Գեղանկարչի «Անվերջ վերադարձը» հայրենի Գյումրի
Մայիսի 16-ին Սամվել Սեւադայի գեղանկարչական գործերի «Անվերջ վերադարձ» խորագրով անհատական հետահայաց ցուցահանդեսը բացվեց Գյումրիում՝ «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի ցուցասրահում: Ներկայացված են արվեստագետի տարբեր տարիների ստեղծած ութ տասնյակից ավելի մեծակտավ աշխատանքներ:
Քաղաքիս ծնունդ արվեստագետները որտեղ էլ որ ապրելիս լինեն, պարբերաբար գալիս են հարազատ օրրան՝ իրենց հոգու պարտքը տալու ու նաեւ հոգեւոր նոր լիցք ստանալու: Այս իմաստն ունի նաեւ Սեւադայի ներկա ցուցահանդեսի խորագիրը: Գեղանկարիչ, լուսանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադան նաեւ բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, ու նրա շատ գեղանկարներ իր բանաստեղծությունների տողերով են կոչվում եւ դրանց տրամադրության արտահայտություններ են: Հիմնական թեմաներն են, ինչպես ինքը նշեց, մարդն իր զգացմունքներով, հայրենի բնությունը, քաղաքային տեսարանները, իր սիրած գրական հերոսները, ուրույն տեղ ունեն հոգեբանական խորք ու խոհով կանացի կերպարները:



Ցուցահանդեսի բազմամարդ բացման ժամանակ, որին նկարչի բարեկամ եւ արվեստասեր համաքաղաքացիներից բացի ներկա էին նաեւ հյուրեր մայրաքաղաքից, հանրապետության տարբեր վայրերից, արտերկրից, նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը Սամվել Սեւադայի ամեն աշխատանքը սիրո մի դրվագ որակեց: Իսկ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը մասնավորապես նշեց, թե գյումրեցիների եւ այս քաղաքը հավանողների համար սա սիրված միջավայր կլինի, որովհետեւ ամեն մեկը կարող է երկխոսել այս կտավների հետ, գտնել իր թաղը, գտնել իր հիշողությունը, իր մանկությունը:
Գեղանկարչական այս ուշագրավ ցուցահանդեսն այցելու արվեստասերների առջեւ բաց կլինի ամբողջ մեկ ամիս՝ մինչեւ հունիսի 16-ը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ









