Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է փոխարինելու Իրանի բարձրագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին

Գրիգոր Առաքելյան
06/03/2026
- 06 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

ԱՄՆ-ի եւ Իսրայելի իրականացրած համատեղ հարձակումների հետեւանքով Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել իրավահաջորդության վերաբերյալ:

Մարտի 1-ի օդային հարձակումների ընթացքում Ալի Խամենեիի ֆիզիկական վերացումը Իրանի համար շրջադարձային իրադարձություն էր: Քաղաքական ասպարեզից հեռացավ մի գործիչ, որն ավելի քան երեք տասնամյակ երկրի բարձրագույն քաղաքական, ռազմական եւ գաղափարական հեղինակությունն էր:

86-ամյա հոգեւորականը կենտրոնացրել էր գրեթե անսահմանափակ իշխանություն՝ վերահսկելով զինված ուժերը, դատական համակարգը եւ արտաքին քաղաքականությունը: Սահմանադրությամբ հոգեւոր առաջնորդին վերապահված լիազորությունները, հետեւաբար նաեւ նրա որոշումները, գերակա էին իշխանական հիերարխիայի մյուս մարմինների ընդունած որոշումների նկատմամբ: Որպես առաջնորդ, պետության ղեկավար եւ գերագույն գլխավոր հրամանատար՝ նա վերջնական խոսքն ուներ զինված ուժերի եւ Իսլամական հեղափոխության Պահապանների Կորպուսի բոլոր հարցերում:

1989 թ. իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնիի մահվանից հետո երկրի Բանիմացների խորհրդի կողմից Ալի Խամենեիի ընտրությունն այդ պաշտոնում բազմաթիվ հարցեր էր առաջացրել անգամ «նորընտիր» առաջնորդի մոտ: Նա համեստորեն հայտարարում էր, որ արժանի չէ այդ պատասխանատու պաշտոնին եւ նույնիսկ նշել էր, որ «իր թեկնածության առաջադրման համար պետք է արյուն արցունք թափել»:

Խամենեիի կողմնակիցները նրան դիտարկում էին որպես ազգային ինքնիշխանության հաստատակամ պաշտպան արտաքին ճնշումների պայմաններում, մինչդեռ քննադատները նրան համարում էին անհաշտ քաղաքական համակարգի խորհրդանիշ, որը պայքարում  էր բարեփոխումների եւ բազմակարծության դեմ:

Ալի Խամենեիի մանկությունը, կրթությունը եւ քաղաքական գործունեության սկիզբը

Ալի Խամենեին ծնվել է 1939 թվականի ապրիլի 19-ին Մեշհեդում՝ համեստ եւ կրոնական ընտանիքում: Նախնական կրթությունն ստանալուց հետո նա շարունակել է կրոնագիտական ուսումնառությունը ծննդավայրում, ապա մեկնել Ղոմ՝ աստվածաբանական բարձրագույն կրթություն ստանալու համար: Նա հայտնի էր նաեւ պոեզիայի եւ գրականության նկատմամբ իր հետաքրքրությամբ:

1960-ականների սկզբին Ալի Խամենեին միացել էր Ռուհոլլահ Խոմեյնիի շարժմանը՝ ընդդեմ Մոհամմադ Ռեզաշահ Փեհլեւիի: 1963 թվականից սկսած՝ հակակառավարական հայտարարություններ տարածելու եւ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար նա մի քանի անգամ ձերբակալվել է:

1978-1979 թվականներին ժողովրդական բողոքների սրման եւ միապետության անկման ժամանակ Խամենեին այլ քաղաքական բանտարկյալների եւ աքսորյալների հետ վերադարձել է հանրային կյանք՝ կարեւոր դեր խաղալով Մեշհեդում եւ այլ քաղաքներում ցույցերի կազմակերպման եւ հեղափոխական նպատակների շուրջ հանրային կարծիքի ձեւավորման գործում:

Իշխանության վերելքը եւ առաջնորդության շրջանը

1979 թվականի հեղափոխությունից հետո Խամենեին դարձավ Հեղափոխական խորհրդի անդամ՝ նոր քաղաքական համակարգում զբաղեցնելով բարձր պաշտոններ: Նա եղել է պաշտպանության նախարարի տեղակալ, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի իմամ եւ խորհրդարանի պատգամավոր: 1981 թվականին, նախագահ Մոհամմադ Ալի Ռաջայիի սպանությունից հետո, Խամենեին ընտրվել է Իրանի նախագահ եւ մինչեւ 1989 թվականը պաշտոնավարել երկու անընդմեջ ժամկետ:

1989 թվականի հունիսին Բանիմացների խորհուրդը նրան ընտրեց որպես Խոմեյնիի իրավահաջորդ: Սահմանադրական փոփոխություններով նրա դիրքը իշխանական բուրգի գագաթում առավել ամրապնդվեց:

Թեեւ սկզբում Խամենեին դիտարկվում էր որպես անցումային թեկնածու, սակայն նա աստիճանաբար ամրապնդեց իր իշխանությունն ու մեծացրեց առաջնորդի աշխատակազմի ազդեցությունը գործադիր եւ օրենսդիր իշխանությունների նկատմամբ:

Նրա ղեկավարությամբ Իրանը արտաքին քաղաքականությունը կառուցեց ԱՄՆ ազդեցությանը դիմակայելու, տարածաշրջանային դաշինքները ընդլայնելու եւ ռազմավարական զսպման քաղաքականությունը պահպանելու սկզբունքների վրա: Միջուկային հարցը դարձավ Խամենեիի ղեկավարման տարիների հիմնարար մարտահրավերներից մեկը:

Արեւմուտքի հետ լարված հարաբերությունների հետեւանքով Իրանը ստիպված էր կրել տնտեսական պատժամիջոցների ծանր բեռը: Երկարատեւ բանակցությունների արդյունքում 2015 թվականին Թեհրանը ընդունեց  «Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր» (ՀԳՀԾ) համաձայնագիրը: Սակայն 2018 թվականին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս համաձայնագրից, ինչի հետեւանքով այն փաստացի փլուզվեց:

ԱՄՆ-ի հետ միջնորդավորված բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը ձգտում էր հասնել Իրանի կողմից ուրանի հարստացման զրոյական մակարդակի, մինչդեռ Թեհրանը պնդում էր պահպանել հարստացման իրավունքը եւ ամբողջապես  վերացնել պատժամիջոցները:

2026 թ. փետրվարի 17-ին իր վերջին ուղերձներից մեկում Խամենեին միջուկային էներգիան անվանել էր Իրանի «անբեկանելի իրավունքը» եւ քննադատել ԱՄՆ-ին՝ առավելապաշտական պահանջների համար:

Խամենեիի մահը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը ներգրավված էին այդ ձեւաչափով միջնորդավորված բանակցություններում:

Իրավահաջորդության սահմանադրական կարգը

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն, Գերագույն առաջնորդի մահվան, պաշտոնանկության կամ հրաժարականի դեպքում գործում է իրավահաջորդության հստակ կարգ: Նոր առաջնորդի ընտրությունը գտնվում է Բանիմացների խորհրդի իրավասության ներքո: Ժողովրդի կողմից ընտրված եւ բարձրագույն հոգեւորականներից կազմված խորհրդի 88 անդամները պարտավոր են հնարավորինս սեղմ ժամկետում ընտրել նոր առաջնորդ:

Մինչեւ նոր Գերագույն առաջնորդի ընտրությունը նրա լիազորությունները ստանձնում է Ժամանակավոր խորհուրդը, որը բաղկացած է երեք անդամից՝ Հանրապետության նախագահից, Դատական իշխանության ղեկավարից եւ Սահմանադրության պահապանների խորհրդի կրոնագետ (ֆաքիհ) անդամից, որն ընտրվում է Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի կողմից:

2026 թվականի մարտի 1-ի դրությամբ Ժամանակավոր խորհրդի կազմում ընդգրկվել են՝

– ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը,

– ԻԻՀ դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին,

– Պահապանների խորհրդի կրոնագետ (ֆաքիհ) անդամ Ալիռեզա Աարաֆին:

ԻԻՀ Սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն, առաջնորդի մահվանից մինչեւ Բանիմացների խորհրդի կողմից նոր առաջնորդի ընտրությունը վերոնշյալ երեք անդամից բաղկացած խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է առաջնորդի պարտականությունները:

Միեւնույն ժամանակ, խորհրդի լիազորությունները սահմանափակ են եւ որոշ հարցերում կարող են իրականացվել միայն Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի անդամների երեք քառորդի հավանությամբ: Այդ հարցերից են՝

– համակարգի ընդհանուր քաղաքականության սահմանումը,

– հանրաքվե անցկացնելու հրամանի արձակումը,

– պատերազմի կամ խաղաղության հայտարարումը,

– Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը,

– Գլխավոր շտաբի պետի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի, ինչպես նաեւ բարձրաստիճան ռազմական եւ ոստիկանության հրամանատարների նշանակումն ու ազատումը:

Սահմանադրությունը նախատեսում է Բանիմացների խորհրդի նիստ գումարել՝ նոր առաջնորդի ընտրության օրակարգով: Սակայն երկրում տիրող արտակարգ իրավիճակի եւ թեկնածության շուրջ առկա անորոշության պայմաններում  նիստի գումարումն առայժմ ձգձգվում է:

Որպես հավանական թեկնածու՝ առավել հաճախ շրջանառվում է Խամենեիի որդու՝ Մոջթաբայի անունը: Տարածվել են նաեւ տեղեկություններ, թե նրա ընտանիքը հրթիռակոծությունների զոհ է դարձել: Կան ենթադրություններ, որ նա եւս զոհվածների թվում է, սակայն այդ լուրը պաշտոնապես չի հաստատվել: Ներկայում նրա բացակայությունը բացատրվում է ընտանեկան սգի եւ կազմակերպչական հարցերով զբաղված լինելու հանգամանքով:

Բանիմացների խորհրդի անդամ Ահմադ Խաթամին իր հարցազրույցներից մեկում նշել է. «Մի անգամ Հոգեւոր առաջնորդն ինձ հավաստիացրել է, որ ապագան այսօրվա համեմատությամբ ավելի պայծառ է լինելու»: Նա հավելել է, որ ապագայի հանդեպ վստահությունը բխում է նաեւ մահմեդականների սուրբ գրքի պատգամներից, սակայն ընդգծել է, որ երկիրը գտնվում է պատերազմի մեջ:

«Իսնա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ահմադ Խաթամին հայտարարել է. «Ես ժողովրդին վստահեցնում եմ, որ երկրի հոգեւոր առաջնորդի ընտրության հարցում որեւէ խնդիր չի լինի: Ժամանակավոր խորհուրդն առայժմ ղեկավարում է երկիրը, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կընտրվի նաեւ նոր Հոգեւոր առաջնորդը»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

Ադրբեջանը ներգրավվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ. Վլադիմիր Մարտիրոսյան

Հաջորդ գրառումը

Բաքվի «հույսը խաղաղակամ Փաշինյանն է, այն ՀՀ-ն, որը չեն վերահսկում սփյուռքը կամ հզոր եկեղեցին»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Բաքվի «հույսը խաղաղակամ Փաշինյանն է, այն ՀՀ-ն, որը չեն վերահսկում սփյուռքը կամ հզոր եկեղեցին»

Լրահոս

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից

17/07/2026

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից: Այս մասին ArmeniaSputnik-ին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական