Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Բարիտոն Նավասարդ Հակոբյանի Պրահայի մենահամերգը փառահեղ ճանապարհի նոր ուղի բացեց

Երբ մեկ տարի առաջ երիտասարդ հայ բարիտոն Նավասարդ Հակոբյանը  արժանացավ միջազգային մի քանի մրցանակների, ակնհայտ էր, որ համաշխարհային օպերային արվեստում մուտք գործելու հայտ է ներկայացնում եւս մեկ  հայազգի տաղանդավոր երիտասարդ երգիչ:

Մայիսի 22-ի երեկոյան Պրահայի կենտրոնում գտնվող  պատմական դահլիճներից մեկում  նրա առաջին մենահամերգը եկավ հաստատելու մեր բոլոր կանխավարկածները: Պլասիդո Դոմինգոյի հիմնած «Օպերալիա» միջազգային հեղինակավոր մրցույթի «Զարզուելա» անվանակարգի հաղթող եւ 3-րդ տեղի մրցանակակիր բարիտոն  Նավասարդ Հակոբյանը գերեց Պրահայի խստապահանջ հանդիսատեսին:

Դահլիճը սկզբում զգուշությամբ, ապա ամեն կատարումից հետո ավելի ջերմորեն ընդունեց հայ բարիտոնին, իսկ վերջում հետեւեցին բուռն ծափահարություններն ու «բրավոները»:

Իսկ Կոմիտասի «Ծիրանի ծառի»  ու Ալեքսանդր Սպենդիարյանի  «Ա՜յ վարդ» ռոմանսը Նավասարդի կատարումները,  հնչեցին մի այլ նրբությամբ ու  սիրով, իսկական անակնկալ էին դահլիճում ներկա չեխահայերի համար:

Ծրագրից դուրս Նավասարդը կատարեց նաեւ Ռախմանինովի երկու հրաշալի ռոմանսներ, իսկ իր ձայնի ողջ հզորությամբ դահլիճին գերեց իտալական հայտնի կոմպոզիտորների՝ Բելինիի, Դոնիցետիի, Տոստիի, Գաստալդոնի, Գուերրերոյի եւ այլոց ստեղծագործությունների կատարմամբ:  Իսկ նվագակցող դաշնակահար Ահմադ Նեդարն էլ առանձին կատարեց  Շոպենի եւ Սմետանայի ստեղծագործություններից:

Նավասարդ Հակոբյանն ավարտելով  Երեւանի կոնսերվատորիան, ինչպես նաեւ Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային թատրոնի  երիտասարդական ծրագիրը, այժմ  երկամյա երիտասարդական ուսումնական  ծրագիր է անցնում ամերիկյան Հյուսթոնի հանրահայտ օպերայում, ուր նաեւ դերակատարումներով հանդես է գալիս  թատրոնի խաղացանկային ներկայացումներում: Արդեն իսկ ելույթ է ունեցել Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում, Վերդիի «Տրավիատայում», Պուչինիի «Մադամ Բատերֆլայում»: Այս տարվա մարտին նրա դեբյուտն էր Դալլասի օպերային թատրոնում Գրեգորիոյի դերում՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» օպերայում: Ներկա թատերաշրջանում նախատեսված են նաեւ նրա ելույթները Զալցբուրգում եւ Դրեզդենում:

Հիշեցնենք, որ Նավասարդը ծնվել է  Հայաստանում՝ Գառնի գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ  եւ երաժշտական դպրոցներում, ապա Երգի պետական թատրոնում՝ մինչեւ կբացահայտեր օպերային աշխարհը: Պլասիդո Դոմինգոն այն մարդն էր, ում լսելու միջոցով  15 տարեկանում բացահայտել է դասական երաժշտության ժանրը: Կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Տարիներ անց, իր համառ աշխատասիրության ու բնատուր տաղանդի շնորհիվ հասավ Դոմինգոյի սահմանած մրցանակին:

Մաղթում ենք, որ Նավասարդը գրավի այն բոլոր  բարձունքները, որոնց ժամանակին հասել է իր ներշնչանքի երգիչը:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Պրահա