Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Գորշ գայլերը» հետամուտ են «զանգեզուրյան» միջանցքին

Անվտանգության հարցերով Իրանցի փորձագետ Խոդայար Սաիդ-Վազիրիի ուշադրությունից նույնպես չի վրիպել «Զանգեզուրյան» միջանցքի  թեման: Սակայն մինչեւ «Գորշ գայլերը հետամուտ են զանգեզուրյան միջանցքին» խորագրի ներքո այդ թեմային  անդրադառնալը, որը հրապարակվել է Iranian diplomacy կայքում, փորձագետը հարկ է համարել նախ քննության առնել թուրք-ադրբեջանական հարաբերությունների քաղաքական ու անվտանգային ասպեկտները:

Իրանցի փորձագետը նշում է, որ  Թուրքիայում առկա են  երկու խոշոր մաֆիոզ խմբավորումներ՝ «հարավային» մաֆիան, որը P.K.K-ի հետ մտերմիկ  հարաբերություններ ունեցող  քրդական խմբավորում է եւ  կոնֆլիկտային հարաբերությունների մեջ է երկրի կառավարող շրջանակների հետ: Մյուսը  «Հյուսիսային» կամ «Տրապիզոնի» մաֆիան է, որի ներկայացուցիչները  ցեղապաշտական  հակումներով  ծայրահեղ ազգայնական թուրքեր են   եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ սերտ կապեր ունեն:

Ըստ վերլուծաբանի, վերջինս պանթուրանիզմի գաղափարախոսության ջատագով   թուրքական նեոֆաշիստական   խմբավորում է, որը  ֆինանսավորում է «Գորշ գայլերին»՝ մաքսանենգ ճանապարհներով  զենք ու թմրանյութ տեղափոխելու եւ թրաֆիքինգով զբաղվելու համար:  

Ըստ հոդվածագրի, ելնելով պանթուրանիզմի գաղափարախոսությունից՝ Թուրքիայի ներկայիս կառավարիչները  հավատացած  են, որ Թուրքիայից մինչեւ Կասպից ծովի արեւելյան հատվածն ու   «Արեւելյան Թուրքիստան» կոչված տարածքներում  պետք է ստեղծվի թյուրքական կայսրություն, եւ այս գաղափարը պատճառ է դարձել, որ «Զանգեզուրի» միջանցքը չափազանց կարեւոր նշանակություն ունենա Անկարայի ու նրա մերձավորագույն դաշնակից  Բաքվի համար:  

Հստակ է, որ Իրանի ու Հայաստանի սահմանին գտնվող «զանգեզուրյան» միջանցքը Թուրքիային հնարավորություն կտա Նախիջեւանի միջոցով միանալ Կասպից ծովին, այնտեղից էլ ճանապարհ հարթել դեպի  արեւելք՝ Թուրքմենստան, Ուզբեկստան եւ այլուր:

Հեղինակը նաեւ ահազանգում է, որ Չինաստանից դեպի Թուրքիա ու Եվրոպա ձգվող ցամաքային տարանցիկ ճանապարհին փոխարինելու ներուժ ունեցող  «զանգեզուրյան» առանցքը գործելու է ի վնաս Իրանի տնտեսական շահերի: Սաիդ-Վազիրին նաեւ հիշեցնում է, որ հայ-իրանական սահմանը վերանալու դեպքում, Եվրոպայի հետ հաղորդակցվելու համար, Իրանը կարողանալու է օգտագործել միայն Թուրքիայի ճանապարհը եւ խախտվելու է տարածաշրջանում շահերի հավասարակշռությունը, որը հանգեցնելու է  անվտանգային ու քաղաքական բացասական  հետեւանքների:

Ըստ հեղինակի, «զանգեզուրյան» միջանցքի  գործարկումը մի կողմից կնպաստի Նախիջեւանի, Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսական բարգավաճմանը, մյուս կողմից բացասաբար կանդրադառնա Իրանի  Արեւելյան ու Ատրպատական նահանգների, ինչպես նաեւ  Արդեբիլ նահանգի տնտեսության վրա: Իսկ տնտեսական հավասարակշռության խախտումը  պանթուրքիստական քարոզչության տեսակետից լուրջ  սպառնալիք է Իրանի ազգային անվտանգության շահերին:

Ըստ փորձագետի, ներկայումս Թուրքիան  ավելի ավտորիտար ու ռազմատենչ համակարգ ստեղծելու ուղղությամբ է շարժվում: Սաիդ-Վազիրին նաեւ նշում է, որ Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը (MET), որն ստեղծման պահից մինչեւ 2016 թվականը, PKK-ի հետ առնչվելուց բացի,  որեւէ նկատելի առաջընթաց չէր գրանցել, ներկայիս ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝  MET-ի ղեկավար նշանակվելուց հետո  միայն վերածվեց խոշոր անվտանգության կազմակերպության, որի խոսքը վճռական նշանակություն ունի Թուրքիայի համար: Թուրքական անվտանգության կառույցի  այս հզոր ղեկավարին, ինչպես նշված է Սաիդ-Վազիրիի հրապարակած հոդվածում, KGB-ում համեմատում են Պուտինի հետ: Ըստ հեղինակի, Հաքանին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելուց հետո,  Թուրքիայի արտաքին քաղաքականությունն առավել քան երբեւէ վերածվել է անվտանգային համակարգի:  Հոդվածագիրը չի բացառում, որ ապագայում   Հաքան Ֆիդանը փոխարինելու է նախագահ Էրդողանին: 

Սաիդ-Վազիրիի համոզմամբ, կովկասյան տարածաշրջանում վերջին մեկ տարվա ընթացքում  թե՛ Հայաստանը, եւ թե՛ Ադրբեջանն ընդլայնում են ռազմական ու անվտանգային  կապերն իրենց դաշնակիցների հետ: Իսկ Կովկասում զենքի կուտակումներն այնքան մեծ ծավալների են հասել եւ  ռազմական գործողությունների ակտիվացումն այնքան ակնառու է, որ   վերլուծաբանը մոտ ապագայում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ  լայնածավալ պատերազմի հավանականությունը  չի բացառում: Նա ենթադրում է, որ այս հակամարտության մեջ  բախվելու են ո՛չ միայն հարեւան երկրների, այլ նաեւ արտատարածաշրջանային խաղացողների շահերը:  

Այս հակամարտության մեջ, ըստ փորձագետի, Ռուսաստանը կանգնած է լինելու Ադրբեջանի, իսկ Ֆրանսիան՝ Հայաստանի կողքին: Մյուս կողմից, Սաիդ-Վազիրիի բնորոշմամբ,  Պակիստանն  Ադրբեջանին իր արյունակից եղբայրն է համարում, իսկ Պակիստանի թշնամի Հնդկաստանը օգնում  է Հայաստանին: 

Սաիդ-Վազիրին այն կարծիքին է, որ   Կովկասը ներկայումս  տարբեր երկրների համար վերածվել է կռվախնձորի:  Հոդվածագիրը զգուշացնում է Թեհրանին, որ նման պայմաններում, համագործակցելով  Կովկասի հարցում համախոհ երկրների հետ, Իրանն աշխարհաքաղաքական փոփոխությունները կանխելու եւ հայ-իրանական պետական  սահմանը պահպանելու հարցում պետք է առավելագույն ջանք գործադրի:

Այնուհետեւ, վերլուծաբանն անդրադառնում է «զանգեզուրյան» միջանցքի հարցում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ծագած տարաձայնություններին, ինչն Իրանի մոտ լուրջ մտահոգություններ է առաջացրել՝ խնդիրը դարձնելով ավելի վիճահարույց: Ըստ հեղինակի, հարցը   Ռուսաստանի համար կարեւոր է նրանով,  որ Արեւելքն ու Արեւմուտքն իրար կապող այս միջանցքը ցամաքային փոխադրումների տեսակետից հավասարազոր է Սուեզի ջրանցքին, որը բացառիկ առավելություններ է տալիս միջանցքը վերահսկող երկրին: Տվյալ նախագծի գործարկման դեպքում, փորձագետի համոզմամբ, Ռուսաստանն ունենալու է ազդեցության լծակ, որը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո,  արտաքին առեւտուրը կազմակերպելու առումով, մեծ նշանակություն է ունենալու Ռուսաստանի համար:

Հեղինակը չի կարծում, որ Թուրքիան երկարաժամկետ կտրվածքով կարող է իրանցիների համար ներդրումներ կատարելու ապահով վայր հանդիսանալ, քանի որ մեծ հավանականությամբ այդ երկիրն  Իրանից աստիճանաբար հեռանալու միտում ունի: Եվ գործնականում երկու երկրների հակասությունները ռազմավարական առումով այնքան լուրջ կլինեն, որ Թուրքիայում  ներդրումներն իրանցիների համար ոչ շահավետ կդառնան:

Ամփոփելով միտքը, հեղինակը հայ-իրանական սահմանն իր կարեւրությամբ ու նշանակությամբ համեմատելի է համարում Իրանի ու Իրաքի միջեւ գտնվող Արվանդ-ռուդ  (Շաթ ալ-Արաբ)  սահմանային գետի հետ, որի անվտանգությունն ապահովելու համար Իրանը պետք է դիմի բոլոր միջոցների, այդ թվում՝ ռազմական:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նկարում` Խունջիկ-մունջիկ հարս ու փեսա…