռեժիսորն այսպես պատասխանեց․ «Լռությունը հանցագործություն է, բայց չնայած դրա՝ ես սիրում եմ իմ հերոսին, ում մասին պատմում եմ: Չեմ ուզում ասել աստվածային սիրով, որովհետև ես ինքս շատ ներքևում եմ, բայց ես նրան այնքան եմ սիրում, որ նման հանցագործությունից հետո փորձում եմ նրան հետ տանել, որ նա փորձի գիտակցել և շտկի իր կատարած հանցանքը։ Ինչու՞ եմ նրան սիրում․ Ո՞վ չի սխալվում, բայց քանի՞սն են իրենց մեջ գտնում ետ դառնալու ուժը։ Նա չնայած ետ է դառնում, բայց այլևս շատ ուշացած։ Ժամանակն արդեն իրենն արել է։ Շատ քչերն ունեն  ուժ՝ իրենց սխալները քննելու, դրանք ուղղելու։ Բայց իմ հերոսը որքան էլ որ մեղավոր է,   դրական կերպարներից մեկն է»։

 Ջիվան Ավետիսյանը պատմեց իր նախորդ 3 ֆիլմերի և «Հրեշտակներ 2020» գեղարվեստական ֆիլմի նկարահանման, մոտակա ծրագրերի, դժվարությունների մասին՝ հատկապես ֆինանսական սղության և հովանավորներ ներգրավելու հարցին անդրադառնալով: «Փորձում ենք մեր գաղափարները համաշխարհային կինոյի շուկայում իրացնել։ Տարբեր երկրներում համագործակից պրոդյուսերներ գտնելով՝ փորձում ենք միասին ֆիլմեր ստեղծել։ Նրանք մասնակցում են թե՛ ֆինանսապես, և թե՜ ստեղծագործական իմաստով։ Մասնավորապես «Դրախտի դարպաս» ֆիլմն ունի գերմանացի համապրոդյուսեր՝ Մարկո Գիլսն է։ Gate to Heaven ֆիլմի բյուջեի հայկական մասնաբաժինը կազմել է 43%։ Իհարկե՜, բոլորից բարձր մասնաբաժինն է, քանի որ հայկական կողմն ամենահետաքրքրվածն է այս ֆիլմում, բայց Հայաստանի պետության մասնաբաժինն այս ֆիլմում չի գերազանցում 5-6%», պարզաբանեց Ջիվան Ավետիսյանը՝ պատասխանելով գերմանացիներից մեկի  հարցին։

Հանդիսասրահում տրված հաջորդ հարցը վերաբերում էր ֆիլմի նկարահանման  ժամանակ բազմազգ կազմի անդամների միջև տարբեր լեզուներով հաղորդակցման խնդիրներին։ « Ձեզ հրավիրելու եմ հաջորդ ֆիլմի նկարահանմանը, որ անձամբ ականատես լինեք այդ ընթացքին։ Դա հնարավոր չէ ուղղակի պատմել։ Ես դերասանների հետ աշխատում եմ երկար։ Չնայած մենք առաջին անգամ ենք աշխատել գերմանացի դերասանների հետ, բայց այն չի լինելու վերջինը։ Առաջիկայում նախատեսված ֆիլմում գերմանացի դերասան Հայնո Ֆերչն է ընդգրկված: Մեր շփման լեզուն անգլերենն է, թեեւ իմ անգլերենն այնքան էլ հրաշալի չէ։ Բայց պետք է տեսնել, թե այդ շփումը՝ դերասան-ռեժիսոր, ինչ գեղեցիկ է ստացվում։ Իհարկե կա թարգմանիչ, այլ օգնականներ, բայց այդ աշխատանքը և համագործակցությունը  ստացվում է, որովհետեւ մենք սիրում ենք մեր աշխատանքը։ Մինչև օրս ունեցել ենք դերասաններ Հունաստանից, Իրանից, Լիտվայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից։ Մենք փորձում ենք գտնել եւ ընդգրկել երևելի մարդկանց, որ կարող են թե՛ նյութապես ֆիլմերին աջակցել, եւ թե՛  իրենց տաղանդը ներկայացնել այս ֆիլմերում»։ Ռեժիսորը հավելեց նաեւ, որ ապագա ֆիլմերը հայությանը հուզող այլ թեմաների մասին են լինելու. Օրինակ՝ մեկի թեման Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության դեսպանուհու կյանքն է, մեկ այլ անիմացիոն ֆիլմ Ջիվան Ավետիսյանի սցենարով  ներկայացնելու է Հայկի և Բելի պատմությունը:

Միքայել Մինասյան, Բեռլին

Նախորդ գրառումը

Յաակկո Հեյկիլյա. «Հայաստանը մշտապես իմ մտքում է»

Հաջորդ գրառումը

Անհայտ փաստեր. Հայաստանում  տնտեսագիտական ուսումնական առաջին հաստատությունը հիմնվել է 102 տարի առաջ

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

Անհայտ փաստեր. Հայաստանում  տնտեսագիտական ուսումնական առաջին հաստատությունը հիմնվել է 102 տարի առաջ

Լրահոս

Ռեսուրսային գաղութացում. TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է. Վահե Դավթյան

16/06/2026

Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց...

Կտրականապես մերժում ենք հունիսի 14-ին ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները և դրանք համարում ապօրինի. Թաթոյան

16/06/2026

2026թ․ խորհրդարանական ընտրություններն անցան անհավասար, անարդար և խորապես խեղված պայմաններում՝ ՔՊ-ի օգտին պետական համակարգը ծառայեցնելով ու բացահայտ ապօրինություններով. ֆեյսբուքյան էջում...

Գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են

15/06/2026

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են, միացել են  հատուկ փրկարարներն ու ջրասուզակները: Shamshyan-ի հաղորդմամբ՝...

Սևանա լճի մակարդակը 15 օրում բարձրացել է 11 սմ-ով

15/06/2026

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` ընդամենը 15 օրում: 2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը...

ԱՄՆ-ն կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ. Թրամփ

15/06/2026

Միացյալ Նահանգները կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ։ The New York Times-ին տված...

Կիևը Արբիտրաժում պարտվել է Մոսկվային. Կերչի նեղուցի, Ազովի ծովի և Ղրիմի նկատմամբ իրավունքների վերաբերյալ դատական հայցը մերժվել է

15/06/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարել է իր հաղթանակի մասին միջազգային արբիտրաժային գործում, որը վերաբերում էր Կերչի նեղուցում, Ազովի ծովում և...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական