Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսլամական աշխարհի սկզբունքներն ու վճռականությունը և դրանց համեմատ՝ մեր անպատրաստ լինելը

Դիվանագետը մինչև խոսելը, առնվազն երկու անգամ պետք է լռի։ Ուինսթոն Չերչիլի խոսքերը կարելի է տարածել անարդյունք թվացող,  իսկ  իրականում վտանգ պարունակող հանդիպումների վրա. Իր նոր հոդվածում գրել է «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանը։

Այս անգամ նա վերլուծել է իսլամական աշխարհի կրոնական բաժանումների հիմքի վրա ձևավորված աշխարհաքաղաքական շահերն ու հետաքրքրությունները՝ այդ համատեքստում անդրադառնալով Հայաստանի պահվածքին ու չօգտագործած հնարավորություններին։

Azg.am-ը ստորև ներկայացնում է Հրայր Կամենդատյանի հոդվածը.

Մարտի 8-ին, Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ։

ՀՀ ԱԳ նախարարը և Ալ-Ազհարի Գերագույն Իմամն ընդգծել են ազգային և կրոնական հողի վրա անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների անթույլատրելիությունը, կարևորել ծայրահեղականության և ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ջանքերը:

Գործուղումներից տուն չվերադարձող և,  ըստ էության,  անարդյունք հանդիպումների կողմնակից ՀՀ ԱԳՆ ղեկավարին փորձենք առաջադրել երկու հարց։

1.Երբվանի՞ց է ՀՀ ԱԳՆ ղեկավարը յուրացրել հոգևոր գործիչների հետ հանդիպումների մենաշնորհը:

Պետք է հիշել, որ էկումենիկ եկեղեցական համաշխարհային շարժման մեջ բացառիկ դերակատարում ունի հայ առաքելական սուրբ եկեղեցին,  և հայոց կաթողիկոսը միշտ էլ սպասված հյուր է եղել հոգևոր շփումների խաչմերուկում։

Մի՞թե ներկա իշխանությունների և հայ առաքելական սուրբ եկեղեցու միջև առկա սառնությունը նմանօրինակ հանդիպումներում պետք է հոգևոր առաջնորդի բացակայության պատճառ հանդիսանա:

Կարծում եմ՝ հայկական կողմի խոսքը կլիներ առավել ծանրակշիռ, եթե մեկտեղվեին երկրի հոգեւոր և աշխարհիկ ոլորտների ղեկավարների ջանքերը։

2. Իսկ կրոնական ինչպիսի՞ ուղղություն է դավանում Եգիպտոսը։ Մեր թվարկության 639 թվականին արաբական զորքերի արշավանքից հետո նվաճված Եգիպտոսում հաստատվել է իսլամ։

2022 թվականի տվյալներով՝  երկրի 80 մլն բնակչության 95 տոկոսն իսլամ է  դավանում,  5 տոկոսը  ղպտի, ուղղափառ, առաքելական քրիստոնեաներ են։

Կարեւոր է հիշատակել, որ Եգիպտոսում դավանում են իսլամի սուննի տեսակը, և 661 թվականին Ալի իմամի զոհվելուց հետո սուննի և շիա տեսակների բաժանված իսլամական աշխարհում առկա է խոր և համակարգային, դարավոր ատելություն երկու ուղղությունների դավանողների միջև։

Անշուշտ, հեշտ է շիա իսլամ դավանող Ադրբեջանի դեմ Եգիպտոսի սուննի կրոնապետից քաջալերող խոսքեր լսել, բայց պետք է հիշել, որ ներկա պայմաններում կա խոր հակասություն նաև մեր բարեկամ Իրանի շիա կրոնապետերի և Եգիպտոսի սուննի կրոնապետերի միջև։

Առանձին իրանական կրոնական ղեկավարներ մեծագույն դժկամությամբ են վերաբերվում Եգիպտոսի եվ Իսրայելի միջև համագործակցությանը՝ համարելով, որ Եգիպտոսը դավաճանել է Պաղեստինի ազատագրության գործին։

Եթե հաշվի առնենք  Իսրայելում ԱՄՆ պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունն Իրանի հասցեին, ապա, անկասկած, ՀՀ իշխանության բոլոր մակարդակների գործիչները,  նախքան որևէ հանդիպում և ձեռքսեղմում իրականացնելը,  պետք է երկար մտածեն և խորհրդակցեն տարածաշրջանն ուսումնասիրած մասնագետների հետ։

Որպես վերջաբան՝ հիշեցնեմ, որ հայկական պատմության մեջ միայն մեկ տիրակալ է ռազմաքաղաքական իմաստով համագործակցել իսլամական պետության հետ։ Դա Կիլիկյան Հայաստանի իշխան Մլեհն էր, որը Դամասկոսի և Հալեպի ամիրա Նուր էդ Դինի զորքերի հետ արշավում էր խաչակիրների պետությունների դեմ և գերի քրիստոնյաներին վաճառում Հալեպի ստրուկների շուկաներում։

Մլեհի այդպիսի կեցվածքը խստագույն դատապարտման  արժանացավ, որն էլ հանգուցալուծվեց նրա հեռացմամբ։

Կից տեղադրված է իմամ Ալիի դամբարանի պատկերը։