Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գաելլ Համալյան-Տեստյու. Բացահայտելով հայությունը լուսանկարչությամբ

Արծվի Բախչինյան
24/01/2025
- 24 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

ԵՐԵՎԱՆ-ԲՈՐԴՈ, Ֆրանսիա – Ֆրանսիացի լուսանկարիչ Գաել Համալյան-Տեստյուն ավելի քան երեսուն տարի ձգտում է գեղարվեստի իր տեսլականին՝ պատկերելով մարդկանց եւ բնապատկերներ: 2004 թվականից նրա գործերը ներկայացվել են բազմաթիվ ցուցահանդեսներում։ Ճապոնիայի, Մեքսիկայի եւ Վիետնամի վերաբերյալ նրա լուսանկարչական աշխատանքները մի քանի նշանավոր ցուցահանդեսների ի հայտ գալու պատճառ են դարձել: Բորդոյի ազգային օպերայի հետ Համալյան-Տեստյուի համագործակցության արդյունք են «Հանդիպում արտիստի հետ» եւ «Կուլիսներում» լուսանկարչական շարքերը, որոնք ներքին հայացքներ են՝ ուղղված օպերային աշխարհին: 2015-ին Բորդոյի «Ակվիտեն» թանգարանում «Հայաստան(ներ)» միջոցառման շրջանակներում նա ներկայացրել է Հայաստանը պատկերող լուսանկարչական շարք:

–Հարգելի՛ Գաելլ, որոշ լուսանկարիչներ պահում են իրենց առաջին խցիկն ու լուսանկարները որպես թանկագին հիշողություն: Դուք ե՞ւս պահել եք։

–Իմ 11-ամյակի առթիվ հայրս ինձ առաջարկեց ընտրություն կատարել երկու նվերների միջեւ՝ ժամացույց կամ «Ինստամատիկ» փոքրիկ լուսանկարչական խցիկ: Առանց հասկանալու իրական պատճառը՝ ես ընտրեցի խցիկը: Այն օգտագործել եմ մինչեւ իմ ուշ պատանեկության շրջանը: Նրա տեղը գրավեց «6X6 Հասելբլադ» խցիկը՝ ասես ազդարարելով գեղարվեստական կատարելագործման զգացողության սկիզբը: Այս սարքը ես միշտ պահելու եմ, այն ինձ համար ամենից թանկն է, ճիշտ թանկարժեք քարի պես…

–Անրի Կարտյե-Բրեսոնը մի անգամ ասել է. «Ձեր առաջին 1000 լուսանկարները ձեր ամենավատ լուսանկարներն են»: Դա ճի՞շտ էր ձեր պարագայում:

–Անրի Կարտյե-Բրեսոնն, անշուշտ, շատ վաղ է գիտակցել իր գեղարվեստական ձգտումները եւ իմացել է՝ ինչպես փորձարկել դրանք այդուհետ: Իմ պրագայում երկար ժամանակ գործել է անգիտակցականը։ Լինելով լուսանկարչության ասպարեզում ինքնուս՝ միշտ դժվարացել եմ օրինականություն վերապահել ինձ այդ արվեստում: Իմ առաջին 1000 լուսանկարներն էին, որ դրդեցին արտահայտվել հենց ա՛յս կերպ: Թեեւ դրանցից շատերը վատն էին թվում, դրանք, այնուամենայնիվ, զարգացրեցին իմ գեղագիտական զգացողությունը։ Հիշում եմ, որ հաջողված համարեցի ընդամենը մեկը, որն ինձ բավականություն պատճառեց։ Լուսանկարչական արվեստն այս կերպ սկսեց բացահայտվել ինձ համար՝ դառնալով կարեւոր արտահայտչամիջոց իմ ներդաշնակության համար։

–Բորդոյի ազգային օպերան մի քանի անգամ ձեզ քարտ բլանշ է տվել՝ թույլ տալով մուտք գործել իրենց ներքին խոհանոց: Ինչպե՞ս ընկղմվեցիք օպերային աշխարհի մեջ:

–Բախտս մեծապես բերեց, որ Բորդոյի օպերան բազմիցս վստահեց ինձ՝ կուլիսներում լուսանկարել այն մարդկանց, որոնց հազվագյուտ տաղանդները հաջողություն են բերում ներկայացումներին: Իմ մոտեցումը սկսվեց նրանցից մի քանիսի հետ հանդիպումներից, այն հարցերից, որոնք տալիս էի նրանց մասնագիտության, օպերային առօրյայի մասին: Նրանք հաճախ սաստիկ ցանկություն են ունենում՝ ներկայացնե իրենց գործը եւ մշտական հետք թողնել:
Հետո բավական երկար թափառում էի օպերայի շենքում՝ խորասուզվելու համար նրանց աշխարհում: Միացնում էի խցիկս, երբ մարդիկ ընդունում էին իմ ներկայությունը: Լուսանկարում էի արտիստներին, նրանց անհատական եւ հավաքական փորձերը, ներկայացումներից առաջ նրանց անձնական, կենտրոնացումի եւ այլոց հետ շփվելու պահերը, երբեմն նաեւ՝ ներկայացումներից հետո նրանց հույզերը: Նույնքան կարեւորել եմ նաեւ դերձակների, բեմի բանվորների, տեխնիկների եւ բեմից դուրս մյուս բոլոր գործողների աշխատանքը:

–Այնուամենայնիվ, կարծում եմ, որ անհայտ երկրներում լուսանկարելը պիտի որ ավելի ոգեւորիչ լիներ: Կպատմե՞ք մեզ Վիետնամում եւ այլուր իրականացրած ձեր լուսանկարչական նախագծերի մասին:

–Անկախ տեղից եւ տարածությունից՝ մարդկանց դիտարկելու եւ հանդիպելու իմ կարիքը միշտ նույնքան ուժեղ է լինում: Այնուամենայնիվ, լուսանկարելու համար ճանապարհորդելը, «ինքս ինձնից դուրս գալը» և ինձնից հեռու մշակույթների մեջ ընկղմվելը միշտ էլ խորքը ներքնատեսող փորձառություն է բերել: Ես չունեմ ազգագրական հմտություններ, սակայն մեծապես ներշնչվում եմ մարդկանց առօրյայով: Օրինակ, Վիետնամի ազգային փոքրամասնությունների գյուղեր կատարած առաջին ֆոտոսեսիայի ընթացքում մեջս տարօրինակ կերպով առաջացավ իմ հայկական ծագումը փնտրելու անհրաժեշտությունը: Իսկ Մեքսիկայի գերեզմանատներում կատարած լուսանկարումների ժամանակ կյանքն ուսումնասիրելու իմ ցանկությունը հրատապ բնույթ ստացավ: Այդ աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայի մի քանի քաղաքներում, հատկապես Փարիզում եւ Բորդոյում:

–Ձեր «Hayastan. Հայաստանի մտքերը» ցուցահանդեսը ոգեշնչվել է Հայաստան կատարած ձեր երկրորդ այցից. դուք ասել եք, որ այդ ճամփորդությունն իրականացրել եք թե՛ ձեր արմատները բացահայտելու, թե՛ ծանր անցյալից ազատվելու համար: Ի՞նչ եք կարծում, հասե՞լ եք այդ նպատակին։

–Իմ նախնիներից, իմ ընտանիքից Հայաստանում չեմ գտել որեւէ հետք, որը կարող էր լույս սփռել իմ արմատների վրա։ Սակայն հայերին դիտարկելու եւ նրանց առօրյային մաս կազմելու վրա ծախսած ժամանակը նպաստել է իմ անձնական զարգացմանը: Ես հասկացա, որ իմ բնավորության եզակի կողմերը, իմ ապրելակերպը, իմ կասկածները, իմ ուրախությունը ոչ միայն բխում են իմ ձեռք բերած փորձառություններից, այլ ամենից առաջ դրոշմված են իմ գեներում: Ինչպես մարմնի հիշողությունը: Այս գիտակցումը նոր կյանք բերեց իմ գեղարվեստական ոգեշնչմանը:

–Հայ Սփյուռքից ես ճանաչում էի երկու արժանահիշատակ Համալյանների՝ խմբագիր Լեո Համալյանին՝ Միացյալ Նահանգներից եւ հանրային գործիչ, մանկավարժ Սոնա Համալյանին՝ Սիրիա-ԱՄՆ-Հայաստանից…

–Այդ երկու անձինք, որոնց մարդկային նվիրվածությունը ուշագրավ է թվում, ցավոք, իմ գերդաստանի անդամ չեն: Հայրական պապս՝ Հակոբ Համալյանը, ծնվել է Ուրֆայում։ Նրա ծնողներին սպանել են իր աչքի առաջ 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ։ 11 տարեկանում պապս բռնել է գաղթի ճանապարհը։ Մեծ մայրս՝ Վարդանուշ Տերտերեանը, ծնված Մալաթիայում, իր մոր ու քույր-եղբայրների հետ ջարդերից փախել է պապիս հասակում: Տատիկս ու պապիկս ծանոթացել են Փարիզում, երբ չափահաս են եղել: Նրանք ունեցել են երեք երեխա, որոնցից մեկն էլ հայրս է։

–Սպասում եմ դիտելու կինոբեմադրիչ Հակոբ Մելքոնյանի հետ ձեր նկարահանած «Մենակները» վավերագրական ֆիլմը: Ի՞նչ կասեք այդ նախագծի մասին:

–Հակոբ Մելքոնյանն այնքա՜ն սիրելի ընկեր է, որ իր կապն ինձ հետ գրեթե որդիական է։ Մոտ տասը տարի առաջ տեսնելով իմ հայաստանյան լուսանկարները՝ նա ինձ առաջարկեց համատեղ ֆիլմ նկարահանել։ Այդ ժամանակ ես ծիծաղեցի, քանի որ չէի պատկերացնում, թե ինչպես կարող եմ համագործակցել կինոռեժիսորի հետ: Հակոբն ասաց, որ մարդկության հանդեպ մեր հայացքը նույնն է։ Այդ ժամանակ ես սկսել էի լուսանկարչության միջոցով հայկական ծագմանս վերաբերյալ իմ ինքնության որոնումները: Բազմաթիվ քննարկումներից հետո որոշեցինք միասին վավերագրական ֆիլմի սցենար գրել եւ նկարահանել: Հերոսը կին լուսանկարիչ է, որն իր հայրական պապի անցյալի հետքերով մեկնում է Հայաստան: Լինելով ծնունդով հայաստանցի՝ Հակոբը օժտված էր մշակութային գիտելիքներով ու փորձով՝ առաջնորդելու համար ինձ այդ նախագծում:

Մենք կատարեցինք մի քանի հետազոտական ճամփորդություն՝ պապիկիս՝ գաղթի ժամանակաշրջանում ունեցած միակ կապի հետքով, գնալով նրա ապրած մանկատունը հյուսիսային Հայաստանում՝ Գյումրիում։ Այդ մանկատանը հանդիպումը մի երեխայի հետ լիովին փոխեց մեր ֆիլմի պատմությունը: Մենք փնտրում էինք անցյալի հետքերը, սակայն քաոսային ներկան իրեն պարտադրեց մեզ։ Ֆիլմի հերոս դարձավ Արթուրը՝ լքված մի երեխա, որը ստիպված կլինի թողնել իր երազանքները եւ պատրաստվել զինվորական ապագային:

Այդ ֆիլմի նկարահանումը պահանջում էր խորը զգացմունքային պարտավորություն, մշտական ներքին երկխոսություն, մանրակրկիտ հետազոտում, նաեւ հարմարեցում ստեղծագործության պահանջներին: Հակոբ Մելքոնյանի հետ իմ համագործակցությունը թե՛ աներևակայելի հարստացնող էր, թե՛ արդյունավետ՝ մեր փոխլրացնող հմտությունների եւ մշտապես համընկնող զգացողության շնորհիվ:

«Մենակների» ցուցադրությունը նախատեսվում է այս տարի, միջազգային կինոփառատոներում։
Այս արտասովոր փորձառությունն ինձ համար նոր ուղիներ է բացել՝ կինոսցենարներ գրելու եւ նկարահանելու համար…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Սամվել Առաքելյանի մասնագիտական ձեռքբերումներն Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Զորայր Միրզայանի «Պարսից գրականություն (IX-XX դդ.)» հատորը

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական