Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը: Արդեն 30-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում եւ խրախուսման է արժանացնում գրականության, մշակույթի եւ գիտության տարբեր բնագավառների լավագույն ներկայացուցիչներին:
Այս տարի մրցանակ հանձնվեց 5 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ, Դեկորատիվ-կիրառական արվեստ եւ Վահան Թեքեյանին նվիրված աշխատության համար: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 50 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին:
«Գրականություն» անվանակարգում հաղթողը բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է՝ «Անմահականս» գրքի համար, «Հայագիտություն» անվանակարգում՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը՝ «Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները. մեկնություն եւ «Մանրուքներ» գրքի համար: «Կերպարվեստ» անվանակարգի հաղթողը գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանն է՝ «Խաղաղության իշխան» ստեղծագործության համար, իսկ Դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգում հաղթողը ժողովրդական վարպետ Մամիկոն Մխիթարյանն է՝ «Ուրարտական շրջանի ոգով» ստեղծագործությունների համար: Վահան Թեքեյանին նվիրված աշխատության «Վահան Թեքեյան» մրցանակ շնորհվեց բանասիրական գիտությունների թեկնածու Վարդուհի Դավթյանին՝ «Վահան Թեքեյան» հոդվածների ժողովածուի Ա եւ Բ հատորների համար: Հաղթողներն արժանացան Վահան Թեքեյան մրցանակի եւ 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի: Մրցանակաբաշխությունն անցկացվում է ԱՄՆ եւ Կանադայի «Ագապի Շաքե Ղազարյան հիմնադրամ»-ի ֆինանսական աջակցությամբ:
Ներկաները դիտեցին «Աղոթք Հայաստանի համար» ֆիլմը, որի հեղինակն ու ռեժիսորը Աշոտ Պողոսյանն է: Ֆիլմը յուրատեսակ հոգեւոր ուղերձ է, ինչպես նաեւ միասնական լինելու, մաքրագործվելու, պատմական ու ժամանակակից մարտահրավերները հաղթահարելու կարեւորագույն կոչ: Ֆիլմում առանձնահատուկ տեղ ունի հոգեւոր արժեքներին վերադառնալու, աղոթքի միջոցով խավարից լույս փնտրելու անհրաժեշտությունը՝ վերահաստատելով, որ ազատության ճանապարհը սկսվում է ներքին վերափոխումից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իր օրհնությունը հղեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նա իր ուրախությունը հայտնեց, որ հայրենիքի ու ժողովրդի համար այս դժվարին օրերին, երբ ունենք չամոքված վերքեր ու ցավեր, Թեքեյան միությունը շարունակում է իր ջանքերն ուղղել հայ գրականության ու մշակույթի առաջընթացին: Սրբազան Հայրը շնորհավորեց մրցանակակիրներին, որոնք իրենց գործունեությամբ վաստակել են այս մեծանուն պարգեւը՝ ի սեր սեփական հայրենիքի ու ժողովրդի, լեզվի եւ ընտանիքի:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին եւ շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրության համար: Նա կարեւորեց այն հանգամանքը, որ պահպանվել է մրցանակաբաշխության կարեւոր պահանջը՝ ազգային բովանդակությունը:
Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշեց, որ հատկապես այս օրերին պետք է մշակույթն արժեւորել, ստեղծագործել, պահպանել ազգայինը, ազգային կրթությունն ու դպրոցը. հենց այդ ձգտումներին է միտված «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը:
«Գրականություն» անվանակարգի հանձնաժողովի նախագահ, ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն ընդգծեց՝ Խաչիկ Մանուկյանի գիրքը կարծես ռեքվիեմ լինի՝ նվիրված 44-օրյա պատերազմի բոլոր նահատակներին:
«Կարծես լսելի են հետաքրքիր ձայներ՝ մեր ազգային մեծերի երաժշտությունը: Դա արդիական եւ սթափեցնող գիրք է՝ արժանի մեծ գրող Վահան Թեքեյանի անունը կրող մրցանակի. նա երջանիկ կլիներ, որ իր անվան մրցանակը ստանում է Խաչիկ Մանուկյանի «Անմահականս» գիրքը»,-նշեց Աելիտա Դոլուխանյանն ու շնորհավորեց մրցանակակրին:
«Վահան Թեքեյան» մրցանակակիր, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը բարձր գնահատեց Սուրեն Դանիելյանի գիրքը եւ ընդգծեց, որ հանձնաժողովի կարծիքով՝ այն խորը վերլուծական աշխատանք է Հակոբ Օշականի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ գիրքը կզարդարի գրականագիտության ասպարեզը եւ ապագա սերունդների համար հիմք կլինի հետագա գիտական աշխատանքների համար:
«Վահան Թեքեյան» մրցանակակիր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանը երկար տարիներ գլխավորում է Կերպարվեստ եւ Դեկորատիվ-կիրառական անվանակարգերի հանձնաժողովները: Խոստովանում է՝ իր համար մեծ պատիվ է «Վահան Թեքեյան»-ի անունը կրող մրցանակի հանձնաժողովների նախագահը լինելը: Նա շնորհավորեց անվանակարգերում մրցույթի բոլոր մասնակիցներին, քանի որ մրցանակաբաշխությանն ընդառաջ ունեցել են նաեւ յուրատեսակ ցուցադրություն մեկ հարկի ներքո: Խոսելով մրցանակակիր Տիգրան Բարխանաջյանի մասին՝ Արա Հակոբյանը նշեց, որ աստվածաշնչյան թեմաներով ստեղծագործելը դժվարին գործ է: «Աշխատանքի մեծաչափ օրինակը ցուցադրվում է Վեհարանում. դա արդեն իսկ մեծագույն գնահատական է»,- հավելեց Արա Հակոբյանը: Անդրադառնալով Դեկորատիվ-կիրառական անվանակարգի հաղթող Մամիկոն Մխիթարյանի արվեստին՝ Արա Հակոբյանը բարձր գնահատեց, որ ժողովրդական վարպետը մետաղի մշակման բարդ ճյուղով կարողանում է պահպանել եւ փոխանցել միջնադարյան գեղարվեստական ճյուղը:
Այս տարի «Վահան Թեքեյան» մրցանակ էր նախատեսված նաեւ արեւմտահայ գրողի մասին գիտական աշխատության համար: «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը մրցանակը հանձնեց բանասիրական գիտությունների թեկնածու Վարդուհի Դավթյանին՝ Վահան Թեքեյան հոդվածների ժողովածուի Ա եւ Բ հատորների համար: Արմեն Ծուլիկյանն իր գոհունակությունը հայտնեց նման բացառիկ աշխատանքի համար եւ նշեց. «Վահան Թեքեյանի պոեզիան բազմիցս հրատարակվել է, սակայն Թեքեյան խմբագրին եւ հրապարակախոսին այսկերպ ներկայացնելը եւ բացահայտելը, երբ ժամանակագրական կարգով հավաքագրվում է Թեքեյանի հրատարակչական, հրապարակախոսական գործունեությունը, եզակի է: Թեքեյան կենտրոնն ու Թեքեյան միությունը շարունակելու են իրենց գործունեությամբ հետամուտ լինել Թեքեյանի կյանքի եւ գործունեության ներկայացմանն ու տարածմանը»:
Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին իրենց գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար, քանի որ «Վահան Թեքեյան» մրցանակը պատվաբեր եւ պարտավորեցնող մրցանակ է:
Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական ծառայություն