Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ պատրաստվու՞մ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞՝ ոչ. Աշոտյան

ԱԺ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Եվրոպական Միության քաղաքական առաքելությունը հնարավոր է դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը: Հետևաբար, նրանք գալիս են այդ տարածքը «մոնիտորինգ անելու»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Փաշինյանի ելույթին և մեկնաբանել նրա հայտարությունների տողատակերը։

Նա գրել է.

«Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում արեց սենսացիոն հայտարարություն:

Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին պատրաստվու՞ մ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞՝ ոչ:

Այս հայտարարությունը սենսացիոն է մի քանի դրվագներով.

1. Մեզ երկար ժամանակ հրամցնում էին, որ ԵՄ առաքելությունը գալիս է Հայաստանին ադրբեջանական ագրեսիայից երաշխավորելու, Հայաստանի անվտանգությունն ամրացնելու, ադրբեջանական հնարավոր ոտնձգություններն արձանագրելու համար:
Փաստորեն՝ գալիս են, որպեսզի հակառակը տեսնեն ու համոզվեն, որ մենք ՝ հայերս, չենք պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա:

2. ԵՄ առաքելությանը վերագրել այդ թվում ռուսական զորքի շարժերը դիտելու և արձանագրելու ֆունկցիան աշխարհաքաղաքական կատարյալ աղետ է, որ հնչեց Նիկոլ Փաշինյանի շուրթերով:

Փաստորեն, ըստ Նիկոլի, գալիս են ոչ թե մեր անվտանգությունն ամրապնդելու, այլ ռուսական զորքի շարժը դիտարկելու համար:
Սրան ավելացրեք նաև երեկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարարի հայտարարությունը, որ Եվրոպական առաքելությունը Ադրբեջանի համար նույնպես պետք է շահավետ լինի։

Հիշեցնեմ նաեւ Խորվաթիայի ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունը, որ ԵՄ առաքելությունը ստատուս-քվոն որեւէ կերպ չի երաշխավորելու, և կհասկանաք, թե նիկոլենք հերթական ինչ գարշահոտ աջաբսանդալ են եփում մեր գլխին աշխարհաքաղաքական նման փնթի խաղերով»: