Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում. Արշակ Սրբազան

Շարունակում ենք կրել ցեղասպանական գործողությունների հետևանքները, դարձյալ հանդիպում որբացած երեխաների ծերացած դեմքերի, տեսնում ցավից գալարվող որդեկորույս մայրերի ցամաքած աչքեր, հայրենազրկված արցախահայերի թորշոմած հայացքներ, բանտերում ապօրինաբար պահվող և խոշտանգվող գերիներ, սեփական երկրում անպաշտպանությունից ու չքավորությունից կորացած մարդիկ։ Եվ նույն ժամանակ, այսօր, Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազար տարիներ հետո․
-տեսնում ենք մարդկային ցավի ու կարիքի նկատմամբ անտարբեր ու սնափառ հոգիներ, որոնք ինքնության ուրացման գնով փառք ու անձնական բարեկեցություն են փնտրում,
-տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում,
-տեսնում ենք խոսքի աճպարարներ, որոնք ազատության ու արդիականության զարդարանքի մեջ սանձարձակություն են տարածում,
-տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում:
Եվ սրանք բոլորը պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ։
Արշակ Սրբազան
