Category: 18 Հուլիսի, 2014

  • ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

    ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Դժվար է ասել, թե 80-ամյա ծեր կինը, ով ամեն կիրակի պարտաճանաչ եկեղեցի է գնում մեղքերի թողություն ստանալու հույսով, արդյոք ամեն շաբաթ մեղք գործո՞ւմ է: Թերեւս, հակառակ պարագայում, ինչո՞ւ է նա ամեն կիրակի եկեղեցի այցելում` հենց մեղքերի թողություն ստանալու համար:

    Օրինակ, եթե դուք, որպես տղամարդ, բանակում չեք ծառայել, դա ոչ միայն գործող օրենսդրության եւ դրանից բխած ձեր պարտականությունների խախտում է, այլեւ` մեր կիսապատերազմական դրության մեջ գտնվող երկրում խղճի խայթի զգացողություն, մի տեսակ` մեղք: Ու, երբ դուք, բանակում ծառայած չլինելով, փորձում եք օգտագործել ամենչնչին հնարավորությունն անգամ` բանակ գնալու, զինվորի որպիսությունը հարցնելու, նրա կարգավիճակում ձեզ զգալու նպատակով, հենց այդ մեղքի զգացողությունից դրդված եք անում` մեծ մասամբ:

    Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բանակ էր գնացել: Բնականաբար նրան հանձնել են զինվորական համազգեստ, ու բնականաբար նա այդ համազգեստը պետք է կրեր` այն կրելու բոլոր կանոններով, եւ, բնականաբար, այն համազգեստով նա պարտավոր էր ենթարկվել զինվորական կանոնադրությանն ու զինվորականի պարտականություններին: Թե ինչո՞ւ էր քաղաքապետը գնացել ԼՂՀ սահմանամերձ զորամասերից մեկը, եւ ինչո՞ւ են նրան դիրքերում դիմավորած զինվորները պատվի առել, դժվար է ասել, մանավանդ, որ Զինվորական կանոնադրությունը չի սահմանում զինվորի` Երեւանի քաղաքապետին պատվի առնելը, հատկապես, երբ վերջինս զինվորական գլխարկով չէ, հետեւաբար փոխադարձ պատիվ չի կարող առնել: Չի բացառվում, որ քաղաքապետը զորամաս էր գնացել, քանի որ ինքն անձամբ չի ծառայել, հետեւաբար չի կարելի բացառել Տարոն Մարգարյանի` «մեղքի զգացողությունը»: Ուրեմն այս այցն իր բովանդակության մասով ողջունելի է, անգամ` գովելի:

    Բայց այս պարագայում այցի բովանդակությունը չէ, որ կարեւոր է, այլ` դրա ձեւը: Օրինակ, եթե ես բանակում ծառայածս տարիներին զինվորական` ինձ հանձնված համազգեստը կրեի այնպես, ինչպես դա կրել է Տարոն Մարգարյանը` զորամասում գտնվելու ընթացքում, ապա ինձ հանդիպած սպաները կա՛մ կպատժեին ինձ` ըստ կանոնադրության, կա՛մ կապտակեինՙ ըստ սովորության, ու, պետք է նշեմ, ճիշտ կանեին: Բայց Տարոն Մարգարյանը բանակ է գնացել ոչ թե քաղաքապետ դառնալուց շատ առաջ, այլ` այդ պաշտոնում, հետեւաբար նա` իր կողքին ճիշտ զինվորական հագուկապով գտնվող սպաների պատժից խուսափել է, նրան, ինչպես վերը նշեցինք, անգամ պատվի են առել: Մինչդեռ ինչպես յուրաքանչյուր պաշտոնյա, այնպես էլ քաղաքապետը կարող է ընդօրինակելի լինել: Ասենքՙ երիտասարդ նորակոչիկները կարող են համազգեստը կրել այնպես, ինչպես այն կրել է Երեւանի քաղաքապետը ու պահանջել, որ իրենց ոչ միայն չպատժեն, այլեւ` պատվի առնեն:

    Սա, իհարկե, այդքան կարեւոր չէ. կարեւորն այն է, որ մեր բանակը պատվել է իր հյուրին, այն պարագայում, երբ այդ հյուրը չի պատվել այդ բանակի կանոնադրությունն ու դրա` համազգեստ կրելու կանոնները:

    Տարոն Մարգարյանը եթե զորամաս էր այցելել` սեփական մեղքը քավելու նպատակով, ապա եւս մի այցելության կարիք ունի, ինչպես ամեն շաբաթ եկեղեցի այցելող ծեր կինը: Հաջորդ անգամ, սակայն, նա չպետք է կրկնի իր` զինվորական համազգեստը սխալ կրելու, հետեւաբար զինվորական կանոնադրությունը խախտելու մեղքը:

    Այդ համազգեստով բոլորս զինվոր ենք, անգամ քաղաքապետ դառնալուց հետո:

  • ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ

    ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ

    ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՅԱՆ

    Զբոսաշրջության հայաստանյան իրականության ցուցանիշների շուրջ

    Ներգնա զբոսաշրջություն, ներքին զբոսաշրջություն եւ արտագնա զբոսաշրջություն: Սրանք կարող են շփոթություն առաջացնել` հատկապես առաջին եւ երկրորդ հասկացությունները: Հետեւաբար, նախ փոքրիկ պարզաբանում: Ներգնա զբոսաշրջությունը դա արտերկրից այցելող զբոսաշրջիկներն են: Ներքին զբոսաշրջությունը` իրենց երկրում հանգիստն անցկացնողներն են: Արտագնա զբոսաշրջությունը, երբ որպես զբոսաշրջիկ մեկնում են այլ երկրներ: Ինչպիսի՞ն են այս առումով Հայաստանի ցուցանիշները 2013-ին եւ 2014-ի առաջին ամիսներին, ի՞նչի մասին են դրանք վկայում եւ ի՞նչ զարգացումներ դրանք կարող են ունենալ առաջիկայում:

    Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը մոտեցել է 1 մլն-ի

    Ինչպես երեւում է աղյուսակից, վերջին 13 տարիներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարեց-տարի աճում է: Այդ աճը կանգ չի առել անգամ ճգնաժամային տարիներին` 2008-2009-ին: 2013-ի հունվար-դեկտեմբերին, հաշվետվությունների տվյալների եւ հետազոտությունների արդյունքում ստացված ցուցանիշների համաձայն, Հայաստան են ժամանել 957240 զբոսաշրջիկներ : Այդ մասին տեղեկացանք էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից:

    Այստեղ եւս մեկ հստակեցում` ո՞վ է համարվում զբոսաշրջիկ: Համաձայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության, զբոսաշրջիկ է համարվում յուրաքանչյուր անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Ընդ որում, այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում կամ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում եւ այլն:

    Վերոնշյալ 957 հազար զբոսաշրջիկներից հյուրանոցներում եւ հյուրանոցային հանգրվաններում տեղավորվել են գրեթե 149 հազարը, իսկ 808 հազարից ավելի մարդ հանգրվանել է հենց բարեկամների, հարազատների տներում կամ վարձով բնակարաններում:

    Հետազոտությունների եւ փորձագիտական եզրակացությունների համաձայն, Հայաստան ժամանողների մոտ 60 տոկոսը ազգությամբ հայեր են: Նրանց թվում եւ, այսպես ասած, ավանդական Սփյուռքի մեր հայրենակիցներն են, եւ 90-ականներին Հայաստանից արտագաղթածները, եւ վերջին շրջանում մեկնածները, եւ աշխատանքային միգրանտները, որոնք դարձել են այլ երկրների քաղաքացիներ: Այդուհանդերձ, ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունները փաստում են, որ Հայաստան այցելող այլազգիների թիվը շարունակական աճ է արձանագրում, ընդլայնվում է նաեւ երկրների աշխարհագրությունը, որտեղից նրանք գալիս են:

    2013-ին Հայաստան այցելող զբոսաշրջիկների 36,3 տոկոսը Եվրոմիության, 27,8 տոկոսը` ԱՊՀ եւ 35,9 տոկոսն այլ երկրներից են: Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի առումով առաջին տեղում Ռուսաստանն է: Այս երկրից անցյալ տարի Հայաստան է եկել զբոսաշրջիկների թվի 22,7 տոկոսը: Հաջորդը ԱՄՆ-ն է, որտեղից Հայաստան եկած զբոսաշրջիկները ամբողջի 12,2 տոկոսն են, երրորդը Ֆրանսիան` 7,7 տոկոս: Իտալիայից Հայաստան են եկել զբոսաշրջիկների ընդհանուր թվի 6,3 տոկոսը, Գերմանիայից` 6,1 տոկոսը, Իրանից` 5,8 տոկոսը եւ այլն:

    Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն այս տարվա` 2014-ի առաջին եռամսյակում, շարունակել է աճել, կազմելով 154471, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 20,5 տոկոսով:

    Ակնհայտ է, որ զբոսաշրջությունը Հայաստանում զարգանում է եւ հետագա զարգացման բավականին մեծ ռեսուրս ունի: Այսինքն, արդարացված կլինեն ներդրումները ներգնա զբոսաշրջության ոլորտում` մասնավորապես նոր հյուրանոցների եւ հյուրանոցային հանգրվանների կառուցման ուղղությամբ: Պատահական չէ, որ վերջին երկու տարում նման կառույցների թիվը գրեթե կրկնապատկվել է, ինչին իր նպաստն է բերել նաեւ ներքին զբոսաշրջության վերջին 2 տարիներին գրանցած աճը:

    Սկսել ենք ավելի շատ հանգստանալ Հայաստանում

    Ներքին զբոսաշրջությունը վերջին երկու տարում Հայաստանում կտրուկ զարգացում է ապրել: Դրան նպաստող կարեւոր գործոններն են, մի կողմից` նորանոր հյուրանոցների եւ հանգստյան տների ավելացումը, որը թեկուզ աստիճանաբար, բայց բերում է գների տարբերակմանը եւ ավելի էժան առաջարկների ի հայտ գալուն, մյուս կողմից` պետության կողմից սոցփաթեթում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հանգստի անցկացմանը միջոցներ հատկացնելը:

    Նախ հյուրանոցների եւ հյուրանոցային հանգրվանների` հանգստյան տներ, առողջարաններ, հոսթելներ, մոթելներ եւ նմանատիպ կացարանների մասին: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2012-ին Հայաստանում գործում էին մոտ 157 նման օբյեկտներ, որոնք միաժամանակ ի վիճակի էին տեղավորել մոտ 12 հազար մարդ:

    Ներկա պահի դրությամբ, հյուրանոցների եւ հյուրանոցային հանգրվանների թիվը կազմում է 325: Այդ մասին մեզ հայտնեց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը : Նրա տեղեկացմամբ, այս բոլորը միասին կարող են միաժամանակ ապահովել 19 հազար մահճակալ/տեղ : Այդ թվում, Երեւանի 114 հյուրանոցները` 5 հազար տեղ, իսկ մարզերի 211 հյուրանոցային հանգրվանները` 14 հազար տեղ: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այս թվի մեջ չեն մտնում մոտ 200 զբոսաշրջային տները գյուղական բնակավայրերում, որոնք շատ սիրված են հատկապես օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից:

    Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, ապա, դարձյալ զբոսաշրջության վարչության պետի տեղեկացմամբ, 2013-ին Հայաստանում հանգստացող հայաստանցիների թիվը կազմել է 669540, ինչը մոտ 30 տոկոսով ավելի է նախորդ 2012-ի համեմատ : 2014-ի առաջին 3 ամիսներին այդ թիվը կազմել է 61 հազար, ինչը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:

    Այսպիսով, եթե անցյալ տարի երկրի ներսում հանգստացել են 669 հազար մարդ, ապա, դատելով առաջին եռամսյակի ցուցանիշից, միանգամայն իրատեսական է, որ տարեկան ցուցանիշը կարող է հասնել 900 հազարի: Դրա ուղղակի վկայությունն է այն փաստը, որ զբոսաշրջային ներկայիս ակտիվ սեզոնի ժամանակ, հայաստանյան հանգստյան տներում եւ հյուրանոցներում, անկախ դրա թանկարժեք կամ համեմատաբար մատչելի լինելուց, ազատ տեղ գտնել գործնականում անհնար է : Ընդ որում, տեղերի մեծ մասը զբաղեցված է դեռեւս մեկ-երկու ամիս առաջ:

    Ի դեպ, այս կացությունը նույնպես վկայում է բնակչության գերակշիռ մասի բարեկեցության որոշակի մակարդակի մասին` հակառակ կյանքից եւ կենսամակարդակից դժգոհությունների: Սակայն սրա մասին առավել հիմնավորված` փոքր ինչ ուշ: Իսկ Հայաստանում հանգստացող մեր համերկրացիների թվի ավելացումը միանշանակ ողջունելի փաստ է: Այն պետք է դրդի այս ոլորտի գործարարներին հանդես գալ հանգստի անցկացման ավելի բազմազան առաջարկներով եւ դրանց ճկուն ու հնարավորինս հասանելի գներով:

    Ավելի քան 900 հազար հայաստանցիներ հանգստացել են արտերկրում

    Անցյալ տարի Հայաստանից զբոսաշրջության նպատակով այլ երկրներ է մեկնել 906154 մարդ, ինչը նախորդ տարվա` 2012-ի համեմատ ավելի է 12,3 տոկոսով: 2014-ի առաջին եռամսյակում այդ թիվը շարունակել է աճել, կազմելով 162 հազար մարդ կամ 18,2 տոկոսով ավելի 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

    Ինչ խոսք, յուրաքանչյուրի իրավունքն է իր հանգիստն անցկացնել իր նախընտրած վայրում: Այս առումով անհասկանալի է միայն Թուրքիա հանգստանալու մեկնող մեր հայրենակիցների մտածելակերպը: Մի երկիր, որը ոչ միայն իրականացրել է մեր ժողովրդի ցեղասպանությունը, այլեւ շարունակում է բացահայտ թշնամանքով վերաբերվել Հայաստանին եւ վտանգ է ներկայացնում մեր ապահովության համար: Այս կացության մեջ նվազագույնը, որ չպետք է ինքներս նպաստենք այդ երկրի զարգացմանը եւ բացառենք մեր հանգստի անկացումը հենց այս երկրում:

    Արտերկիր մեկնողների զգալի մասը հարեւան Վրաստանում, ծովի ափին իրենց հանգիստը անցկացնողներն են: Ավելի բարձր կենսամակարդակ ունեցողները նախընտրում են այլ երկրներ` նրանց համար ավանդական դարձած Կիպրոսից եւ Իսպանիայից մինչեւ էկզոտիկ Մալդիվյան կղզիներ: Ամեն պարագայում, վերադառնալով զբոսաշրջային տվյալների մեջ հիշատակվող կենսամակարդակին, փորձենք թվային արտահայտությամբ եզրակացությունների հանգել:

    Այսպիսով, ավելի քան 900 հազար մարդ իր հանգիստն անց է կացնում Հայաստանից դուրս: Ակնհայտ է, որ միջինից ցածր եկամուտներ ունեցողների համար անհնար է անգամ հարեւան Վրաստանում հանգստանալը: Հետեւաբար, առնվազն այսքան մարդ միջին եւ միջինից բարձր կենսամակարդակ ունի, եթե կարող է իրեն թույլ տալ հանգիստն անցկացնել արտերկրում:

    Գրեթե 700 հազար մարդ էլ հանգստանում տեղում` Հայաստանում: Սրանց մեջ արտերկիր մեկնողները դժվար թե լինեն: Քչերը արտերկրից վերադառնալուց հետո կմեկնեն հայաստանյան հանգստավայրեր եւ դրա փոխարեն կնախընտրեն ավելի երկար հանգստանալ արտերկրում: Կարեւորենք սոցփաթեթի նշանակությունը տեղում հանգստացողների առումով, որի ժամանակ հանգստի 1-3 օրը պետական ֆինանսավորմամբ է տեղի ունենում: Միեւնույն ժամանակ, փաստենք, որ միայն 120 հազար մարդ է օգտվում սոցփաթեթից եւ եթե ամբողջությամբ նրանց հանենք վերոնշյալ 700 հազարից, ապա դարձյալ պետք է արձանագրենք, որ գրեթե 600 հազար մարդ ի վիճակի է իր հանգիստն անցկացնել Հայաստանի հանգստավայրերում: Այսինքն, առնվազն 1,5 մլն մարդ ունեն բարեկեցության որոշակի մակարդակ , ի տարբերություն այլ հարյուր հազարավորների, որոնք չեն կարողանում իրենց հանգիստն անցկացնել արտերկրում կամ Հայաստանում, բայց ավելի լավ ապրողներից ավելի քիչ են բողոքում:

    Այսպիսով, բոլոր ցուցանիշները խոսում են այն մասին, որ զբոսաշրջության երեք ուղղությունները` ներգնա, ներքին եւ արտագնա, աճի միտում ունեն: Դրանք չեն կարող խանգարել մեկը մյուսին : Ավելին, նման կացությունը բարենպաստ մրցակցային դաշտ կստեղծի տեղի զբոսաշրջային գործակալությունների եւ հյուրանոցային հանգրվանների սեփականատերերի համար` ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանում հանգստանալ ցանկացող տեղացիների եւ արտասահմանցիների համար: Սա չի նշանակում, իհարկե, թե այլեւս չունենք այս ոլորտում չլուծված խնդիրներ: Դրանք բազմաթիվ են` սպասարկման մակարդակից մինչեւ ճանապարհների անբարեկարգություն, մեր շրջակայքի աղտոտումից մինչեւ հասարակական զուգարանների բացակայություն, զբոսաշրջիկների համար խտրական գներ «կրակելուց» մինչեւ նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք : Սրանց վերաբերյալ անհրաժեշտ է պետության, իշխանությունների եւ բնակչության համապատասխան մոտեցումն ու ընկալումը:

  • ՍԱԴՐԱՆՔԻ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

    ՍԱԴՐԱՆՔԻ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

    ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

    Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն-հետախուզական խմբի թեմայով Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները տեսակետ արտահայտեցին միայն հուլիսի 16-ին` ՊՆ մամուլի ծառայության մակարդակով: «Ի հակակշիռ հայկական կողմի պնդումների, այդ մարդիկ (ադրբեջանցի երեք դիվերսանտները- Վ. Ա.) ոչ մի պետական սահման չեն խախտել: Տարածքը, որ վերահսկվում է «ապօրինի ռեժիմի» (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության- Վ. Ա.) կողմից, ադրբեջանական է` ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում»,- սա էր հարեւան երկրի պաշտպանական գերատեսչության արձագանքի «նախաբանը»:

    Հայտարարության մեջ նաեւ ասված էր, որ «ադրբեջանական բանակը ոչ պրոֆեսիոնալների եւ քաղաքացիական անձանց կարիք չունի եւ կարող է լուծել ցանկացած խնդիր»: Ի՞նչ է հետեւում դրանից: Նախ, Ադրբեջանի ՊՆ-ն, հետեւաբար` նաեւ քաղաքական ղեկավարությունը, դատապարտելի ոչինչ չեն տեսնում «երեք հրացանակիրների» արարքներում. եթե տարածքը, ուր նրանք ներթափանցել են, «միջազգայնորեն ադրբեջանական է», ապա «ի՞նչ խոսք կարող է լինել հանցավորության մասին»:

    Երկրորդ, «հերքելով» դիվերսանտների կապն ադրբեջանական բանակի հետ, հարեւան երկրի ՊՆ-ն փաստացի ասում է, որ «դիվերսիա իրականացնելու բոլոր հնարավորություններն ունի եւ պատրաստ է ամեն պահի դիմել այդպիսի գործողությունների»:

    Սա բացահայտ մարտահրավեր է միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, քաղաքակրթությանն առհասարակ: Բանն այն է, որ Քարվաճառ ներթափանցած դիվերսիոն խումբը կարող էր ունենալ միայն եւ միայն խաղաղ բնակչության հանդեպ հաշվեհարդար տեսնելու, քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու առաջադրանք:

    Տարածքը, որտեղ հայտնաբերվել եւ վնասազերծվել են նրանք, զորքերի շփման գծից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է, այնտեղ ռազմական նշանակության օբյեկտներ չկան: Եւ, ընդհակառակը, կան քաղաքացիական ենթակառուցվածքներ եւ արտադրական հզորություններ: Հատկապես կարեւորվում է Սարսանգի ամբարտակը:

    Ինչպես հայտնի է, ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը «բանաձեւի» նախագիծ է փորձում շրջանառել, որի նախաբանում առկա է այսպիսի ձեւակերպում. «Չի բացառվում, որ Սարսանգի ամբարտակի անմխիթար վիճակը կարող է հանգեցնել տեխնոգեն աղետի, ինչի հետեւանքով 400 000 ադրբեջանցիներ կհայտնվեն հեղեղման գոտում»:

    Որեւէ կապ կա՞ «տեխնոգեն աղետի հավանականության» եւ Քարվաճառ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման միջեւ: Հարցը կարող է հռետորական թվալ: Բայց չպետք է մոռանալ, որ Սարսանգի հիդրոհանգույցը շահագործման է հանձնվել 1976թ.-ին, երբ Լեռնային Ղարաբաղը գտնվում էր Ադր. ԽՍՀ կազմում: Եւ Բաքվում, բնականաբար, պահպանվում են կառույցի բոլոր նախագծերն ու տեխնիկական բնութագրերը: Իսկ Սարսանգի ամբարտակը տարածաշրջանում միակն է, որ կառուցվել է «հատուկ տեխնոլոգիայով»:

    Եւ ինչո՞ւ չենթադրել, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական խմբի միջոցով փորձել է տեղազննում կազմակերպել, թե փոխվե՞լ են, արդյոք, ամբարտակի «տեխնիկական պարամետրերը», ի վերջո` «հնարավո՞ր է, որ տեխնոգեն աղետ» կազմակերպվի: Միայն պատկերացնել կարելի է, թե միջազգային ի՜նչ վայնասուն կբարձրացնի Ադրբեջանը, եթե որեւէ դիվերսիոն խմբի «հաջողվի» տեխնոգեն աղետի թեկուզ իմիտացիա անել Սարսանգի ամբարտակի շրջանում:

    ԼՂՀ ՊԲ եւ իրավապահ մարմինների համատեղ գործողությունների արդյունքում դիվերսիոն-հետախուզական խումբը վնասազերծվել է: Եւ ի՞նչ: Ադրբեջանական կողմը փոխանակ հայտարարի, որ այդ կարգի «գործողություններն անընդունելի են, հակասում են ԼՂ խնդրի խաղաղ-բանակցային կարգավորման ջանքերին», պաշտպանական գերատեսչության մակարդակով փաստացի արդարացնում է «քաղաքացիական» դիվերսանտներին եւ սպառնում, որ «պրոֆեսիոնալ մակարդակով կարող է ցանկացած խնդիր լուծել»:

    «Ցանկացած», այդ թվում նաեւ` դիվերսիոն-հետախուզական: Եւ ոչ միայն զորքերի շփման գծում, ինչը, գուցե, «տրամաբանական» դիտվի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում, այլեւ` քաղաքացիական բնակչության շրջանում, քաղաքացիական նշանակության օբյեկտների եւ ենթակառուցվածքների հանդեպ:

    Ժամանակ առաջ «Էխո» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն, որ, ի դեպ, վերջերս հայկական մի լրատվամիջոցի «վիզավին» է դարձել, ուրվագծել էր «երկրորդ ղարաբաղյան պատերազմի» այսպիսի սցենար` «դեսանտի իջեցում հայկական զորքերի թիկունքում», «մարտավարական հրթիռների միջոցով Լաչինի միջանցքի ենթակառուցվածքների զանգվածային ոչնչացում», «հայկական դիրքերի տեւականորեն հուժկու հրթիռա-հրետակոծում, օդից «կետային» հարվածներ», ի վերջո` «զրահատեխնիկայի առաջնորդությամբ հետեւակի ներխուժում»:

    Սույն ռազմական «դոկտրինը» որեւէ մեկն Ադրբեջանում չի հերքել: Վարդենիս- Մարտակերտ ճանապարհի կառուցումը ռազմավարական առումով կարելի է համարել «Լաչինի միջանցքի այլընտրանք»: Դիվերսանտները վնասազերծվել են կառուցվող ճանապարհին անմիջականորեն հարող տեղանքում: Եւ մի՞թե բացառված է, որ նրանք տեսանկարահանել են նոր «միջանցքը»: Առահասարակ, այդ դիվերսանտներն Ահմեդօղլուի նշած «դեսանտը» չե՞ն: Կամ նրանք տեղաշրջան չե՞ն ներթափանցել, որպեսզի «քարտեզագրեն ապագա դեսանտի իջեցման» հնարավոր վայրերը:

    Կա նաեւ այլ հավանականություն. Արցախի ջրային ռեսուրսների մեծագույն մասն սկիզբ է առնում հենց այն տեղանքներից, որտեղ ներթափանցել է դիվերսիոն-հետախուզական խումբը: Թարթառը թունավորելու համար «դեսանտ իջեցնելու» կամ հատուկ պատրաստություն անցած «ռեմբոներ» շփման գիծն անցկացնելու կարիք չկա: Բավական է մի «միամիտ անասնագողի» կռնակին հարկավոր քանակի թունանյութ «բարձել» եւ ուղարկել` կատարելու «իր հայրենասիրական պարտքը»:

    Եւ, վերջապես, կասկած չկա, որ դիվերսիոն-հետախուզական խումբը կամ նրա անդամներից մեկն է դաժանաբար սպանել քարվաճառցի 17-ամյա պատանուն: Նա Ադրբեջանի Շամքորի շրջանի Չարդախլու գյուղից բռնատեղահանված ընտանիքի զավակ էր: Տողերիս հեղինակը նրան տեսել է, երբ 6-7 տարեկան էր, ճանաչում է հորը` Մեխակին, հորեղբայրներին` Աբրահամ եւ Կամո Ցականյաններին: Նրանք խաղաղ զբաղմունքի մարդիկ են: Ցականյանների ընտանիքն, այսպիսով, իր նոր հայրենիքում երկրորդ անգամ է ենթարկվել ադրբեջանական վայրենության: Դա ծանր հարված է:

    Իսկ մի՞թե հենց դա չէր դիվերսոին-հետախուզական խմբի նպատակներից մեկը: Մեկ-երկու շաբաթ առաջ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ Զահիդ Օրուջեւը զինված ուժերին հորդորում էր ամեն ինչ անել, որպեսզի շփման գծի «հակառակորդ կողմում ապրող մարդկանց ոտքի տակ հողը վառվի»: Սահմանամերձ բնակավայրերի անդուլ գնդակոծություններն, ինչպես երեւում է, «բավարար չեն»:

    Ադրբեջանն անցել է ԼՂՀ քաղաքացիական բնակչությանը «կետային հարվածներով» ոչնչացնելու «մարտավարությանը»: Հուլիսի 15-ին Ասկերանի շրջանում սպանվել է հայ խաղաղ հողագործ: Haqqin. az-ի այդ առթիվ տեղեկատվությունը վերնագրված էր. «Ադրբեջանցի դիպուկահարը ոչնչացրել է հայ տրակտորիստի»: Ի՞նչ է մնում ասել, եթե ոչ` «կեցցե» այդ դիպուկահարը, «փառք» այն բանակին, որ խայտառակ պարտության վրեժն առնում է անպաշտպան տրակտորիստից, «օրհնյալ է» այն ժողովուրդը, որ սեփական զոհերին «պանծացնում» է` նրանց գերեզմանները ցողելով 17-ամյա հայ պատանու անմեղ արյունով:

    Բայց նաեւ ասված է, չէ՞` «երբ տունդ ապակուց է, հարեւանի պատուհանին քար մի նետիր»: Ասված է, բայց ո՞ւմ համար: Թերեւս` ոչ Ադրբեջանի (բոլոր ադրբեջանցիների՞): Դա վախկոտ երկիր է: Ստոր: Ապացույցի համար հեռուն գնալու, պատմական անցյալին, Սումգայիթի ոճրագործություններին կամ դիվերսանտներից մեկի «անասնագողությունը մեր ազգային սովորույթն է» ասածին դիմելու հարկ չկա: Իլհամալիեւյան քարոզչությունն ինքն է բացահայտել Ադրբեջանի դեմքը:

    Քարվաճառում վնասազերծված դիվերսանտների հարցով Trend-ը դիմել է… Բաքվում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը, թե «ի՞նչ է անում Ղարաբաղում պատանդ վերցված ՌԴ քաղաքացու ճակատագիրը պարզելու համար»: Պատասխանն այսպիսին է. «Ներկա պահին դեսպանատունը տվյալ հարցը որեւէ կերպ չի մեկնաբանում»: (http://haqqin.az/news/26287)

    Ո՞վ է «Ղարաբաղում պատանդ վերցված ՌԴ քաղաքացին»: Խոսքը Քարվաճառում վնասազերծված դիվերսանտ Դիլհամ Ասկերովի մասին է: Բաքվում ՌԴ դեսպանատանն ուղղված հարցման նախօրեին APA գործակալությունը տարածել է Դիլհամ Ասկերովի որդու` Քյուրդօղլուի (ի՜նչ էլ անուն են տվել) խոսքը. «Հայրս հաճախակի էր Ռուսաստան մեկնում: Մենք կարծում էինք, թե նա դարձյալ այնտեղ է: Հետո համացանցում կարդացի, որ նա գնացել է (զբոսախնջույքի՞- Վ. Ա.) «հարազատ Քելբաջարի շրջան»: (Չակերտները մերն են- Վ. Ա.): Իհարկե, որեւէ դիվերսիայի մասին խոսք լինել չի կարող»: (http://www.vesti.az/news/211168)

    Երեք-չորս միլիոն ադրբեջանցի Ռուսաստանում կանաչի, միրգ ու բանջարեղեն է վաճառում, սեւագործ աշխատանք անում` «օրեցօր ծաղկող» Ադրբեջանում կին-երեխա սնելու, հագցնելու համար: Եւ «հաճախակի Ռուսաստան մեկնել»` չի նշանակում լինել ՌԴ քաղաքացի: Բայց դա ի՞նչ կապ ունի Քարվաճառում դիվերսիոն-հետախուզական գործունեության հետ:

    Ահա այստեղ է «թաղված շան գլուխը»: Ադրբեջանը ճգնում է այդ գործից «ձեռքերը լվանալ»: Ֆորմալ առումով «պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի վրա», եթե դիվերսանտներից մեկն «ՌԴ քաղաքացի է»: Ահա պաշտոնական Բաքվի ստորամիտ վախկոտությունը: Եւ` ոչ միայն: Դա սադրանք է ռուս-հայկական ռազմավարական դաշնակցության դեմ, փորձ` «ցույց տալու», որ «եթե անգամ դիվերսիա է, ապա այն կազմակերպել է ՌԴ քաղաքացի» Դիլհամ Ասկերովը:

    Ինչպիսի՞ն կլինի ՌԴ պաշտոնական արձագանքը: Մոսկվան կլռի՞, թե՞ արժանի հակահարված կտա Իլհամ Ալիեւի նենգամտությանը: Իսկ որ լրատվամիջոցները Բաքվում ՌԴ դեսպանատուն են դիմել «նորին հիմարության» հրահանգով` թող ոչ ոք չկասկածի: Իտալիայում բանակցություններն ավարտելուց հետո նա Բաքու է վերադարձել հուլիսի 15-ին, եւ նույն օրն էլ Trend կիսապաշտոնական գործակալությունը Դիլհամ Ասկերովի հարցով դիմել է Բաքվում ՌԴ դեսպանությանը:

    Ռուսաստանը նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Իսկ Իլհամ Ալիեւը փաստացի միջնորդ երկրին ԼՂՀ տարածք «իր քաղաքացի դիվերսանտ ուղարկելու» արարք է վերագրում: Պետք է սպասել, որ ՌԴ արտգործնախարարությունն առնվազն Բաքվում դեսպանի մակարդակով արժանի պատասխան կտա ադրբեջանական կողմի տեղեկատվական եւ, մանավանդ, քաղաքական դիվերսիային:

    Այլապես Քարվաճառում ադրբեջանական դիվերսիայի ենթատեքստը կմնա լիովին չբացահայտված:

    Ստեփանակերտ

  • ԹԻՐԱԽԸ ՍԻՐԻԱՆ Է ԵՎ ԻՐԱՆԸ

    Հ. Ծ.

    Իրաքի երկրորդ մեծ քաղաքումՙ Մոսուլում գտնվող հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա իրագործված հարձակումից հետո տասնյակ հայ ընտանիքներ ստիպված են եղել հեռանալ քաղաքից: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի տվյալների, երկրում մնացել են մոտ 15-16 հազար առաքելական եկեղեցու հետեւորդ հայեր, որոնք հիմնականում ապրում են Բաղդադում, Բասրայում, Կիրկուկում եւ Մոսուլում: Երկրի հյուսիսային շրջաններում, Բաղդադում եւ Բասրայում ապրում են նաեւ 5-6 հազար ավետարանական եկեղեցու հավատացյալներ: Հայկական համայնքներ կան նաեւ Էրբիլում եւ Դահուկում: Հյուսիսային Իրաքի Կանդիլ լեռներում տեղակայված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդները հայտարարել են, որ իրենց զինյալ միավորումները պատրաստ են դիմակայելու ISIS-ի հարձակումներին եւ անվտանգ միջանցք ապահովելու, որպեսզի քուրդ, արաբ, թուրքմեն եւ հայ փախստականներ կարողանան տեղափոխվել այլ շրջաններ: Ըստ նրանց, PKK-ի մարտիկները համագործակցում են Պեշմերգա ռազմական միավորումների հետ:

    ISIS-ի (Islamic State of Iraq and Syria կամ al Sham) լավ զինված, լավ ֆինանսավորած եւ լավ կազմակերպված ուժերը, ըստ միջազգային լրատվության, Թուրքիայից եւ հյուսիսարեւելյան Սիրիայից են մուտք գործել Իրաք: Դա Իրաքը վերագրավելու Ամերիկայի գաղտնի ծրագրի իրականացումն էր, հավատացած են որոշ քաղաքական մեկնաբաններ, որոնք կասկածի տակ են առնում Մ. Նահանգների «անտեղյակությունը» կատարվածից: «Wall Street Journal»-ը գրել էր, որ իրաքյան ողբերգությունը հանկարծակիի բերեց Մ. Նահանգներին, եւ պատճառ դարձավ, որ քաղաքագետներ եւ զինվորական առաջնորդներ Սպիտակ տանը հավաքվեն եւ քննարկեն իրադրությունը: Դա անտեղյակություն չէր կարող լինել, քանի որ մեկ այլ հատվածում նույն հեղինակավոր թերթը գրել էր, որ Ամերիկան անօդաչու ինքնաթիռներ է գաղտնի ուղարկում Իրաք: Եթե լիբանանյան «Lebanon Daily Star» թերթը դեռ մարտ ամսին տեղյակ էր, որ ISIS-ը իր զորքերը արեւմտյան Սիրիայի Անթաքիա եւ Իդլիբ քաղաքներից դուրս է բերում եւ վերատեղակայում դրանք Իրաքի հետ սահմանի երկայնքով, ինչպե՞ս է, որ ԿՀՎ-ն (CIA), իր անօդաչու ինքնաթիռներով, անտեղյակ էր կատարվածից, հարցնում են նրանք:

    Այդ քաղաքագետների մեկնաբանությամբ «ISIS»-ը ՆԱՏՕ-ի եւ ԿՀՎ-ի հովանավորությամբ արդեն երեք տարուց ավելի տեւող հակասիրիական ծրագրի բաղկացուցիչ մասն է: Այդ ծրագրի հետեւում կանգնած են Մ. Նահանգները, Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Քաթարը: Ծրագրի մանրամասներ նկարագրված են «New Eastern Outlook Journal» (NEO- Արեւելյան նոր աշխարհայացք) պարբերականի զեկուցագրում, նշված են հարյուրավոր միլիոն դոլարների տրամադրումը ISIS-ին, կապը ամերիկյան բանակի Ուեսթ Պոյնտի հակաահաբեկչական կենտրոնի հետ, եւ Իրաքում արհեստական «աղանդավորական պատերազմ» հրահրելու նպատակները, որոնք ուղղված են Սիրիայի եւ Իրանի դեմ: Այս բոլորի հենքի վրա Ամերիկայի «անտեղյակությունը» պարզապես ծառայում է քողարկելու նրա անմիջական մասնակցությունը իրադարձություններին:

    «Միջազգային ներում» (Amnesty International) կազմակերպությունը, թվարկելով հանդերձ ISIS-ի կալանավայրերի եւ դրանցում գործադրված (ինչպես արաբ հակառակորդ խմբավորումների անդամների, երեխաների, այնպես էլ օտարազգի լրագրողների դեմ) վայրագությունների մասին, այդուհանդերձ չի հստակեցնում, որ ISIS-ը ամերիկյան հետախուզական ծառայությունների կողմից է ստեղծված, եւ նրա «ճարտարապետները» Ջոն Նեգրոպոնտեն է եւ Սիրիայում Մ. Նահանգների նախկին դեսպան Ռոբերտ Սթիվն Ֆորդը: «Միջազգային ներումը» կոչ է անում ISIS-ին վերջ դնել վայրագություններին, անօրինական կտտանքներին եւ առեւանգումներին, իսկ Թուրքիայի եւ Ծոցի պետություններինՙ դադարեցնել ֆինանսական, նյութական, ինչպես նաեւ ռազմական բոլոր տեսակի օժանդակությունները ISIS-ին: «Միջազգային հանրությունը պարտավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել չեզոքացնելու համար ISIS-ի առաջխաղացումը», նշում է «Միջազգային ներում» կազմակերպությունը:

    Քաղվածՙ «Միրոր-Սփեքթեյթրից» եւ համացանցային տարբեր աղբյուրներից

  • ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՍԵԶՈՆԻ ՇԵՄԻՆ

    ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

    Բոլոր հիմքերը կան հայտարարելու, որ Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը փաստացի ստորագրման համար պատրաստ կլինի մինչեւ սեպտեմբերի 10-ը: Ավարտվել են պայմանգրի վերաբերյալ տնտեսական եւ տեխնիկական համաձայնեցումները եւ հիմա, այլեւս, որեւէ համաձայնեցում տեղի չի ունենում: Ստորագրմանը ներկայացնելիք փաստաթղթերն այժմ գտնվում են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի կառավարություններում, որտեղ անցնում են սահմանված կարգով համաձայնեցման փուլը: Ոչ մայիսի 29-ին հաջորդած շրջանում, ոչ էլ այժմ ստորագրման ենթակա փաստաթղթերի առնչությամբ Հայաստանի առջեւ քաղաքական խնդիրներ չեն հարուցվել: Այս տեղեկատվությամբ մեր վերլուծականը սկսելու անհրաժեշտությունն զգացինք, որովհետեւ վերջին շրջանում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման ձգձգմումը անդամակցության հակառակորդները փորձում են օգտագործել Հայաստանի ներսում ներքաղաքական լարվածությունը մեծացնելու եւ ստեղծված անորոշության մթնոլորտում կողմնորոշումների միջեւ պայքարն ու առճակատումը բորբոքելու նպատակով: Ստորեւ փորձենք վերլուծել այն իրավիճակը, որն առարկայորեն գոյություն ունի Հայաստանում եւ մեր շուրջը աշխարհաքաղաքական նախապատվությունների եւ աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական առճակատումների պայմաններում:


    Ինչպիսի՞ն են հայաստանյան հասարակության աշխարհաքաղաքական նախապատվությունները

    Իմ գործընկեր, սոցիոլոգ Սամվել Մանուկյանը պնդում է, որ անցած տասը տարիների ընթացքում Հայաստանի հասարակության, ամբողջությամբ վերցված կողմնորոշումային նախապատվությունները էական փոփոխության չեն ենթարկվել: 2000-ականների սկզբից մինչեւ այսօր հայաստանցիների ճնշող մեծամասնությունը դրականորեն է տրամադրված դեպի Ռուսաստանը եւ հանդես է գալիս հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդման օգտին, այդ թվում ԵԱՏՄ-ին Հայաստանի լիարժեք ինտեգրման օգտին: 2000-ական թվականներից սկսած հայկական, ռուսական, եվրոպական եւ ամերիկյան տարբեր կազմակերպությունների պատվերով եւ տարբեր սոցիոլոգիական կենտրոնների նախաձեռնությամբ իրականացված հարցումները միաբերան վկայել են, որ վերոհիշյալ տեսակետի օգտին է հայաստանցիներիՙ ամենահամեստ հաշվարկներով երկու երրորդից ավելին: Բոլորովին վերջերս «Գելափ ինթերնեշընլի» անցկացրած հարցումը ցույց տվեց, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսը պաշտպանում է հայաստանցիների 80 տոկոսը: Օրեր առաջ «Սոցիոմետր» սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցումները հաստատեցին, որ հայաստանցիների մոտ 70 տոկոսը կողմ է ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Հետաքրքրական է, որ այդ կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի վկայությամբ վերջին շրջանում Ռուսաստանի նկատմամբ համակրանք ունեցողների թիվը նույնիսկ աճել է 10 տոկոսով:

    Այն, որ շարքային քաղաքացիները Հայաստանում եւ Ռուսաստանում ունեն միանգամայն առողջ եւ քաղաքական իրավիճակին համարժեք պատկերացումներ Եվրասիական ինտեգրման գործընթացի հարցում, վկայել է, մասնավորապես, Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը: Ըստ նրա հարցումների, ռուսաստանցիների 45 տոկոսը դրական է վերաբերվում Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, ինչն ամենաբարձրն է հետխորհրդային տարածքի պետությունների նկատմամբ վերաբերմունքի ցուցանիշերում: Օրինակ, Ադրբեջանի անդամակցության հեռանկարը իրական եւ դրական է գնահատել նույն հարցման մասնակիցների միայն 23 տոկոսը, մյուս երկրներն ունեն ավելի ցածր ցուցանիշ: Հասարակական այս տրամադրությունները նկատի ունենալով է, որ հուլիսի 1-ին Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ կդառնա շատ մոտ ապագայում: Ղազախստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ դա գուցե տեղի ունենա հոկտեմբերին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում: Պարզ է, որ այս տեղեկությունները որքան հանգստացնում են ինտեգրման կողմնակիցներին, այնքան մտահոգում, ինչու չէ, նաեւ զայրացնում են ինտեգրման հակառակորդներին: Անցած ամիսների ընթացքում, երբ սեպտեմբերի 3-ից հետո սկսեց բանակցվել ՄՄ-ին եւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, ռուսաստանցի եւ հետխորհրդային տարածքի քաղաքագետները, վերլուծաբաններն ու տնտեսագետները շատ ջանքեր թափեցին, որպեսզի Եվրասիական ինտեգրման գործընթացի հասարակական եւ քաղաքական քննարկումները դուրս չգան կառուցողական ծիրից եւ ավելորդ առիթ չտան Ռուսաստանի «կայսերապաշտական թաքնված նկրտումների» կամ Խորհրդային Միության մասնակի վերականգնման փորձերի մասին հակառակորդ ճամբարների քաղաքական գործիչներին ու քաղաքագետներին խոսելու: Սակայն իրադարձություններն առարկայորեն զարգացան այլ ճանապարհով, եւ Ռուսաստանի ու Եվրոպայի միջեւ ռազմավարական գործընկերային հարաբերությունների ձեւավորման քայլերի փոխարեն այսօր մենք գործ ունենք ուկրաինական ճգնաժամի պատճառով աշխարհի խոշոր ուժային բեւեռների միջեւ աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական բախման հետ:

    Կարելի՞ է արդյոք Հայաստանը հետ պահել Մայդանը կրկնելուց

    Քաղաքակրթությունների բախման եւ նորագույն աշխարհաքաղաքական առճակատումներն ուսումնասիրող քաղաքագետները համաձայն են, որ Ուկրաինայում ճգնաժամի պատճառը արեւմտյան կաթոլիկա-բողոքական քաղաքակրթության եւ ուղղափառ-ռուսական քաղաքակրթության միջեւ քաղաքակրթական առճակատումն է: Հայաստանում մի քանի հրապարակումներ են եղել այն մասին, որոնք տեսական մակարդակով փորձել են հիմնավորել այն իրողությունը, թե հետխորհրդային տարածքի վեց պետություններն էլ հայտնվել են արեւմտյան եւ ռուսական շահերի բախման եզրագծում: Հենց դրանից էլ արվել է գործնական եզրակացություն, որ այդ երկրներից յուրաքանչյուրում աշխարհի խոշորագույն բեւեռների շահերի առճակատումը կարող է հանգեցնել կա՛մ ներքաղաքական լարվածության աճի, կա՛մ սառեցված հակամարտությունների նոր բռնկման: Իսկ այստեղից էլ հայաստանցի շատ վերլուծաբաններ զգուշավոր եզրակացություններ են անում այն մասին, թե աշխարհաքաղաքական կողմնորոշումների միջեւ հակասությունը Հայաստանում եւս կարող է աննախադեպ առճակատման պատճառ դառնալ:

    ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նախապատրաստելու ամբողջ շրջանում ի հայտ եկավ երկու իրողություն, որի մասին առաջներում շատ խոսել ընդունված չէր: Առաջինն այն է, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները համարում է առաջնային կարեւորության խնդիր: Ընդ որում, արտաքին եւ ներքին քարոզչական եւ հակաքարոզչական հնարքների սիստեմատիկ կիրառման պայմաններում էլ այդ բանակը ոչ թե փոքրացել, այլ ինչպես վերեւում ցույց տվեցինք, նույնիսկ մեծացել է: Բայց մյուս կողմից պարզ դարձավ նաեւ, որ մեր հասարակության սոցիալապես ավելի ապահովված խավերի շրջանում անհամեմատ ավելի մեծ են արեւմտամետ հայացքները: Սա էլ առարկայորեն փորձում են բացատրել ոչ միայն նյութական մեծ հնարավորությունները Արեւմուտքում իրացնելու ցանկությամբ, այլեւ Խ. Միության փլուզումից հետո միաբեւեռ եւ գլոբալիստական աշխարհի պայմաններում պետական-հասարակական շինարարության ընթացքում առաջացած նոր վերնախավերի արժեքային համակարգերով: Բայց ուզում եմ նշել, որ Հայաստանում այս կապակցությամբ ինչ-որ բացառիկ կամ արտառոց բան տեղի չի ունեցել: Նույն իրողությունները, նույն ներքին բովանդակությամբ եւ շատ ավելի մեծ մասշտաբներով առկա են հենց Ռուսաստանում, որը հանդես է գալիս որպես Եվրասիական ինտեգրման լոկոմոտիվ: Միանգամայն ակնհայտ է, որ ռուսական վերնախավերի մեծ մասը աշխարհընկալման, կրթության որակի ու բովանադկության, կենցաղի ու հանգստի կազմակերպման, հասարակական հարաբերությունների ոլորտներում Խ. Միության փլուզումից հետո մեծամասամբ հակված են եղել դեպի Եվրոպական Միություն եւ ԱՄՆ: Ահա թե ինչու ռուսաստանակենտրոն քաղաքական կուրս վարելու կողմնակիցներից մեկը, հայտնի կինոռեժիսոր եւ հասարակական գործիչ Նիկիտա Միխալկովը նախագահ Պուտինին լրջորեն առաջարկում էր մտածել ռուսական վերնախավերը փոխելուն ուղղված քայլերի մասին: Հայաստանում նման խնդիր որեւէ մեկը չի բարձրաձայնել եւ եթե բարձրաձայնի էլ, առանձնապես հաջողություն չի ունենալու: Բայց ապահովել տարակարծիք վերնախավերի միջեւ նույնիսկ անհաշտ բանավեճերի պարագայում համազգային համերաշխության դրսեւորումը, թվում է, միանգամայն իրատեսական է: Ավելի պարզ ասածՙ այն, ինչից մենք հմտորեն խուսափել ենք վերջին մեկ տարում, չի կարող իրողություն դառնալ սեպտեմբերին սկսվող նոր քաղաքական սեզոնում: Հիշեցնեմ, որ այն ժամանակ հիմնական քաղաքական բուրգերի ղեկավարները իրենց կողմնակիցներին եւ հասարակությանը հորդորեցին չքաղաքականացնել ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու հարցը: Ուրեմն թույլ չտանք այնպիսի վիճակ, երբ այս ուղեծրից իրադարձությունների ինքնաբուխ զարգացումը շեղում առաջացնի:

    Արտաքին սպառնալիքների լրջության ընկալումը

    90-ականների սկզբից մինչ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք-ձեռքի տված իրականացնում են Հայաստանի շրջափակումը, որի նպատակը մեկն էՙ թույլ չտալ Հայաստանի զարգացում, ծնկի բերել մեր երկիրը եւ ստիպել մեզ Լեռնային Ղարաբաղի հարցում գնալ միակողմանի զիջումների: Իրենց բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ այդ շրջափակումներն ու ճնշումները գլխավոր նպատակներին այդպես էլ չեն ծառայել: Ադրբեջանի նախագահը շատ լավ հասկանում է, որ ԵԱՏՄ մտնելով Հայաստանը ստանում է լուրջ եւ տեւական զարգացման հնարավորություն: Դրա համար էլ չի զլանում նամակներ գրել Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներին:

    Հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումները ղարաբաղյան հակամարտության գոտում գալիս են ուժեղացնելու մեր զգոնությունը եւ մեր պատրաստության մակարդակը: Թուրքիայից տեղեկություններ են հասնում այն մասին, որ այնտեղ ուզում են սահմանները բացել այս աշնանը դեռ դիվանագիտական հարաբերություններ չհաստատած: Պետք է շատ լավ հասկանալ, որ առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման, հայ-թուրքական սահմանի բացումը կարող է պարունակել ապակառուցողական լուրջ ռիսկեր եւ դառնալ նոր միջպետական լարվածությունների պատճառ: Այս կամ այն կողմնորոշման հետեւորդները հիմա զրույցներում ու բանավեճերում փորձում են հասկանալ, որ եթե սրվի ներքաղաքական լարվածությունը եւ այն ընդունի քաոսային եւ անկառավարելի բնույթ, կհանգեցնի՞ արդյոք լուրջ ապակայունացման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին կամ կարո՞ղ է հանգեցնել այլ ծանր հետեւանքների: Իմ կարծիքով դա այդպես էլ կլինի: Բայց ես գիտեմ մարդկանց, որոնք այդպես չեն մտածում: Դրա համար էլ կարծում եմ, որ ավելի լավ է բացել ազատ խոսքի բոլոր դռները, որպեսզի հասարակությունը հնարավոր վտանգների մասին իմանա ավելի շուտ, քան այդ վտանգները կդառնան իրական:

  • BRICS-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՎԵՐԱՓՈԽԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

    BRICS-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՎԵՐԱՓՈԽԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

    ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

    Առանց սպասելու, թե ինչ կորոշեն դրա արդեն նախկին` Արեւմուտքի տերերը

    5 խոշորագույն եւ արագ զարգացող երկրների` BRICS (Brazil, Russia, India, China, South Africa)-ի գագաթաժողովում, որը նախորդ օրը տեղի ունեցավ բրազիլական Ֆորտալեզա քաղաքում, որոշում ընդունվեց ստեղծել վերոնշյալ երկրների խմբի Զարգացման բանկ` 100 մլրդ դոլար կապիտալով: Առանց չափազանցման, նման բանկի ստեղծումը ոչ միայն ֆինանսա-տնտեսական, այլեւ քաղաքական կարեւոր նշանակություն ունի խմբի անդամ երկրների ֆինանսական անկախության եւ քաղաքական դիրքերի ամրապնդման տեսանկյունից:

    Բավական է միան նշել, որ միջազգային հանրաճանաչ Goldman Sachs կազմակերպության վերլուծաբանների կարծիքով, վերոնշյալ 5 երկրների տնտեսությունների գումարային մեծությունը 2050-ին կգերազանցի աշխարհի առավել զարգացած Մեծ յոթնյակի (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Ճապոնիա) երկրների տնտեսությունների մեծությանը:

    Այս երկրների շահեկան կացությունը ապահովվում է շնորհիվ համաշխարհային տնտեսության համար կարեւոր ռեսուրսների առկայությանը այդ երկրներում: Այսպես` Բրազիլիան հարուստ է գյուղատնտեսական արտադրանքով, Ռուսաստանը` օգտակար հանածոներով, Հնդկաստանը` էժան ինտելեկտուալ ռեսուրսներով, Չինաստանը` էժան աշխատանքային ռեսուրսներով, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը` բնապաշարներով:

    Ինչ վերաբերում է ստեղծված բանկին, ապա այն հնարավորություն կստեղծի այդ երկրներում զանազան խոշոր, այդ թվում ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման համար: Այս առումով BRICS-ի բանկը, կարելի է ասել, այլընտրանք է Համաշխարհային բանկին եւ Արժույթի միջազգային հիմնադրամին, որոնց տրամադրած վարկերը հաճախ ուղեկցվում են կոշտ պայմաններով եւ վարկառու երկրին դնում բարդ կացության, անգամ քաղաքական բնույթի սեղմումների առջեւ: Բանկի կենտրոնական գրասենյակը լինելու է չինական Շանհայ քաղաքում, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում լինելու է զարգացման տարածաշրջանային կենտրոնը, բանկի առաջին նախագահը լինելու է Հնդկաստանի ներկայացուցիչը, վարչության ղեկավարը` Բրազիլիայինը, կառավարման խոհրդի նախագահը` Ռուսաստանինը:

    Փաստորեն, բանկի ստեղծմամբ ամբողջացավ մի գործընթաց, որի ժամանակ վերոնշյալ 5 երկրները քայլ առ քայլ վերափոխեցին համաշխարհային տնտեսական համակարգը, չսպասելով, թե ինչ կորոշեն դրա` արդեն նախկին տերերը: Դրանով BRICS-ի երկրների ղեկավարները արմատական քայլ կատարեցին բազմաբեւեռ աշխարհի ստեղծման ուղղությամբ: Հատկանշանական էր, որ Բրազիլիայի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Հարավ Աֆրիկյան Հանրապետության ղեկավարները հանդես եկան Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի միակողմանի պատժամիջոցների դեմ, նշելով, որ անընդունելի են միջազգային իրավունքի եւ միջազգային հանրաճանաչ նորմերի խախտմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառումը: Մի խոսքով, միանշանակ կարելի է պնդել, որ BRICS-ի այս գագաթաժողովի արդյունքները շատ ավելի լուրջ էին, քան կարելի էր ենթադրել:

    Կարեւոր է նաեւ դիտարկել, որ BRICS-ի երկրներն իրենց բնակչության ընդհանուր թվով կազմում են երկրագնդի բնակչության կեսըՙ շուրջ 3 մլրդ մարդ:

    Կարելի է հիշել նաեւ, որ Ռուսաստանի նախագահի համար BRICS-ի կազմումը ունի նաեւ փոխվրեժային նշանակություն: Արդարեւ, Մեծ յոթնյակի (ութնյակ) երկրների վերջին գագաթաժողովին նախագահ Պուտինը չէր հրավիրվելՙ Ուկրաինայի իրադարձություններին հետեւած պատժամիջոցների համատեքստում:

  • ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ ՓԱԿՎԵԼ

    Ա. Մ.

    2014թ. հուլիսի 1-ի դրությամբ լուծարվել է 19 եւ կոնսերվացվել 26 հորատանցք: Այս մասին երեկ կառավարության նիստում հայտնեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը : Նշելով, որ Հայաստանի ստորերկրյա ջրային պաշարի ավելի քան 50 տոկոսը կենտրոնացած է Արարատյան արտեզյան ավազանում, նախարարը հայտնեց, որ ստորերկրյա ջրերն օգտագործելու նպատակով տասնյակ տարիների ընթացքում փորվել են բազմաթիվ հորատանցքեր, որոնց զգալի մասն ապօրինի է եւ օգտագործվում է պոմպերի օգնությամբ: Չօգտագործվող ջրի բացասական մակարդակով հորատանցքերը լցվում են տարատեսակ պինդ եւ հեղուկ թափոններով եւ աղտոտում ջրատար ապարները եւ ջրերը: Նկատի ունենալով այս հանգամանքը, կառավարության երեկվա որոշմամբ, 2014-ի երրորդ եռամսյակում նախատեսվում է լուծարել կամ կոնսերվացնել շուրջ 40 ինքնաշատրվանող կամ բացասական մակարդակով հորատանցք, իսկ չորրորդ եռամսյակի գործողությունները կհաստատվեն հետագայում:

    Խնդրին անդրադարձավ նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը , ասելով, որ ինքը հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր ապօրինի հորերը փակվեն, ինչի վերաբերյալ բնապահպանության նախարարը տարեվերջին հաշվետվություն պետք է ներկայացնի:

  • ԲՈՂՈՔԸ` ՈՐՊԵՍ «ՄՈՒԶԻԿԱ»

    ԲՈՂՈՔԸ` ՈՐՊԵՍ «ՄՈՒԶԻԿԱ»

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Ես վստահ եմ, որ հուլիսի 18-ին` այսօր, երբ ՕԵԿ-ը` Ազատության հրապարակում «Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման» հանրահավաք անի, հրապարակը բազմամարդ է լինելու: Ոչ թե որովհետեւ Հայաստանում շատերն են բողոքում հոսանքի սակագնի հնարավոր թանկացման դեմ, քանի որ այս մարդիկ հազիվ թե իրենց հույսերը կապեն հենց ՕԵԿ-ի հետ, այլՙ որովհետեւ ՕԵԿ-ն ունի բավարար ռեսուրս` հանրահավաք անելու, թեկուզ` Ազատության հրապարակում, անգամ եթե ընդդիմադիր կուսակցություն է այսօր: Ընդ որում, կարեւոր չէ, թե այդ մարդիկ, ասենք նախորդ խորհրդարանական ընտրություններում, որ կուսակցությանն են ընտրել, հնարավոր է ՕԵԿ-ին չեն էլ ընտրել, բայց ՕԵԿ-ի հանրահավաքին կգան, որովհետեւ նրանց «աշխատանքը»` հանրահավաքի գնալն է: Նման մարդկանց մենք տեսել ենք տարիներ առաջ` ՀԱԿ-ի հանրահավաքին, ապա` Րաֆֆիի ձեռքը սեղմելիս, անգամ Գագիկ Ծառուկյանի համապատկերում լուսանկարված:

    Ժամանակին, կոնկրետՙ հին Թիֆլիսում, կանայք կային, ովքեր որոշակի գումարի դիմաց պատրաստ էին լացել պատվիրատուի «մեռելի վրա», ասենք` երկու թումանով: Պատկերացրեք պատվիրատուն, որպեսզի իր կազմակերպած թաղումը մեծ հնչեղությամբ անցնի, վարձում է այս սեւազգեստ կանանց, հայտնում նրանց հանգուցյալի անունն ու, ահա, լացը պատրաստ է, ընդ որում, լացի մեջ հաճախ վանկարկվում է մահացածի անունը: Հայաստանյան քաղաքական հանարահավաքների այս` մշտական մասնակիցները շատ բանով չեն տարբերվում հին թիֆլիսցի վարձու լացողներից, թերեւս միայն գումարի չափն է հասկանալիորեն փոխվել ի նպաստ այսօրվա բողոքողների:

    Բողոքողների մեջ, սակայնեւ անշուշտ կան այսպես կոչված սկզբունքային բողոքողներ, որոնց համար կարեւոր է, թե ում կողքին եւ հանուն ինչի են բողոքում,, եւ որոնք պատրաստ չեն հրապարակում որեւիցե առաջնորդի անունը վանկարկել միայն այն պատճառով, որ այդ պահին տվյալ առաջնորդն է հրապարակի ամբիոնից ելույթ ունենում: Օրինակՙ «Դեմ ենք» քաղաքացիական նախաձեռնությունը: Մարդիկ ի սկզբանե հայտարարեցին, որ իրենք դեմ են կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներմուծմանը, ընդգծելով, որ իրենք չեն հարում այս կամ այն քաղաքական ուժին եւ որ իրենց պայքարը ապաքաղաքական է: Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործընթացի հետ եղավ այն, ինչը եղավ, ու հաշվի առնելով «Դեմ եմ»-ի այս օրերի կատարյալ լռությունը, ենթադրելի է, որ ինչ եղավ, լրիվ կամ բավարար չափով բավարարեց նախաձեռնության անդամներին: Այնինչ, ինչպես գիտենք, «պարտադիր» եզրույթը ամբոջությամբ հանված չէ կենսաթոշակային բարեփոխումները որոշող օրենքի տեքստից: Իհարկե, կարելի է նաեւ ենթադրել , որ հայրենական ընդդիմության ու քաղաքական դաշտի առհասարակ` աշնանանային վերակենդանացման հետ մեկտեղ, «Դեմ եմ»-ը կհիշի, որ ինքը դեմ է, ու ինչին է դեմ, հատկապես, որ սեպտեմբերի 30-ին լրանում է ՍԴ-ի` ԱԺ-ին ու կառավարությանը հատկացրած ժամկետը` «Սահմանադրությանը համապատասխանեցնելու կենսաթոշակային օրենսդրությունը»: Հետեւաբար, գուցե մենք իրավունք չունենք պնդելու, որ «Դեմ եմ»-ը այլեւս հնացած կատեգորիա է, քանի որ այսօր այս նախաձեռնությունը կոչվում է` «Դեմ էին», բայց ցավոք սրտի նման պնդում անելու հիմքերը, նախադեպը չունենք: Հայաստանում հասարակական շարժումը, քաղաքացիական պայքարը մշտապես կրել է տեւական, հաճախ` ձեւական բնույթ, որոշակի հարցի լուծման համար պայքարող, ու ժամանակի ընթացքում նրանց վերցրած դադարը վեր է ածվել շարժման կամ նախաձեռնության իսպառ վերացմանը: Ասենք, ո՞վ է հիմա հիշում, որ ժամանակին կար` «Չենք լռելու» նախաձեռնություն, որն այսօր արդեն կարելի է վերանվանել` «Կներեք, բայց լռեցինք»:

    Դե, եթե կարելի է լռել, ուրեմն կարելի է նաեւ դեմ չլինել, կամ մասամբ դեմ լինել:

    Ինչեւ, Հայաստանում այսօր իրավիճակն այնպիսին է, որ սկզբունքային բողոքողները լռել են, կամ էլ դեմ չեն, համենայն դեպս` հրապարակայնորեն, իսկ աշխատանքի բերումով բողոքողները` սեւազգեստ, կամ էական չէ` ինչ գույնի հագուստով, էլի պատրաստ են կատարել իրենց պատվիրատուների ցանկացած պատվեր. պետք է բղավել` Սլավիկ, ուրեմն կբղավեն` Սլավիկ, պետք է բղավել` Սլավիկ հեռացիր, ուրեմն կբղավեն` Սլավիկ հեռացիր:

    Ի դեպ, համաձայն ժողովրդական` մեզ հասած խոսակցությունների` Թիֆլիսում «մեռելի վրա լացողները» միջինը պահանջում էին 2-3 թուման. դա բավական էր, որպեսզի մարդը տասը անգամ Թիֆլիսի կենտրոնից նստեր ֆայտոն ու գնար` քաղաքի մյուս ծայրը, ընդ որում` «մուզիկայով», անմիջապես` մեռելատնից հետո:

  • ՄՈՒՐՃԻ ՈՒ ՄԵԽԻ ԳԼԽԻ ՄԱՍԻՆ… ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԴԻԼԵՏԱՆՏՈՒԹՅՈՒՆ

    ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    «Եթե միակ գործիքդ մուրճն է, բոլոր հարցերը մեխի նման են դառնում»: Աբրահամ Մասլոուն, ամերիկացի այս հայտնի հոգեբանն առավել հայտնի է մարդկային պահանջմունքների «Մասլոուի բուրգի» շնորհիվ, նաեւ այս խոսքերի հեղինակն է, երբ փորձել է բնութագրել դիլետանտությունը:

    Տանել չեմ կարող, երբ ինչ-որ առողջական խնդրի շուրջը հայրենակիցներիս հետ զրույցը արագ տեմպերով վերածվում է դեսից-դենից հավաքված խորհուրդների մատուցման, ընդ որում` ամենաբարձրակարգ մասնագետի լրջությամբ ու վստահությամբ ներկայացվում են ոչ միայն դեղամիջոցները, այլեւ բուժման արդյունքները: Ավելի հաճախ այնպես են պնդում այս կամ այն դեղամիջոցի օգտակարությունը, որ բժշկի գնալու մտադրությունդ հենց քեզ անլուրջ է թվում:

    Մի խոսքով, եւ այսպես ամեն հարցում: Ամեն հարցում բոլորս մասնագետ ենք, բացի այն ոլորտից, որտեղ կոչմամբ կամ մասնագիտությամբ պիտի լինեինք: Եթե հիվանդ ես, կամ ցավ ունես` բոլորը բժիշկ են: Եթե դեպք է պատահել` ազգովին իրավաբան ու դատավոր ենք: Եթե մի բան պետք է ներկայացվի, բոլորն անխտիր լրագրող են, մինչդեռ հենց լրագրողներից շատերի պարագայում այդ որակումը տալն առնվազն վրիպում է:

    Վերջին օրերի ամենաթեժ թեման ադրբեջանցի դիվերսանտներն են, որոնց «պիկնիկի», ձերբակալության կադրերն ու այդ առնչությամբ պաշտոնական հաղորդագրությունները, այս անգամ էլ, բոլորին դարձրել են մեկնաբան, լրագրող, վերլուծաբան, հետաքննող, անգամՙ հետախույզ: Սակայն դիլետանտությունից դենը այս ամենը չի անցնում:

    Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե դիվերսանտնե՞ր են արդյոք հայկական կողմում հայտնված ադրբեջանցիները, թե «հայրենի կողմերն այցելելու խիզախություն ցուցաբերած» մարդիկ: Ակնհայտ է, որ զենքով, պատերազմող կողմի տարածքում հանգիստ խորոված անող որեւէ մեկը չի կարող հայրերի գերեզմաններին այցի գնացած շարքային քաղաքացի լինել: Ավելին, դիվերսիոն գործողությունների գնալիս ֆրակով ու շողշողացող սափրված դեմքով են հայտնվում այնպիսի մի վայրում, որտեղ մարդիկ ամեն օր ու ժամ հողի մշակ, չարչարվում են ու դեմքերին կրում կյանքի դժվարին պայմանների տառապանքի բոլոր հետքերը: Քարվաճառցի հովվի անհետացումը, ապա հրազենային վնասվածքներով դիակի հայտնաբերումը եւս չպետք է լիներ այնպիսի թեմաներից, որոնցով բոլորն են իրենց թույլ տալիս «վերին հարկի պատուհանի բացվածք» չափելու վարժանքներ անել:

    Որոշների համար կան ակնհայտ բաներ, որոշների համար էլ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու մղումը վերածվում է անհասկանալի մեկնաբանությունների ու հարցադրումների այն դեպքում, երբ ուղղակի կաթոլիկ լինելու ոչ գիտելիք ունեն, ոչ էլ կարողություն: Ի վերջո, տրամաբանությունը հրաշալի բան է, եւ պետք է երեւա, այլ ոչ թե ծառայեցվի ինչ-ինչ նպատակների, այն էլ այնպիսի մի թեմայի առնչությամբ, ինչպիսին հակամարտությունն ու մարդկային կյանքերն են եւ այնպիսի մի իրավիճակում, երբ առանց այդ էլ անկազմակերպ, դեսից-դենից տեղեկատվական հոսքը խուճապային, վտանգավոր տրամադրություններ է ստեղծում բոլորիս մոտ:

    Իհարկե, հարեւանների սիրողական մոտեցումն էլ է ակնհայտ շատ հարցերում, հատկապես, երբ նույն իրադարձություններին որեւէ կերպ արձագանքելու անհրաժեշտությունից դրդրված հայտարարում են, թե «ադրբեջանցիները եղել են Ադրբեջանի տարածքում»: Սա էլ իրավիճակներին անպատրաստության հարեւանների մոտեցումն է, երբ ամեն ինչ արվում է միայն մեկ սցենարով եւ որեւէ գործոնի փոփոխության դեպքում անպատրաստ վիճակում են հայտնվում: Ի դեպ, հայկական կողմում էլ այդ հարցում ոչ մի կերպ չեն փայլում պրոֆեսիոնալիզմով:

    Հակամարտության հարցում գիտակների առատությունը վերջերս նաեւ «հանրային դիվանագիտության» ոլորտ է ներթափանցել ինչպես հայաստանցիների, այնպես էլ այդ դիվանագիտությունը հովանովորողների, ֆինանսավորողների առումով: Վերջերս այնքան շատ են հակամարտության լուսաբանման թրեյնինգներ անցկացվում, այնպիսի բազմազան կազմակերպությունների կողմից ու այնպիսի բազմաբնույթ ֆինանսավորմամբ, որ տպավորություն կարող է ստեղծվել, թե աշխարհի դարդը Արցախն է ու նրա խնդրի լուծումը:

    Սա հենց այն թեման է, որտեղ դիլեմաները բազմաթիվ են, որտեղ մասնագիտական որակներն ու մարդկային, քաղաքացիական առանձնահատկություններն մշտապես հակադրվում են, ավելի հաճախ` բախվում, երբեմն էլ` հանգեցնում էթիկական լուրջ խնդիրների: Բայց արի ու տես, որ այսօր ով ասես այդ հարցով զբաղվում է, բավական չէ` ուրիշներին էլ փորձում է սովորեցնել:

    Ամենացավալին կրկին այն է, որ այս պարագայում էլ սիրողական մակարդակով գործ անողներն ավելի շատ են, քան մասնագետները: Մինչդեռ սա առավել քան վտանգավոր թեմա է, որին անդրադարձողները պետք է նախ պրոֆեսիոնալ լինեն, ունենան իրապես հավասարակշռված նկարագիր:

    Տեղեկատվությունը զենք է, եւ սա պարապ խոսք չէ: Այսօրվա պատերազմները ռազմադաշտերից արագորեն տեղափոխվում ու շարունակվում են տեղեկատվական դաշտում: Սարսափելի է, երբ պատերազմի ժամանակ կողքիդ կարող է հայտնվել մեկը, որ մանկության չիրականացած երազանքների խաղալիքի դերում օգտագործի զենքը: ճիշտ նույնքան վտանգավոր է, երբ այդ զենքը տեղեկատվությունն է:

  • ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՀԱՎԵԼՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»

    ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՀԱՎԵԼՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»

    Ա. Մ.

    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին երեկ, կառավարության նիստին, վարչապետի առաջարկով զեկուցեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

    «1994 թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի Հանրապետության վարած քաղաքականության հետեւանքով պարբերաբար ե՛ւ դիպուկահարների կրակոցների, ե՛ւ դիվերսիոն հետախուզական գործողությունների ձեւերով լարվածություն էր ստեղծվում առաջին գծումՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այս վերջին տարիներին այդ լարվածությունը տեղափոխվել է նաեւ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյանՙ Տավուշի մարզ», ասաց նախարարը ավելացնելով, որ միշտ տեղեկություն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակից նաեւ Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ եւ վերջին ժամանակահատվածում նաեւ որոշակի հետքեր կային:

    «Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներՙ բացահայտելու ներթափանցած խմբերը: Այդ միջոցառումների ընթացքում, համագործակցելով նաեւ Ներքին գործերի, Ազգային անվտանգության ծառայության հետ, բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ հետքերը եւ դրանց հետեւից գնալովՙ հայտնաբերել էին խմբի անդամներից մեկին: Դրանից հետո մենք համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք. հավելյալ անցակետեր, նաեւ հավելյալ ստորաբաժանումներ ուղարկվեցին այդ հատված եւ, համագործակցելով Պաշտպանության բանակի ստորաբաժանումների եւ նաեւ իրավապահ մարմինների ստորաբաժանումների հետ, բացահայտվեցին խմբի բոլոր անդամները, որոնք եղել են Քարվաճառի տարածքում», մանրամասնեց Սեյրան Օհանյանը: «Անկասկած, այդ միջոցառումների ընթացքում նաեւ բնակչությունը որոշակի մտավախություն ուներ, մանավանդ որ նախնական տվյալներով կար տեղեկություն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 17 տարեկան քաղաքացու սպանության համար կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, որը վերջինն էր հայտնաբերվել:

    Միջոցառումներն ամբողջությամբ իրականացված են, խմբի անդամները հայտնաբերված են, այսօր Պաշտպանության բանակի հրամանատարությունը հետորոնումային համապատասխան խնդիրներ է իրականացնում ե՛ւ առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու եւ ականապատման եւ այլ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, ե՛ւ ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն, իրոք, իր առջեւ դրված խնդիրները լուծում է, այսինքնՙ այն խնդիրը, որը պետք էր կատարել բանակի եւ իրավապահ մարմինների համագործակցությամբ, իրականացվել է», հավաստիացրեց պաշտպանության նախարարը, ավելացնելով, որ այժմ համապատասխան հավելյալ միջոցառումներ կիրականացվենՙ արդեն մեր բանակային զորամիավորման եւ պաշտպանության բանակի հրամանատարության միջեւ համագործակցության շրջանակում, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն: