Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պետք է պահանջել հանրային վերահսկողություն և աուդիտ

Քաղաքային տրանսպորտում նորամուծությունների ֆոնին նկատվում է մի օրինաչափություն, որը բավականին խոր արմատներով կապված է ազգի ներանձնային շփման մշակույթի հետ։

Վճարման տերմինալներով անհաջող վճարում կատարող ուղևորին սկսում են բոլորը հետևել, որպեսզի և ոչ մեկը անվճար չօգտվի հանրային տրանսպորտից։ Առավել անհաջողակներին և պարզապես վճարումից խուսափողներին սպասում է խուլ ու համընդհանուր  պարսավանքը։

Սա նշանակում է՝  մեր քաղաքացին պահանջատեր է սոցիալական հարցերում և չի հանդուրժում որևէ կամայական կամ ոչ օրինական մոտեցում։

Այս իմաստով, սակայն, կա մի բայց։ Որքանո՞վ են հիմնավորված 2025 թվականի հունվարի 1-ից սպասվող և ազդարարված թանկացումները, ըստ որոնց՝ ուղեվարձը կազմելու է 300 դրամ։

Կա՞ արդյոք մեկ անձի փոխադրման ինքնարժեքի ուսումնասիրություն  կամ անկախ աուդիտ փորձաքննություն:

 Կարծում եմ՝ «ասեք, կանենք» գոռոցներով մայրաքաղաքի օդը տատանողներն առնվազն պետք է հետաձգեն ուղեվարձի թանկացումը և հրավիրեն անկախ աուդիտ։

 Հատկապես խորհրդանշական է այն փաստը, որ ընտրություններից առաջ «ասենք, կանենք» ճչացողների մի խումբ ներկայումս կալանավորված է բազմաթիվ յուրացումների և այլ հանցագործ արարքների հոդվածներով։

Հարգելի երևանցիներ, պատրաստվե՛ք  պաշտպանելու ձեր շահերը, ավել մի՛ վճարեք տրանսպորտի համար։

Իմիջիայլոց, Երևանի քաղաքապետարանում տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունները համակարգել և համակարգում է մի երիտասարդ չինովնիկ, որը ոչ մի օր  չի աշխատել տրանսպորտային համակարգում և չունի մասնագիտական համապատասխան որակներ։

«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ, տնտեսագետ Հրայր Կամենդատյան