Լարում իրանա-աֆղանական հարաբերություններում

Օրերս Քաբուլում ԻԻՀ դեսպանության եւ Հերաթում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության շենքերի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցերի ու քարանետման պատճառով Իրանի արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի բաժնի ղեկավար Սեյեդ Ռասուլ Մուսավին կանչել է Թեհրանում Աֆղանստանի դեսպանատան հավատարմատարին եւ Թեհրանի բողոքը հայտնել տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ: Նկատենք, որ Իրանի ներկայացուցչությունների հյուպատոսական բաժինները դադարեցրել են իրենց գործունեությունը՝ մինչ Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության կողմից վստահեցնեն, որ Իրանի դիվանագիտական կառույցների անվտանգությունը ապահով է:
Հարցի շուրջ «Խորասան» օրաթերթը «Սադրանքներ՝ ուղղված Իրան-Աֆղանստան հարաբերությունները խաթարելուն» վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել, նշելով, որ ավելի քան մեկ ամիս համացանցում հրապարակվում են մեծ մասամբ կեղծ լուրեր եւ տեսագրություններ, որոնցում մեղադրանքներ են հնչեցնում Իրանում աֆղան ներգաղթյալների նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ: Դրա նպատակն է երկու ժողովուրդների միջեւ տարաձայնության սերմանումը: Կեղծ լուրերի թվում են՝ 25 աֆղանցի երիտասարդների կողմից Ղեշմ կղզում մի աղջկա բռնաբարությունը, աֆղան փախստականներ տեղափոխող մեքենաների վրա Յազդ նահանգի բնակիչների հարձակումը, Աֆղանստանից Իրան զինտեխնիկայի տեղափոխումը եւ այլն: Ըստ նշված օրաթերթի, այդ կեղծ լուրերի հեղինակներն արեւմտյան եւ հրեական կառույցների ֆինանսավորմամբ փորձում են տարաձայնություններ առաջացնել իրանցի եւ աֆղան ժողովուրդների միջեւ՝ հող նախապատրաստելու բախումների համար:
Ահա թե ինչու Իրանի ներքին գործերի նախարար Վահիդին եւ արտաքին գործերի նախարարության խոսնակ Խաթիբզադեն նախազգուշացրել են երկու երկրների հարաբերությունները խաթարելու փորձ անողներին: Վերջինս նաեւ հայտարարել է, որ իրանաֆոբիայի քաղաքականության շրջանակներում համացանցում հրապարակվում են տեսանյութեր եւ մեկնաբանություններ, որոնք վիրավորում են երկու ժողովուրդների զգացմունքները:
Եվ չնայած այն իրողությանը, որ ապրիլի 12-ին Խաթիբզադեն հայտարարեց, որ Աֆղանստանում ԻԻՀ-ի դիվանագիտական կառույցները բաց են եւ անխափան կշարունակեն իրենց աշխատանքը, այդուհանդերձ պետք է փաստել, որ կեղծ լուրերի տարածումը հանրային շրջանակներում ավելի մեծ արձագանք գտավ, քան պաշտոնական տեղեկատվությունը: Ավելին, Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանն իր դժգոհությունը հայտնեց դիվանագիտական առաքելությունների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների բացակայության կապակցությամբ, որոնք հյուրընկալող երկրի պարտականությունն են: Նախարարն աֆղանական իշխանություններից պահանջել է բացատրություն ներկայացնել իրանական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակման կապակցությամբ:
Այսպիսով, Թեհրան-Քաբուլ հարաբերություններում նկատելի է լարում, որը կարող է որոշ խնդիրներ առաջացնել տարածաշրջանում, եթե կողմերը չցուցաբերեն համարժեք քաղաքական վարքագիծ:
ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Իրանագետ
