Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի մշակույթը պաշտպանում են միայն անհատ նվիրյալները

08/04/2022
- 08 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ, Վերլուծություն

Արցախից 8.500 քկմ. տարածք Ադրբեջանին է անցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Դրանից հետո ադրբեջանական զինուժը շարունակել ու շարունակում է քայլելով զավթել Արցախի՝ հայկական, ավելի ճիշտ՝ ռուսական վերահսկողության տակ անցած պատառիկը: Միայն Աղդամի, Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններում 500-700 հուշարձան ենք ունեցել: Հայտնի չէ, թե դրանցից որքանն է այսօր «ողջ մնացել»: Իսկ ընդհանուր առմամբ Արցախում գույքագրված է եղել 5000 հուշարձան:

Ադրբեջանցիները դեռ պատերազմի ժամանակ էին պղծում, ոչնչացնում հայկական կոթողները եւ այդ տեսագրություններն անխնա տարածում: Ադրբեջանական վանդալիզմը դատապարտող մի քանի կոչերից բացի, մեր կողմից ոչ մի հետեւողական, նպատակային քայլ չեղավ: Վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նույնիսկ հայտարարեց, թե Արցախի պատմամշակութային հուշարձանների հետ կապված խնդիրը արտգործնախախարության դաշտում է, ոչ թե իր ղեկավարած գերատեսչության:Այսքանը:

Իշխանությունները ձեռքները լվացել են Արցախից, մնաց որ Արցախի պատմության ու մշակույթի հուշարձաններո՞վ պիտի հետաքրքրվեն:

Ադրբեջանական զինուժը մտավ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ, քայլելով գրավեց այն, անցավ Քարագլխի հատված, զավթեց նաեւ բարձունքը, որը ռազմավարական նշանակություն ունի: Բարձրավանդակը նվաճելով՝ բացվում են Ստեփանակերտի դարպասները. սա նվազագույն աղետն է:

Քարագուխ-Շիկաքար  տարածքը հիշատակվում է դեռ 9-րդ դարից: Այստեղ է Սահակ Սմբատյանի ամրոցը:

«Արցախի, Արցախի մելիքությունների ակունքները գալիս են 9-րդ դարից: Շիկաքարում հնավայրերի 4 տեսակ կա: Մեկը հենց բուն Շիկաքարն է, ժայռերի մեջ քարայրեր կան: Ազոխի արշավախումբը 2011 թվականին փորձել է դրանք հետազոտել: Շիկաքարի պարսպի հատվածները պարզ երեւում են:

Երկու լեռնաբազուկ կա, մի բազկի վրա Հին Շիկաքարն է, նաեւ Քարագլուխ անվամբ հին գյուղատեղիները՝ երկու եկեղեցիներով: Բուն Շիկաքարի գերեզմանոցը հասնում է մինչեւ 20-րդ դարի կեսեր: Այսինքն՝ այնտեղ կան ոչ միայն հին, այլեւ նոր շիրմաքարեր՝ հայերեն արձանագրություններով: Կան նաեւ 13-րդ դարի, օրինակ՝ 1253 թվականի խաչքարեր՝  հայերեն արձանագրությամբ:

Հայտնի չէ, թե Քարագլուխ-Շիկաքար տարածքում ադրբեջանցիները որտեղ են, մինչեւ ուր են  հասել, բայց մի բան պարզ է, որ այդտեղ մենք ունենք բազմաթիվ հուշարձաններ, որոնց ճակատագիրն անհայտ է»,- ժամանակին Արցախում արված լուսանկարները ցույց տալով ու դրանց հիման վրա բացատրելով՝ ասում է հնագետ Համլետ Պետրոսյանը:

 Ադրբեջանցիների հերթական տեսագրությունը սենսացիա առաջացրեց: Նրանք քանդել-ավերել են Ասկերանի շրջանի  Փառուխ գյուղի «Կալեն խութ» կոչվող 9-12-րդ դարերի հայկական գերեզմանոցը, հողի տակից մարդկային ոսկորների, գանգի մնացորդներ հանել ու ներկայացրել, թե իբր դրանք 1992 թվականին Իվանյան (Խոջալու) գյուղում  սպանված ադրբեջանցիների մնացորդներն են: Տեսանյութը հրապարակեց AZTV ադրբեջանական հեռուստաընկերությունը:

«Կատարյալ հիմարություն է: Նախ, այդ ոսկորներն արդեն քարացման պրոցեսում են, ինչը նշանակում է, որ դրանք առնվազն 200-300 տարվա են, եթե ոչ ավելի:  Որոշ լուսանկարներում   ցուցադրված է նաեւ քարարկղը, որը բնորոշ է վաղ քրիստոնեական ժամանակների հայերին՝  մինչեւ 9-րդ դար»,- ադրբեջանցիների հերթական կեղծարարությունը բացահայտող մասնագիտական մեկնաբանություն տվեց Համլետ Պետրոսյանը:

Ադրբեջանցիները նման հերյուրանքներով կարող են կերակրել սեփական հանրությանը, բայց ոչ երբեք մասնագետներին: Առանց լաբորատոր հետազոտության, հնագետներին մի լուսանկարն էլ բավական է, որպեսզի մասնագիտական հստակ նկարագիր, պատմություն, ժամանակագրություն ներկայացնեն:

Բնականաբար, մենք, լինելով ոչ մասնագետ,  էմոցիոնալ վերաբերմունք ենք դրսեւորում այսօրինակ կեղծարարությունների ու վանդալիզմի նկատմամբ, զայրանում, միայն մեզ համար լսելի արդարության ձայն բարձրացնում: Իսկ մասնագտները՝ լինեն հայ, թե օտարազգի, անգամ ադրբեջանցի, անմիջապես են տեսնում  կեղծիքն ու խաբեությունը: Եվրոպացի կամ ամերիկացի միջին վիճակագրության հնագետն ադրբեջանցիների ներկայացրած «Խոջալուի ջարդերի զոհերի» ոսկորներն ու գանգերը տեսնելիս առնվազն կծիծաղի, որովհետեւ արդեն քարացող ոսկորների մնացորդները չեն կարող 30 տարվա լինել:

Իվանյան (Խոջալու) գյուղը Փառուխից 17 կմ հեռու է: Ադրբեջանցիների կարճ խելքով՝  հայերը Խոջալուից ադրբեջանցիների մարմինները 17 կմ բերել-հասցրել են Փառուխ, որ այնտե՞ղ թաղեն, այն էլ՝ եղբայրական գերեզմանոցում: Զավեշտալի այս կեղծարարությանը հաստատ իրենք էլ չեն հավատում, որովհետեւ հայտնի ճշմարտություն է, որ Խոջալուի մարտերի ժամանակ մարդասիրական միջանցք է բացվել, եւ ադրբեջանցի բնակիչները դուրս են եկել գյուղից: 1992 թվականին  Ադրբեջանական ընդդիմության զինված խմբերը Խոջալուից Ակնա հասած իրենց հայրենակիցների զանգվածային կոտորած են ձեռնարկել՝ նպատակ ունենալով այդ հանցագործությունն օգտագործել իշխանափոխության համար: Սա խոստովանել է նաեւ Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ, օրերս մահացած Այազ Մութալիբովը:

Բայց հիմա ադրբեջանցիները պետական մշակված ծրագրով շահարկում են անգամ պատմական կեղծարարությունն ու դավադրությունը:

«Մենք ցավոք, այսօր մշակութային կազմակերպված, մշակված քաղաքականություն չունենք, հետեւաբար չկան նաեւ դրա իրագործման մեխանիզմները: Հայաստանյան պատկան մարմիններն իրենց այնպես են պահում, ասես ո՛չ պատերազմ է եղել, ո՛չ կորուստներ ենք ունեցել: Չկա պետական մի մարմին, որն Արցախի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քաղաքականություն վարի:

Որպես մշակութաբան՝ ասում եմ՝ հայաստանյան իշխանությունները մի կողմ են քաշվել. թե՞ չեն հասկանում, շփոթված են, թե՞ կարծում են՝ այսօր ուժերն այնքան անհավասար են, որ որեւէ արմատական պահվածք կարող է նոր հակամարտության տեղիք տալ: Չգիտեմ:

Մշակութային ժառանգության հետ կապված՝ չկա մի օրենք, որը թույլ չտա՝  նույնիսկ  թշնամու հարձակման տակ չկարողանանք պաշտպանել մեր մշակույթի իրավունքը: Անկախ այն բանից՝ երկիրը ճանաչված է, թե ոչ, մշակույթի իրավունքը կա, մշակույթը պաշտպանելու իրավունքը  ոչ ոք չի կարող խլել: Նույնն է, թե մեկը զինված հարձակվի տանդ վրա, բայց դու ձեռքիդ ունեցած դանակով չփորձես պաշտպանվել: Մենք ունենք մեր անձը, ունեցվածքը, տունը, ինքնությունը, արժանապատվությունը, մշակույթը պաշտպանելու իրավունք»,- պնդում է Համլետ Պետրոսյանը:

Մեր մեկնակետը պետք է լինի հենց այդ իրավունքը: Եթե փորձենք պաշտպանել Արցախը, արցախցուն, Արցախի հողը, մշակույթը, միջազգային կոնվենցիաները, բոլոր օրենքներն էլ մե՛զ կպաշտպանեն: Չպաշտպանվողին ոչ ոք չի սատարում: Նա, ով վախենում է, ավելորդ զգուշավորություն է դրսեւորում, անհամարձակ է, բոլորի կողմից կարժանանա արհամարհանքի ու անուշադրության:  Օգնում են նրան, ով ինքն իրեն է օգնում:

Հայաստանի իշխանությունները, պետական կառույցները երես են թեքել Արցախից ու Արցախի մշակույթից, բայց առանձին գիտնականներ իրենց տեղում գործ են անում  նաեւ պետության փոխարեն:

Monumentwach. օrg հարթակում  շաբաթական երկու հնավայրի մասին է պատմվում: Գիտական փաստերով ներկայացվում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը: Այդ վկայություններից օգտվում են անգամ ադրբեջանցիները, որովհետեւ հայ հետազոտողները տեղեկություններ են հաղորդում նաեւ Արցախի մահմեդական հուշարձանների մասին:

«Եթե Արեւմուտքը հումանիտար սկզբունքներ է  հռչակել, ուրեմն մեր  ջանքերը պետք է տեղ հասնեն: Մեր իշխանությունները չեն կանչում ինձ կամ մեկ այլ հնագետի՝ խորհրդակցելու, հարցնելու, թե այսպիսի իրավիճակում ի՞նչ կարելի  է անել, մշակութային ի՞նչ քաղաքականություն վարենք: Միայն ակնարկում են, որ զուսպ լինենք»,- նկատում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 16 տարի Ակնայի Տիգրանակերտը պեղած Համլետ Պետրոսյանը:

Արցախի ԿԳՄՍ նախարարության պատվերով նա տպագրել է «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» քառալեզու գրքույկը, որտեղ ներկայացված է Ադրբեջանի քաղաքականությունը 1950-ականներից մինչեւ մեր օրերը՝ ներառյալ 44-օրյա պատերազմը: Լուսանկարներով, համառոտ տեքստերով պատմվում է, թե ինչ հուշարձաններ կան Արցախում, եւ Ադրբեջանը դրանց նկատմամբ ինչ է արել ու անում:

Համլետ Պետրոսյանը վստահ է, որ ադրբեջանական հարձակման հաջորդ թիրախը խաչքարերն են լինելու, որովհետեւ դեռ անցյալ դարից սկսած՝ Ադրբեջանը շահարկումների է  ենթարկել այն, որ Արցախն ու Ուտիքը երկար ժամանակ եղել են Աղվանից եկեղեցու կազմում:  Նրանք շուտով հայտարարելու են, թե Արցախի խաչքարերը ոչ թե հայկական են, այլ աղվանական: Ադրբեջանն  ընդունակ է  նաեւ այսպիսի ցնդաբանության:

Հնագետ Համլետ Պետրոսյանն ադրբեջանական հերթական կեղծարարությանն արդեն  նախապատրաստվել է: Հավաքել է հայկական խաչքարերի վրա գրված 50 անձնանուն: Անհնար է դրանք կեղծել  ու ասել, թե խաչքարերն աղվանական են: Փաստերը շատ զորեղ են, բայց  պետք է դրանք հենց այսօր հրապարակել, ուսումնասիրությունները ներկայացնել, որպեսզի ադրբեջանցիները չհասցնեն  Արցախի խաչքարերի հայկական լինելը կասկածի տակ դնող բարբաջանքները տարածել:

 ՆԱԻՐ  ՅԱՆ

Նախորդ գրառումը

«Ազգ»ի գրադարանը ստացավ

Հաջորդ գրառումը

Հիմնական զինատեսակները, որոնք Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Հաջորդ գրառումը

Հիմնական զինատեսակները, որոնք Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայում

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական