Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Փեզեշքիшնն ու Թրամփը՝ մոնտաժված… Ո՞վ է Իրանի տեսակետով՝ ԱՄՆ նախընտրելի նախագահը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկրորդ ժամկետով վերընտրվելու փորձից հրաժարվելուց հետո, շատերն են հարց տալիս, թե ո՞րն է լինելու ԱՄՆ ապագա նախագահներից Թեհրանի  նախընտրանքը

Այդ հարցի պատասխանը փորձել է տալ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին.
«ԱՄՆ-ում անձերի ու կառավարությունների փոփոխությունը Իրանի  համար էական չէ»:
Դրանով հանդերձ,  Քանանին կարեւորել է  Համատեղ Գործողությունների Համապարփակ Ծրագրին (ՀԳՀԾ)  ԱՄՆ-ի  պատասխանատու վերադարձը:

Այսպիսով,  պաշտոնական Թեհրանը չի թաքցնում 2018 թվականին  ՀԳՀԾ-ից միակողմանիորեն հրաժարված նախկին նախագահ եւ պաշտոնապես թեկնածությունն առաջադրած  Դոնալդ Թրամփի նկատմամբ իր հակակրանքը:

Նույնիսկ տեսակետ կա, որ Իրանի նախագահական ընտրություններում բարեփոխական Փեզեշքիանի հաղթանակին  աջակցելով՝ Թեհրանը ցանկացել է նվազեցնել Թրամփի օրոք Իրան-ԱՄՆ հնարավոր լարվածության ռիսկն  ու  չբացառել ԱՄՆ-ի հետ հնարավոր  բանակցությունները:

Այդ դեպքում, հարց է առաջանում՝ ինչպիսի՞ն կլինեն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունները:

Վերհիշենք Իրանում գործադիր իշխանության ղեկն ստանձնած  բարեփոխական նախագահ Հասան Ռոհանիի կառավարման ժամանակահատվածը, որի օրոք  Զարիֆ-Արաղչի-Սալեհի[*] եռյակին հաջողվեց   ԻԻՀ միջուկային երբեմնի թնջուկին 5+1 ձեւաչափով  միջազգային համաձայնագրի տեսք հաղորդել:

Այդ գործընթացը, մինչեւ Դոնալդ Թրամփի նախագահ դառնալը, բավականին հաջող էր:  Թրամփը 2018 թվականին որոշեց  միակողմանիորեն դուրս գալ այդ համաձայնագրից: Թեեւ համաձայնագրի մյուս կողմերը շարունակում էին հարգել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները, սակայն ԱՄՆ-ի՝ մեկը մյուսին հաջորդող պատժամիջոցների ու Իրանի նկատմամբ գործադրվող առավելագույն ճնշումների պատճառով, միջուկային համաձայնագիրը փաստացի խոր քուն մտավ:

Հակառակի պես, այս իրավիճակին հաջորդեց համաճարակը, որի պատճառով Իրանի տնտեսությունն անկում  ապրեց, որն ունեցավ նաեւ սոցիալ-քաղաքական հետեւանքներ: Դրա դրսեւորումներից էր 2019 թվականի նոյեմբերին  բենզինի ռացիոնալացման ու շեշտակի թանկացման  հետեւանքով երկրում դժգոհության ալիքի բարձրացումը: 

Եթե Թրամփի վերադարձը համընկներ   ավիավթարի զոհ դարձած ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի  ժամանակահատվածին, ապա Իրան-ԱՄՆ հարաբերություններում  իրավիճակի սրումն անխուսափելի կլիներ: Մասուդ Փեզեշքիանի ընտրվելը Թեհրան-Վաշինգտոն երկխոսությունն ակտիվացնելու առումով  Իրանի Իսլամական Հանրապետության համար հույսի աննշան աղբյուր կարելի է համարել:

Փեզեշքիանի մոտեցումները ՀԳՀԾ-ի նկատմամբ

Մասուդ Փեզեշքիանը մեջլիսի պատգամավոր եղած ժամանակ,  մշտապես  ՀԳՀԾ-ի ջատագովներից է եղել: 2017 թվականի դեկտեմբերին Մեջլիսի կողմից  ՀԳՀԾ-ի հաստատումից հետո նա ասել է. «Երբ,  որպես ՀԳՀԾ-ի մասին տեսակետ արտահայտող թիմի անդամ, մեջլիսում ներգրավվեցի այդ խմբի մեջ, մասնագետ չլինելու պատճառով իմ ընկալումը միայն այն էր, որ ՀԳՀԾ-ի բացակայության դեպքում, պատժամիջոցների պատճառով օրական հազար միլիարդ թուման վնաս ենք կրելու»:

2018 թվականին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի  հրաժարումից հետո, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք  Իրանը կշարունակի հավատարիմ մնալ Համաձայնագրով նախատեսված պարտավորություններին, Փեզեշքիանն ասել է, որ ինքը խնդրին ծանոթ չէ, բայց անվերապահորեն կկատարի  Հոգեւոր առաջնորդ Խամենեիի ընդունած որոշումները:

Այսօր, երկրի գործադիր իշխանության ղեկավարի դերում նախագահ Փեզեշքիանը ՀԳՀԾ-ի մասին  ասում է հետեւյալը.

«Բոլոր հանգամանքները հաշվի առնելով եւ ժողովրդի շահերը պաշտպանելու պայմանով, Իրանը միշտ է պատրաստ է եղել ՀԳՀԾ-ի շուրջ բանակցություններ վարել»:

Սակայն, Փեզեշքիանն այս անգամ  չի ասել, որ ՀԳՀԾ-ի հարցում շարունակելու է անվերապահորեն կատարել երկրի թիվ մեկ առաջնորդի ընդունած բոլոր որոշումները:

#
[*] –Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԻԻՀ  նախագահ Ռոհանիի օրոք Իրանի ԱԳ նախարարի պաշտոնն էր զբաղեցնում:

 –Աբբաս Արաղչին Իրանի փորձառու դիվանագետներից է, որն զբաղեցրել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնն ու մասնակցել ՀԳՀԾ-ի շուրջ ընթացող 5+1 ձեւաչափով բանակցություններին:

Ալիաքբար Սալեհին մասնագիտությամբ ֆիզիկոս է, եւ դիվանագիտությամբ զբաղվելուց բացի, եղել է նաեւ ԻԻՀ նախագահի՝ միջուկային էներգիայի հարցերով տեղակալը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Լուսանկարում՝ Փեզեշքիшնն ու Թրամփը՝ մոնտաժված