Եվրանեսթի վեհաժողովին մասնակցած ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Երևանի Կապույտ մզկիթ։ Նրանցից մեկը սոցցանցերում հետևյալ գրառումն է արել. «Մենք Կապույտ մզկիթում էինք: Սա, որքան գիտենք, Ադրբեջանի միակ հուշարձանն է, որը պահպանվել է Երևանում։ Չնայած այն հանգամանքին, որ նրա պատերին կան այլ պետության մասին գրություններ, սակայն նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին մեզ են պատկանում։ Մենք զգացինք այս հարազատությունը, կարծում եմ, որ մզկիթն էլ է դա զգացել։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքը կատարել այս մզկիթում»:

Գրառումից կարճ ժամանակ անց ՀՀ-ում Իրանի դեսպանատունը թվիթերյան էջում դիվանագիտական նուրբ պատասխան է տվել ադրբեջանցի պատգամավորներին. «Իրանական արվեստի խորհրդանիշ հանդիսացող Կապույտ մզկիթը շատ ակտիվ դերակատարում է ունեցել վերջին երեք տասնամյակների ընթացքում որպես աղոթատեղի և հավաքատեղի Հայաստանում ապրող մահմեդականների համար, ինչպես նաև ունեցել է զբոսաշրջային գրավչություն: Շատ հաճելի է, որ դարավոր գրվածքները պահպանվել են: Կարո՞ղ եք դրանք կարդալ»:








